×


Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանն ինչպես են նշել 50-ամյակները

Տիգրան Ներսիսյանի եւ Նելլի Խերանյանի համար այս տարին հոբելյանական է. հասակակից ամուսինները նշում են իրենց 50-ամյակները։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանները BRAVO.am-ի հետ զրուցում պատմել են անակնալների, սպասվելիք հոբելյանական երեկոյի եւ աշխատանքային նորությունների մասին։

Տիգրան Ներսիսյանը եւ Նելլի Խերանյանը


Զույգի դուստրերը՝ Անին եւ Մանեն, նախապես հոլովակ են պատրաստել Տիգրանի համար։ Տեսաբացիկում մաղթանքներ են հղել Պերճ Զեյթունցյանը, Արամոն, Սյուզան Մարգարյանը, Հրաչյա Հարությունյանը, Աբել Աբելյանը, Արմեն Էլբակյանը եւ մյուս գործընկերները, հարազատներն ու ընկերները.«Կեսգիշերին շնորհավորեցին ու առաջարկեցին դիտել տեսանյութը, որում ինձ ուղղված հրաշք մաղթանքներ լսեցի, իսկապես չէի սպասում։ Այդքան մարդու նկարել էին, կցել էին նաեւ արտերկրում գտնվող մտերիմներս ուղարկած տեսանյութերը, ռեժիսորական մեծ աշխատանք էին արել»։

Նելլի Խերանյանը եւ Տիգրան Ներսիսյանը` դուստրերի հետ


Նելլի Խերանյանը եւս տեսանյութի տեսքով նվեր է ստացել «Գոյ» թատրոնից, ամուսնուց եւ դուստրերից.«Իմ անցած կյանքի մասին հուզիչ ու ջերմ հոլովակ էր, որը դիտելուց հետո ստացա նաեւ իրեղեն նվերներ, որոնք ողջ կյանքում կկրեմ եւ կհիշեմ այս տարեդարձի մասին։ Պետք է խոստովանեմ, որ երբեւիցե իմ ծննդյան օրը չեմ սիրել, երբեք առանձնահատուկ ուրախ չեմ եղել, նույնիսկ մանկության տարիներին։ Բայց սիրում ենք ընտանեկան հավաքույթներ, աղմկոտ կենացներ, երգեր, պարեր... Հատուկ այդ օրերի համար ունենք երգեր, որոնց ժամանակ Տիգրանը կիթառով նվագակցում է, դաշնամուրը «գիտակցության» կորստի ենք հասցնում, եթե բերան ունենար, երբեմն մեզ կհայհոյեր:): Գուցե տարիքի հետ ուրախ հավաքները մեղմվել են, բայց բովանդակությունը նույնն է մնացել», - պատմել է դերասանուհին։

Նելլին այժմ նկարահանվում է «Շանթ»-ի «Թաքնված սեր» սերիալում, տարեդարձի օրն էլ եղել է նկարահանման հրապարակում.«Գործընկերներս ջերմ շնորհավորեցին։ Հարցրին՝ 25, թե 26 տարեկան դարձա:): Խոսք կա, որ կինը 40-ից հետո իրավունք ունի որոշելու, թե քանի տարեկան է. ես այն տարիքում եմ, որ կարող եմ համաձայնել 25-ի հետ, բայց չվախենալ 50-ից»:

Նելլի Խերանյանը եւ Տիգրան Ներսիսյանը


Դերասանները մեծ խնջույք չեն կազմակերպել, քանի որ նախատեսում են աշնանը թատրոնում հոբելյանական երեկո ունենալ.«Թատրոնում ընթացող վերանորոգումը միայն խանգարեց, որ հիմա չնշենք։ Այդ օրը կլինի հանդիսատեսի հետ հանդիպում եւ մեր արած աշխատանքի հաշվետվություն։ Սպասում ենք, որ թատերական մթնոլորտում միասին տոնենք կլոր ամյակները»։

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը վերանորոգումից հետո աշնանը կբացի իր դռները՝ թատերաշրջանը սկսելով պրեմիերաներով.«Հիմա ընթանում են երկու նոր ներկայացման փորձերը։ Խորհրդանշանական է, որ թատրոնը կբացվի Սունդուկյանի «Պեպո»-ով, քանի որ Մայր թատրոնը բացվել է հենց այդ բեմադրությամբ։ Երկուսս զբաղված ենք այդ ներկայացման մեջ», - հայտնել է Տիգրան Ներսիսյանը։

Զույգի կրտսեր դուստրը 12 տարեկան է, սովորում է 6-րդ դասարանում, իսկ ավագ աղջիկն ավարտել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, այժմ նույն ինստիտուտում դասավանդում է դերասանի վարպետություն.«Նա չի ուզում խաղալ, խորացել է մանկավարժության մեջ։ Հաճույքով է իր գործն անում, իսկ ես չեմ դասավանդում, նախընտրում եմ բեմադրություններ անել, ժամանակս տրամադրում եմ թատրոնին», - ասել է Տիգրանը՝ հավելելով, որ առաջիկայում նաեւ կնկարահանվի նոր նախագծերում։

BRAVO.am
Լուսանկարները՝ դերասանների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին