×


Նարինե Գրիգորյանը` Սերգեյ Թովմասյանի մուսա :)

Համազգային թատրոնի դերասան Սերգեյ Թովմասյանը ներկայանում է երկրորդ անհատական ցուցահանդեսով: Դերասանի ստեղծած փայտե արարածները տեղ են գտել Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ճեմասրահի պատերին:

Սերգեյ Թովմասյանը եւ Նարինե Գրիգորյանը


Սերգեյի խոսքով` առաջին նմուշը ստեղծել է Միացյալ Նահանգներում, երբ իր բարեկամների տանը տեսել է մի հին գեղեցիկ պահարան, որը պետք է հայտնվեր աղբարկղում, մինչդեռ նա կանխել է ու նոր շունչ տվել փայտին. “Վերցնելով փայտի կտորները` կտրեցի, տաշեցի, ստացվեց “Ընտանիք” կոչվող շարքիս առաջին գործը”, - BRAVO.am-ին պատմել է դերասանը` հավելելով, որ ամենից շատ սիրում է կնոջ մարմին ստեղծել.“Կինն իր մեջ հետաքրքիր շարժ ունի: Նարինեն նկատել է, որ քանդակելիս կնոջը միշտ վերեւ եմ պատկերում: Երբ նկարում եմ էսքիզը, ձեռքերս սկսում են քոր գալ, սպասում եմ լուսաբացին, որովհետեւ գիշերը չեմ կարող գործիքներով խանգարել մյուսների քունը: Շատերը կարծում են` մեծ արհեստանոց ունեմ, բայց իմ աշխատասենյակը խոհանոցի սեղանն է”:

Տիկնիկային թատրոնում ցուցադրվում են Սերգեյ Թովմասյանի հեղինակած քանդակները


Նարեկացի արվեստի միությունում կայացած առաջին ցուցահանդեսից հետո նրա առաջին քանդակները գնել են Լոնդոնից եւ Փարիզից` մասնավոր հավաքածուներում ընդգրկելու համար, իսկ այս ցուցահանդեսին դերասանը ներկայացրել է վերջին շրջանում ստեղծած 30-ից ավելի աշխատանք:

Բեմադրիչ-դերասանուհի Նարինե Գրիգորյանն ամուսնու մուսան է, նա ե՛ւ ոգեշնչում է, ե՛ւ քննադատում նրա աշխատանքները.“Սովորաբար, ինձ առաջինն է ցույց տալիս էսքիզները, բայց վերջում իր գծագրածից այլ բան է քանդակում, ես էլ մի քիչ բարկանում եմ, բայց հասկանում, որ փայտի հետ աշխատանքի արդյունքում ուրիշ կերպարներ են ծնվում”:

Տիկնիկային թատրոնում ցուցադրվում են Սերգեյ Թովմասյանի հեղինակած քանդակները


Նարինեն նաեւ պատմել է իր ամենասիրելի` “Մի լքիր ինձ” քանդակի ստեղծման պատմությունը.“Այն տանը, որտեղ պետք է ապրեինք, հին դուռ կար, որը Սերգեյը հանեց եւ դրանից տանտիրոջ համար որպես խորհրդանիշ պատրաստեց աղջկա եւ տղայի քանդակ, որն էլ շատ ճանաչվեց: Իլիկ մանող զույգն էլ, կարծես, ես ու Սերգեյը լինենք, որովհետեւ կինը հողից կտրված է, իսկ ես այդպիսին եմ: Նրա մոտ աղջիկները միշտ թռչում են, շատերն էլ ասում են, որ կազմվածքով ինձ են նման”:

Ի դեպ, Սերգեյի քանդակների շարքում ուրույն տեղ ունի թատրոնը, ավելին` նա քանդակել է այն ներկայացումները, որտեղ Նարինեն մասնակցություն ունի, որոնցից են` “Թռիչք քաղաքի վրայով, “Դզին”, “Բյոֆ-բուի”, “Ռոսինանտ” : Ներկայացված քանդակները կարող եք անձամբ գնահատել` այցելելով թատրոն:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին