×


Նիկոլյանի «Մուսա. Փարաջանով» ցուցադրության հայտնի հյուրերն ու Աննա Գրիգորյանի արցունքները

Նա ռեժիսոր էր ու սցենարիստ, դերասան էր ու նկարիչ, քանդակագործ ու կոմպոզիտոր, հանդերձարար ու գրիմյոր, իսկ ինչպես ասել է ուկրաինացի մի կինոքննադատ, նա առաջին հերթին «վտանգավոր ազատ մարդ էր»: Սերգեյ Փարաջանովի արվեստով ու նրա կերպարով շատերն են հիանում եւ ոգեշնչվում, հանրահայտ արվեստագետին է նվիրված նաեւ Արամ Նիկոլյանի նոր՝ «Մուսա. Փարաջանով» հավաքածուն։

Արամ Նիկոլյանի «Մուսա. Փարաջանով» հավաքածուի ցուցադրությանը


Փարաջանովյան լուծումներով ցուցադրությունը կայացավ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որին ներկա էին դիզայների հետ աշխատող ողջ թիմն ու գործընկերները, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում։

Գարուն-ամառ 2018 հավաքածուն ներառում է 45 կտոր կանանց եւ տղամարդկանց հագուստ։ Զգեստների ոճն ու թեմատիկան ներառում է 3 ուղղվածություն, որոնցով զբաղվել է արվեստագետը՝ ֆիլմեր, կոլաժներ, եւ հենց Փարաջանովի կերպարը։ Հավաքածուի նմուշներն ամբողջությամբ փարաջանովյան չեն, յուրաքանչյուրի վրա կգտնեք որոշ դետալներ ու կոլաժներ։ Արամ Նիկոլյանի խոսքով՝ իր նպատակը կրելի հագուստ ստեղծելն է, առաջնային է համարում ժամանակակից ձեւվածքներով կոմերցիոն հավաքածու ներկայացնելը։

Աննա Գրիգորյանը


Ակադեմիական թատրոնի բեմն ու դահլիճը վերածվել էր պոդիումի, հանդիսականների մեծ մասը նստած էին բեմում, որոշ մասն էլ՝ դահլիճում։ Էքսցենտրիկ սանրվածքներով մոդելները քայլում էին կենդանի հնչողությամբ հայկական երաժշտության ներքո, որն ապահովում էին երաժիշտներ Հայկ Կարապետյանն ու Բագրատ Տերտերյանը՝ Beatman-ը։ Որպես հավաքածուի դեմք՝ այս անգամ Նիկոլյանն ընտրել է դերասանուհի Ֆրիդա Յորքին։

BRAVO.am-ի հետ զրույցում իրենց տպավորություններով կիսվել են զգեստներն առաջինը կրած մոդելները։ Աննա Գրիգորյանը նշեց, որ զգեստները հարմարավետ են՝ հաճելի գործվածքներով.«Կան նմուշներ, որոնք կցանկանայի կրել տոնական միջոցառումների ժամանակ, եւ կան նմուշներ, որոնք առօրյա կյանքում շատ հարմար կլինեն, օրինակ՝ այս պահին կրում եմ սեւ թավշյա զգեստը, որն ավելի ներդաշնակ է այժմյան հոգեվիճակիս։ Այս հավաքածուն ու ցուցադրությունը երկարատեւ աշխատանքի արդյունք են։ Ես քայլելիս զգացի հանդիսատեսի դրական էներգետիկան: Ամեն անգամ ինձ զսպում եմ, որ չնայեմ մարդկանց, որովհետեւ հաճելի է այդ հայացքները տեսնելը, բայց որպես պրոֆեսիոնալ՝ չպետք է նայել։ Հետաքրքիր է՝ աչքիս մեջ կոսմետիկա կամ մանրէ էր լցվել, արցունքներս մի քանի անգամ գլորվեցին, բայց դա շոուի մաս չէր:)»։

Ռուզան Ապրեսյանը


Մոդել Ռուզան Ապրեսյանը, որը բազմաթիվ ցուցադրությունների է մասնակցել, այս հավաքածուն յուրօրինակ անվանեց.«Արամի ձեռագրի առանձնահատկությունն այն է, որ տարազներից կամ կերպարվեստից հայկական դետալներ է վերցնում ու մատուցում ժամանակակից զգեստների վրա։ Մի քանիսն արդեն փորձել եմ, հարմարավետ ու կանացի են։ Փորձերին մեծ պատասխանատվությամբ պատրաստվում էինք, փոխադարձաբար ցանկանում էինք լավագույն ձեւով ներկայացնել ողջ աշխատանքը»։

Հավելենք, որ «Մուսա. Փարաջանով» հավաքածուն օրերս առաջինը ցուցադրվել է Կիեւում, իսկ առաջիկայում կներկայացվի երեւանյան այլ ցուցադրություններին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին