×


Նարինե Պետրոսյանն իր երեք դուստրերի հետ` BRAVO.am-ի ֆոտոշարքում

Նարինե Պետրոսյանը նախորդ տարվա նոյեմբերից կրում է բազմազավակ մայրիկի պատվավոր տիտղոսը: Դերասանուհին օրերս BRAVO.am-ին հյուրընկալել է իր նոր բնակարանում, որտեղ ապրում է ամուսնու եւ երեք դուստրերի հետ: Աելիտան եւ Անին մեծ ոգեւորությամբ էին պատրաստվել լուսանկարահանմանը: Նշենք նաեւ, որ սա 5 ամսական Ադելի առաջին ֆոտոշարքն է:)

Նարինե Պետրոսյանը` դուստրերի հետ


Ադելի ծնունդը

Երբ երկու աղջիկ ունես, ցանկալի է, որ երրորդը տղա լինի, բայց եթե կրկին աղջիկ է, ուրեմն այդպես է պետք: Նրա ծնունդը սպասված էր, մեր տունը նոր շնչով է լցվել: Հիմա ավելի հասուն եւ գիտակցաբար եմ մոտենում ամենին, թեեւ առաջ էլ փորձում էի երեխաների հետ ամեն մի վայրկյանը վայելել, բաց չթողնել: Այնուամենայնիվ, ինչ-որ զգացողություններ տարիքի հետ փոխվում են:

Ադելի անվան ընտրությունն ավելի շատ ամուսնունս է: Երեխաներս առաջին իսկ վայրկյանից շատ ջերմ են ընդունել փոքրիկ քույրիկին. ամիսներ շարունակ պատրաստվել էին, իրենց ամբողջությամբ մեծ քրոջ դերում են զգում, երբեմն էլ օգնում են ինձ: Օրինակ, երբ Ադելը լացում է, փորձում են հանգստացնել նրան:): Երեխաների խնամքի հարցում միայնակ չեմ, օգնում են մայրիկս եւ սկեսուրս:

Նարինե Պետրոսյանի դուստրերը


Սիրում են փոքրիկ քույրիկին «զարդարել»

Անին` դպրոց, իսկ Աելիտան մանկապարտեզ է հաճախում: Զուգահեռ նաեւ նկարչությամբ եւ մարմնամարզությամբ են զբաղվում: Ի դեպ, սպորտն Աելիտային  ավելի հոգեհարազատ է: Տանն առանձին սենյակ ունեն, որտեղ իրենց լիարժեք տիրուհի են զգում: Ամբողջ օրը դասավորում են շորիկները, գրքերը: Մենք էլ անում ենք ամեն ինչ, որպեսզի կարգապահության սովորեն հենց այս տարիքից, մեծանալով` ավելի պատասխանատու կդառնան:

Նարինե Պետրոսյանի դուստրերը


Մինչ նրանց ծնվելը մուլտֆիլմերից եւ հերոսներից տեղեկացված էի այնքանով, որ գիտեի ամենահայտնիները, իսկ այսօր գրեթե ոչ մի մուլտֆիլմ բաց չենք թողնում:):
Ինչպես յուրաքանչյուր աղջիկ, իմ դուստրերը եւս սիրում են թիթիզ իրեր: Ինձ շատ է դուր գալիս իրենց գործած թեւնոցները, որոնք հաճախ նվիրում են մտերիմներին: Սիրում եմ աքսեսուարները, որոնք պատրաստում են իրենց ձեռքով եւ երեւակայությամբ:

Աղջիկներս սիրում են իրենց փոքրիկ քույրիկին «զարդարել»: Պատահում է` խոհանոցից սենյակ եմ վերադառնում ու տեսնում Ադելին մատանի կամ թեւնոց կրելիս: Հաճախ են զրուցում նրա հետ: Ասում են`«Դու էլ կմեծանաս, մեր նման սիրուն աղջիկ կլինես, մազերդ կսանրենք, այս շորիկս քեզ կտանք...»:

Նարինե Պետրոսյանի դուստրը՝ Աելիտան


Աելիտան, ըստ իս, արտիստիկ կերպար է: Սիրում է ամեն ինչում առանձնանալ, տարբերվել, տարբեր իրավիճակներում հետաքրքիր լուծումներ եւ գաղափարներ է գտնում: Նրա մեջ նաեւ լիդերություն կա. ցանկանում է ամեն տեղ առաջինը լինել, երբեք զիջողի դերում չէ: Թե ինչ ճանապարհ կընտրեն, կյանքը ցույց կտա: Երբեք չեմ պարտադրի մասնագիտության ընտրության հարցում:

Կարեւոր պահ

Մայրանալուց հետո կրկին խաղում եմ ներկայացումներում: Փետրվարից Դրամատիկական թատրոնի բեմում եմ: Նոր ներկայացումների վրա ենք աշխատում, որոնցից երկուսում մասնակցություն ունեմ: Գեղարվեստական ֆիլմում, սերիալում նկարահանվելու ցանկություն եւս կա, բայց ցանկալի է, որ այնպիսի գործ լինի, որտեղ ինձ լավ կզգամ: Շատ եմ կարեւորում սյուժեի հետաքրքիր լինելը, դերասանական կազմի պրոֆեսիոնալիզմը, մթնոլորտն էլ պետք է հաճելի եւ տրամադրող լինի:

Նարինե Պետրոսյանը` երրորդ դստեր` 5 ամսական Ադելի հետ


Այս ընթացքում առաջարկներ եղել են, բայց ինչ-ինչ պատճառներով դեռ չի ստացվում համագործակցել: Կփորձեմ ընտրել այն առաջարկը, հանուն որի արժի երեխայից ինձ կտրել որոշակի ժամանակ եւ գնալ նկարահանման հրապարակ: Նախօրոք երկար մտածում եմ, դրա համար էլ երբեք չեմ ափսոսում արածներիս համար: Ադելը դեռ շատ փոքր է: Հիմա իր եւ ինձ համար կարեւոր պահ է. չեմ կարող երկար ժամանակով մենակ թողնել:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին