×


Նարինեն, Մխիթարը եւ Արմանը` սիրային եռանկյունում

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի խաղացանկը համալրվել է ֆրանսիական կատակերգությամբ։ Ֆրանսիացի դրամատուրգ-ռեժիսոր Սաշա Գիթրիի «Արի երազենք» թատերգությունը բեմադրելու համար Ֆրանսիայից Հայաստան է հրավիրվել բեմադրիչ եւ դերասան Ժիրայր Բաբազյանը։ Դերերում են Նարինե Գրիգորյանը, Մխիթար Ավետիսյանը, Արման Նավասարդյանն ու Նարեկ Բաղդասարյանը։ Ներկայացման բեմանկարիչն է Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը, որը երկար տարիներ ապրել է Շվեյցարիայում եւ բեմանկարչություն ուսանել:

Նարինե Գրիգորյանը եւ Մխիթար Ավետիսյանը


Երկու գործողությամբ «Արի երազենք» ներկայացումը սիրային եռանկյունու եւ սիրո դրսեւորումների մասին է` որքանով են համադրելի սերը, հավատարմությունն ու երջանկությունը։ Այն առաջին անգամ բեմադրվել է 1916 թվականին.«Ուղիղ հարյուր տարվա գործ է, բայց ժամանակակից է, քանի որ թեման սերն է, հերոսները՝  սիրային հարցերում խճճված մարդիկ։ Սաշա Գիթրին համարվում է թեթեւ ժանրի գրող, բայց նրա գրիչը շատ սուր է եւ խելացի: Բարեբախտաբար, այնպիսի դերասանների հետ ծանոթացա, որոնց հետ մեծ հույսեր եմ կապել»,-նշել է բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը:

Նարինե Գրիգորյանը եւ Մխիթար Ավետիսյանը


Մխիթար Ավետիսյանի համար իր կերպարն առանձնահատուկ է.«Կան դերեր, որոնք, կարծես, դերասանի համար նվեր են, եթե իր մասնագիտությունից լավ է գլուխ հանում: Ժիրայր Բաբազյանի հետ առաջին անգամ էի աշխատում, 4 շաբաթում պատրաստվեցինք. ահռելի տեքստ էր, բայց ընդունակ եմ:): Կարեւորը` հոգնեցնող երկխոսություններ չեն։ Կարծում եմ ՝ նայելու արժանի է, որովհետեւ թեթեւ, անվտանգ, հաճելի կոմեդիա է՝ սիրային վառ երանգներով ու մարդկային փոխհարաբերություններով։ Մեզ համար հաճելի է, որ հանդիսատեսն ավարտին հոտնկայս է ծափահարում, կարող էր նստած ծափ տալ ու հեռանալ»։

«Արի երազենք» պիեսի այս մեկնաբանությունը տարբերվում է նախորդներից: Ինչպես  հայտնել է Մխիթարը, Սաշա Գիթրիի գործն ունի 4 արար, սակայն, որպես կանոն, բեմականացումներն ու էկրանավորումներն ավարտվել են երրորդ գործողությամբ. «Կնոջ մենախոսությունը շրջանցել են, իսկ մեզ մոտ վերջաբանը պահպանված է»:

Նարինե Գրիգորյանը


Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Մկրտչյանի խոսքով` պատահական չէր ընտրված պրեմիերայի օրը.«Ուղիղ երեք տարի առաջ «Հացի խնդիր» ներկայացումն էինք խաղում, երբ մեր սիրելի պապիկը, ինչպես թատրոնի ողջ կազմն է կոչում Սոս Սարգսյանին, հեռացավ կյանքից։ Ճիշտ նույն օրն ունենք պրեմիերա։ Թատրոնն իր դռները բաց է պահում ստեղծագործողների առջեւ, այս անգամ հրավիրել ենք տարբեր երկրներում աշխատած բեմադրիչի, որն իր ճաշակով ու մտածողությամբ է բեմադրել։ Մեր դերասաններն էլ սեղմ ժամկետներում մեծ վարպետությամբ կատարեցին իրենց գործը։ Ռեժիսորը բեմադրության մեջ շատ հարցականներ է դրել, որոնց պատասխանները հանդիսատեսից յուրաքանչյուրը կստանա յուրովի»,- նշել է Վարդան Մկրտչյանը:

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին