×


Նելլին, Սոնան, Մաշան, Էրիկը եւ մյուսները Ծաղկաձորում բարի ճանապարհ են մաղթել Մերիին :)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 11-ից 13-ը Ղրիմում կայանալիք “Մանկական Նոր ալիք 2015”-ում Հայաստանը կներկայացնի 12-ամյա Մերի Քոչարյանը: Տարբեր տարիներին այս մրցույթին մասնակցած հայ երգիչներն օրեր առաջ հավաքվել էին Ծաղկաձորում` բարի ճանապարհ եւ հաջողություն մաղթելու մեր նոր պատվիրակին:):

Մերի Քոչարյանը եւ Նելլին


“Ճանապարհ դեպի Նոր ալիք” խորագրով համերգին ելույթ են ունեցել Մաշա Մնջոյանը, Էրիկը, Նարեկ Մակարյանը, Գրիգոր Կյոկչյանը, Սոնա Ռուբենյանը, Ռաիսա Ավանեսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Գեւորգ Բարսամյանը, պատանի եւ փոքրիկ երգիչներ Սոնա Գյուլխասյանը, Դավիթ Վարդանյանը, Էլինա Չոլախյանը, Արման Սիմոնյանը, “In Step” խմբի պարուհիները, Եվա Աբրահամյանը եւ այլք:

Համերգի կազմակերպիչներից  էր Նելլին, որի պրոդյուսերությամբ եթեր հեռարձակվող “Sweet Baby” մանկական ծրագրի հաղորդավարներից մեկը Մերի Քոչարյանն է.“Այս տարի մրցույթն ուղիղ եթերում չի ցուցադրվելու, մենք էլ որոշեցինք կազմակերպել նախամրցութային համերգ: Մերիի ընկերներն ու ավագ գործընկերներն իր կողքին են. վստահ ենք, որ լավ կներկայացնի մեր երկիրը”, - BRAVO.am-ին հայտնել է երգչուհին:

Մերի Քոչարյանը, Գրիգոր Կյոկչյանը եւ Դավիթ Վարդանյանը


Զրուցել ենք նաեւ օրվա հերոսուհու հետ, ով հուլիսի 31-ին ծնողների եւ երաժշտական պրոդյուսերի՝ Գրիգոր Կյոկչյանի հետ կմեկնի Ղրիմ.“Լսում եմ բոլորի խորհուրդները, բայց բեմում ամեն ինչ չեմ հիշի, այլ կփորձեմ այնքան վստահ երգել, որ իմ կատարումից հաճույք ստանամ: Մրցութային առաջին օրվա երգը դեռ ընտրված չէ, երեւի թե կկատարեմ Սիայի, Բեյոնսեի կամ Ջեսսի Ջեյի երգացանկից որեւէ գործ, իսկ երկրորդ օրը կերգեմ հատուկ ինձ համար գրված նոր երգ, որի հեղինակները Գրիգոր Կյոկչյանն ու Մարտին Միրզոյանն են”:

Մաշա Մնջոյանը երկու տարի առաջ է մասնակցել “Նոր ալիք”-ին եւ նրա հիշողությունները թարմ են.“Այդ ժամանակ իմ կյանքում լուրջ փոփոխությունների շրջան էր, շփոթված ու լարված էի, բայց գիտակցում էի, որ լուրջ մրցույթի եմ մասնակցում: Հաղթահարելով գերհոգնածությունս ու հուզմունքս՝ փորձեցի լավ ներկայանալ: Մերիին խորհուրդ կտամ լավ տրամադրվածությամբ մեկնել, հնարավորինս քիչ հուզվել. բոլորին դա ենք ասում, բայց հուզմունքն իրոք կարող է խանգարել: Մաղթում եմ, որ լավ ժամանակ անցկացնի, ամեն րոպեն ֆիքսի, որովհետեւ անմոռանալի պահեր են”:

Էրիկը եւ Մերի Քոչարյանը


Թեեւ Նարեկ Մակարյանը “Նոր ալիք”-ին չի մասնակցել, բայց մանկուց մասնակցելով միջազգային տարբեր մրցույթների, նշում է, որ դրանք կարեւոր փորձառություն են. “Կողքից թվում է, թե ամեն ինչ գեղեցիկ ու հարթ է, բայց իրականում ներքին խոհանոցը դաժան է: Մասնակցելիս պիտի ամուր նյարդեր ունենաս, որովհետեւ մրցակիցներդ կարող են հոգեբանորեն ճնշեն, իսկ դա ազդում է ելույթի վրա: Մերիին մաղթում եմ, որ ուժեղ լինի եւ կենտրոնանա լավ ելույթի վրա”:

Սոնա Գյուլխասյանը “Մանկական Նոր ալիք”-ին մասնակցել է 2013-ին եւ գրավել է 2-րդ հորիզոնականը.“Ինձ համար սթրես էր. գնացի այն աշխարհ ու հետ եկա, շատ լարված էի, բայց բեմում ինձ ազատ էի զգում: Մերին էլ մինչեւ ելույթը մի քանի օր աշխատելու է պրոֆեսիոնալների հետ, թող անպայման լսի մասնագետների արժեքավոր խորհուրդները: Եթե լավ ելույթ ունենա եւ տպավորի, արդեն հաղթանակած կլինի”:

Մերի Քոչարյանը եւ Արմեն Հովհաննիսյանը


Դավիթ Վարդանյանը եւս “Մանկական Նոր ալիք”-ի մասնակիցներից է, նախորդ տարի զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ այս տարի Մերիի հետ կմեկնի` նրան սատարելու, նաեւ համերգներին երգելու.“Ինչ հիմա Մերին է զգում, նախորդ տարի այս ժամանակ ես էի զգում: Ուղղակի պիտի բեմում չլարվի, իրեն ազատ զգա, վստահ լինի, որ կարող է լավ երգել ու հաղթել, եւ ուշադրություն չդարձնի, թե ով է ավելի ուժեղ: Ցանկանում եմ, որ Հայաստանի դրոշը եւ պատիվը բարձր պահի”:

BRAVO.am-ը եւս հաջողություն եւ հաղթանակ է մաղթում Մերի Քոչարյանին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Photo Bach-ի եւ Մերի Քոչարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին