×


Նարինե Գրիգորյան՝ Հետաքրքիր փաստեր «Կյանք ու կռիվ 2» ֆիլմից

Նարինե Գրիգորյանի համար 2017 թվականը հագեցած է լինելու պրեմիերաներով: Թատերական բազմաթիվ ներկայացումներում զբաղված բեմադրիչ-դերասանուհին վերջին երեք տարում նկարահանվել է 7 ֆիլմում, որոնց մեծ էկրան կբարձրանան այս տարի։ Առաջինը «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» կինոնկարն է։ BRAVO.am-ի հետ զրույցում Նարինեն պատմել է այս ֆիլմում կադրից դուրս աշխատանքի, ռեժիսորի ստեղծած մթնոլորտի, նաեւ արցախյան պատերազմի մասին իր նախաձեռնած բեմադրության մասին։

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի նկարահանումներին


Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի քասթինգին նախկինում մեկ անգամ չեմ ընտրվել, եւ երբ երկրորդ անգամ առաջարկ ստացա, մտածում էի՝ նորից չեմ ընտրվի, բայց նույն օրը երեկոյան ինձ գրեց, որ Սոֆիի դերում հաստատված եմ։ Միայն հետո ասաց, որ սցենարում այդ կերպարը ստեղծել է ինձ հիշելով ու նկատի ունենալով։ Ի սկզբանե պարզ էր, որ ես կմարմնավորեմ մեծահասակ Սոֆիին, իսկ առաջին մասում երիտասարդ աղջիկ էր հարկավոր։ Տեսնելով Էլեն Սարգսյանին՝ ուրախացա ռեժիսորի ընտրության համար, նա իսկապես շատ լավն է։

Ֆիլմում կարեւոր է սցենարը, իսկ այս ֆիլմի սցենարը հրաշալի է գրված։ Եթե ինձ հարցնեք, թե ինչով է տարբերվում առաջին մասը երկրորդից, կպատասխանեմ՝ նույն կերպ, ինչով տարբերվում է նույն մարդը 20 եւ 45 տարեկաններում։ Երիտասարդ ժամանակ զգացմունքային ու բուռն է, սակայն կյանքի փորձ չունի, իսկ հասունության մեջ իմաստնություն ու արժեքների վերագնահատում կա, բայց երիտասարդության գժությունը գուցե չկա։ Եթե դիտողը սիրել է հերոսներին, կարծում եմ՝ հասուն ժամանակ էլ կսիրի։

Մեկ կարեւոր փաստ կա. սա այն դեպքը չէ, երբ արհեստական ստեղծում են երկրորդ մասը։ Սովորաբար, առաջինի հաջողությունից հետո հորինում են 2-րդ մասը, որը զիջում է առաջինին։ Իրականում Մհերը միանգամից է գրել ամբողջական սցենարը, այնուհետեւ բաժանել երկու մասի։ Ռեժիսորը յուրաքանչյուր դերասանից ստանում էր առավելագույնը, կարողանում էր այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ բոլոր օղակները լիովին աշխատեն։ Թատրոնում ինքս բեմադրում եմ, բայց նրա հետ աշխատելիս ինձ բոլորովին ռեժիսոր չեմ համարել. կինոլորտից շատ-շատ բաներ տեղում սովորել եմ ու նվիրված աշխատել։

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը շուտով մեծ էկրան կբարձրանա


Չեմ անհանգստանում՝ նորն արդյոք առաջինի նման հաջողություն կունենա, թե՝ ոչ։
Երկրորդ մասում պատերազմից 25 տարի անց երեւում է, թե ինչ ենք կորցրել, ինչ գտել ու ինչ ենք դարձել։ Այդ ամբողջի պատասխանը մեր երկրի ներկան է։ Մհերը սյուժեում ներառել է ապրիլի պատերազմը, բայց պիտի նշեմ, որ դրանից առաջ սցենարը կարդացել էի, նա որոշ երեւույթներ, կարծես, կանխագուշակել էր։ Նա կարողանում էր նկարահանման վայրում, հանգամանքներից ու երկրի իրավիճակից ելնելով, փոխել սցենարը, պատրաստ էր լավ միտքը կորցնել հանուն մեկ այլ կարեւոր գաղափարի. հիացած եմ նրա ճկունությամբ։ Ֆիլմը նաեւ արժեքավոր է, որովհետեւ այժմյան իրականության մասին է։

Դերասանական կազմում են Բաբկեն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Շանթ Հովհաննիսյանը, Դիանա Մալենկոն, Արմեն Մարգարյանը եւ ուրիշներ։ Համր Սոֆիին մարմնավորելու համար Էլենի եւ մյուսների հետ հաճախել եմ դասերի, որ կարողանամ ճիշտ հաղորդակցվել ժեստերի լեզվով։ Թարգմանչուհի Անուշ Սարգսյանի միջոցով կարողացանք մեր դերի սահմաններում տիրապետել լեզվին։

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի նկարահանումներին


Ես տեսել եմ Արցախի պատերազմը. մանկությանս մի մասն է։ Երբ Ղարաբաղյան շարժումը սկսվեց, ընտանիքով տեղափոխվեցինք Արցախ, մոտ 4 տարի այնտեղ ենք ապրել։ Վերջերս այդ թեմային անդրադարձը շատ է, միգուցե ճիշտ է, որ հիմա ենք անդրադառնում, կարողանում ենք մեր ապրածը կողքից նայել ու գնահատել։ Կարծում եմ՝ նախկինում ֆիլմեր չեն նկարվել, որովհետեւ թարմ էին վերքերը, չէինք կարող օտարանալ այդ ամենից, որ հավաստի նկարահանվեր։

Որոշել եմ Արցախյան ազատամարտի թեմայով բեմադրություն անել Համազգային թատրոնում։ Այն վավերագրական ժանրում է, աշխատանքային վերնագիրն է՝ «Հաղթանակի գենեզիս»։ Այդ բեմադրությունը նվիրելու եմ հայրիկիս հիշատակին։ Պիեսը գրել է Սառա Նալբանդյանը, ըստ սյուժեի՝ ես, Արման Նավասարդյանն ու Վարշամ Գեւորգյանը պատմում ենք, թե մեր մանկական աչքերով ինչպես ենք ընկալել պատերազմը, ես՝ Արցախում, Արմանը՝ Շամշադինում, Վարշամը՝ Երեւանում։ Մեր մանկությունը համընկել է Արցախյան պատերազմի հետ, որոնք տարբեր են ու երբեմն խաչվում են։ Պատմում ենք մեր փոքր հաղթանակներից, կարծում եմ՝ այդպես է ստեղծվում մեծ հաղթանակը։ Ասելիքի մեջ ողբերգական երանգ չկա. սա մեր մանկությունն է, բոլորովին այլ աչքով ենք նայել, մեզ համար երջանիկ է անցել, ուրիշ հարց է, որ իրականությունը ծանր էր եւ մանկությունը խաթարվում էր պատերազմի դառնությամբ։ Կարեւոր ասելիք ունի. հորդորում ենք՝ «հույսդ քեզ վրա դիր, հաղթահարիր դժվարությունն ու հաղթիր»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Նարինե Գրիգորյանի եւ «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին