×


Նարինե Մկրտումյան.«Կոտրված էի բաժանման պատճառով»

Նարինե Մկրտումյանը «4 տարբերակ» խմբի փլուզումից հետո շարունակեց երգել ակումբում, սակայն անհատական կարիերա չստեղծեց: Երգչուհին այսօր երկու երեխայի մայր է, որոնց հետ էլ օրերս լուսանկարվել է BRAVO.am-ի ֆոտոշարքում, իսկ անկեղծ զրույցի ընթացքում պատմել է, թե ինչ դժվարությունների միջով է անցել եւ ապագայի ինչ պլաններ ունի:

Նարինե Մկրտումյանը` երեխաների հետ


Ակումբային աշխատանք

Այս շրջանում աշխատում եմ ակումբում, վոկալ եմ դասավանդում, հրավերների դեպքում երգում եմ նաեւ ռեստորանային համալիրներում: Նորմալ գումար եմ վաստակում, բայց հիմա երազում եմ բարեգործական որեւէ համերգի մասնակցել, շփվել հանդիսատեսի հետ եւ ծափեր լսել: Թեեւ ժամանցի վայրերում ամեն օր ելույթ ես ունենում 200-300 հոգու առջեւ, սիրված ես, անունդ անընդհատ հնչում է, միեւնույն է` համերգի էներգետիկան ուրիշ է:

Ակումբում ստիպված երգում ես նաեւ այնպիսի գործեր, որոնք հաճախ փնովել ես եւ անճաշակություն համարել: Եթե հրաժարվես կատարել այցելուների պատվերները, մեկ, երկու, էլ չես աշխատի: Բացասական կողմերից է նաեւ ուշ ժամի տուն գնալը, երեխաների հետ քիչ ժամանակ անցկացնելը:

«Չէի հասկանում` ինչ պիտի անեմ»

«4 տարբերակ» խմբի լուծարումից հետո երկու զուգերգ եմ ձայնագրել Վարդան Բադալյանի եւ Սարգիս Առաքելյանի հետ, հետո դադար եղավ, ու չեմ կարող ասել, թե ինչու չշարունակեցի: Երեւի չէի հասկանում` ինչ պիտի անեմ, կամ կոտրված էի բաժանման պատճառով, մի շրջան նույնիսկ չեմ երգել: Եթե անկեղծ ասեմ, ինձ մոտ ժողովրդական երգելն էլ է լավ ստացվում, կողմնորոշվելու խնդիր ունեի: Երբ մատուցում ես այն, ինչն այժմ տարածված է, ասում են` դրանից շատ ունեն, իսկ եթե նոր բան ես անում, չի ընդունվում, ստացվում է` անիմաստ ներդրում ես կատարել:

Նարինե Մկրտումյանը


«Ով փորձի, ինձ հետ գործ կունենա»

«4 տարբերակ»-ը փլուզվեց Գոհար Հովհաննիսյանի դուրս գալու պատճառով: Իր որոշումն էր, եւ մենք իրավունք չունեինք խառնվելու: Գոհարը մեր էստրադային կատարումները համեմում էր ժողովրդական տարրերով, ինքնատիպ էր դարձնում: Երեքով նոր երգի տեսահոլովակ ներկայացրինք, որը չսիրվեց. մի տեսակ կիսատ էր, ու դրանից հետո խումբն անկում ապրեց: Ինչ վերաբերում է հարաբերություններին, երբեք չենք դադարի ընկերուհիներ լինել. ոչ մի կեղտոտ շոու բիզնես եւ դրա ներկայացուցիչ` պրոդյուսեր, դիզայներ, պարի ուսուցչուհի, չի կարող բաժանել կամ վեճի առիթ տալ մեզ, ով փորձի, ինձ հետ գործ կունենա:

«Սթրես եմ ապրել»

Խմբի բաժանումից հետո, իհարկե, սթրես ապրել եմ: Դրան գումարվեց բալիկներ ունենալու շրջանը, եւ կարիերան հետին պլան մղվեց: Աղջկաս ծննդից հետո ինձ փրկել է Միացյալ Նահանգներում տեղի ունեցած համերգը: Իհարկե, կարոտում էի 4 ամսական երեխայիս, բայց ուրախ էի, որ բեմում եմ: Իսկ տղայիս ծննդից հետո մեր խումբն արդեն փլուզման եզրին էր, բայց Կապանից հավաքական համերգի հրավեր ստացանք: Հիշում եմ` անհամբեր սպասում էի, որ բալիկս ծնվի, ու կարողանամ մասնակցել: Նա 41 օրական էր, երբ այլ երգիչ-երգչուհիների հետ գնացի  համերգների:

«Երեքով նոր երգ կներկայացնենք»

Գոհար Ջավուկցյանի եւ Քնարիկ Զաքարյանի հետ որոշել ենք կրկին հանդես գալ որպես խումբ: Պատրաստվում ենք նոր երգով ու տեսահոլովակով ներկայանալ դադարից հետո: Երգը նվեր ենք ստացել, կոչվում է «Լիքը-լիքը»:

Նարինե Մկրտումյանը` դստեր հետ


«Ամուսնուս ասացի, որ չեմ ուզում…»

Երբ այլեւս խումբը չկար, երբեմն Գոհար Ջավուկցյանին փոխարինում էի ակումբում, հետո ամուսնուս ասացի, որ չեմ ուզում տանը նստել: Եթե անկեղծ լինեմ, այդ շրջանում նա աշխատանքի խնդիր ունեցավ, եւ իմ աշխատելը շատ անհրաժեշտ դարձավ: Հիմա է, որ կարողանում եմ ընտրել, իսկ այն ժամանակ հիմնականում ինչ հրավեր լինում էր, համաձայնում էի:

«Կարոտում ենք իրար»

Ես էլ, ամուսինս էլ տան մարդ չենք, մի շրջան մեր տունը հյուրանոց էր: Բայց մենք կարողանում ենք ընտանեկան ջերմությունը պահպանել, հաճախ ենք միասին ժամանցի վայրեր այցելում, եթե չորսով էլ չենք լինում, ես եմ երեխաների հետ զբոսնում, խնամում նրանց, կամ էլ ամուսինս: Հավասարակշռությունը պահում ենք ու ամենակարեւորը` կարոտում ենք իրար:

Նարինե Մկրտումյանը` երեխաների հետ


«Ես բզիկավոր եմ, իսկ ամուսինս…»

Մեր վեճերի թեմաները տարբեր են: Օրինակ, վիճում ենք այն պատճառով, որ անընդհատ զանգում եմ, նույնիսկ եթե չի էլ պատասխանում, էլի փորձում եմ, եւ դա դառնում է պատմություն: Իսկ նա մեկ անգամ կզանգի ու կհասկանա, որ երգում եմ, զբաղված եմ: Ես բզիկավոր եմ, ավելի վատն եմ, իսկ ամուսինս շատ հանգիստ է:): Երբ իր հետ չեմ, քիչ է խանդում, իսկ եթե միասին ենք ու կողքից հայացքներ կան, խանդում է: Շատ ուրախ եմ, որ հագուստի հարցում արգելքներ չի դնում, մի խոսքով` «ի՞նչ կմտածեն»-ով չի ապրում: Մի բուռ Երեւան է, բոլորը բոլորի մասին ամեն բան գիտեն: Այս կյանքը պետք է ապրել այնպես, որ գոնե դրախտ ընկնես:):

«Շատ դժվար օրեր ենք ունեցել»

Եթե ասեմ` մեր տանն ամեն ինչ միշտ տեղը տեղին է, սուտ կլինի, բայց հակառակն էլ չէ: Իմ աշխատանքը սկսվում է ժամը 17:00-ից կամ 18:00-ից, մինչ այդ տանը բոլոր գործերն եմ անում, բալիկներիս հետ եմ ժամանակ անցկացնում: Այժմ կարողանում ենք մեր վաստակած գումարով նորմալ ապրել, ավտոմեքենա ունենք, իսկ երբ նոր էինք ամուսնացել, շատ դժվար օրեր ենք ունեցել, չենք կարողացել ապրել ու մի շրջան ծնողների տուն ենք տեղափոխվել: Փառք Աստծո, այժմ կարողանում ենք հանգստի մեկնել, երեխաներին քոլեջ ու խմբակներ տանել:

Նարինե Մկրտումյանը` դստեր հետ


«Որոշել եմ երրորդ երեխան»

Այժմ դայակ ունենք, որովհետեւ աշխատում եմ: Եթե ֆինանսի խնդիր չլիներ, հաստատ չէի աշխատի ու ինքս կպահեի երեխաներիս: Ճիշտ է` ամեն ինչ էլ արել եմ բալիկներիս ծնվելուց հետո, բայց ինձ միշտ որեւէ մեկն օգնել է: Որոշել եմ երրորդ երեխան ունենալ ու ինքնուրույն խնամել, բայց ընկերուհիներս, մայրս ասում են, որ ես այդ տեսակը չեմ. 10 օր հետո էլի կգնամ աշխատանքի:): Չգիտեմ` ինչու, ինձ թվում է` երրորդ բալիկս տղա կլինի:

Ինեսսի եւ Վահեի մասին

Աստղագուշակին այնքան էլ չեմ հավատում, բայց Ինեսսը երկվորյակ է ու նրա մեջ ապրում է երկու մարդ: Եթե նրա տետրը նայեք, երկու տարբեր ձեռագրեր են: Բնույթով էլ է տարբեր. կարող է մի օր շատ հանգիստ, կազմակերպված լինել, հաջորդ օրը` թափող, կամակոր, ջարդող: Պարում է Սոֆի Դեւոյանի մշակույթի կենտրոնում, դեռ միմիայն լավ արձագանքներ կան: Ես էլ միշտ գովում եմ, ասում եմ, որ արտիստ է դառնալու, չեմ ուզում կոտրել: Վահեն շատ լուրջ, բակային խաղեր չսիրող տղա է: Սիրում է տանը լինել, իր մեքենաներով իր տարածքում խաղալ, ընկերություն է անում քրոջս տղաների հետ, իսկ քույրիկի հետ միշտ «ուտում են իրար»:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW