×


Նոննա Գրիգորյանը՝ դստեր 4-ամյակի եւ ծնողներին պրեմիերային չհրավիրելու պատճառի մասին

Երեւանի կամերային թատրոնի դերասաններ Նոննա Գրիգորյանն ու Վահագն Կիրակոսյանն օրերս նշել են իրենց առաջնեկի՝ Էլվիայի 4-ամյակը։ Նոննան BRAVO.am-ին պատմել է, որ աղջնակի տարեդարձը կազմակերպել են մանկական սրճարանում:

Փոքրիկ Էլվիայի տարեդարձին


«Հասկացա, որ արդեն պետք է հաշվի առնեմ իր կարծիքը: Հայտնեց, թե ում է ուզում տեսնել հյուրերի շարքում, տորթի վրա էլ միայն իր սիրելի Էլզան էր՝ «Frozen» մուլտֆիլմից։ Անհամբեր սպասում էր նվերներին, խաղում ու պարում էր ոչ միայն մեր հյուրերի, այլեւ սրճարանում ներկա այլ մարդկանց հետ։ Անսահման շփվող երեխա է, մանկապարտեզից հետո ամեն անգամ խնդրում է, որ տուն գնալու փոխարեն ինչ-որ տեղ գնանք։ Ինձ հետ գալիս է թատրոն, նաեւ հեռուստատեսություն՝ ֆիլմերի կրկնօրինակման»,-պատմել է դերասանուհին:

«Բարեկամություն» անսամբլի պարող, Կամերային թատրոնի պարային խորեոգրաֆ Վահագն Կիրակոսյանը եւ Նոննա Գրիգորյանը միասին խաղում են նոր՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ, որի պրեմիերային անդրադարձել ենք։  Սա  չորրորդ բեմադրությունն է, որում ամուսինները բեմում խաղընկերներ են։ Պարերը բեմադրել է Վահագնը.«Մեր թատրոնում առաջին անգամ ենք այսքան մեծ դերասանական կազմով հանդես գալիս, ինչը հասկացանք, երբ պիտի ավարտին խոնարհվելը բեմադրեինք։ Ես ու Վահագնը կարծում էինք՝ ներկայացումը կամ չի ստացվելու, կամ «վերջն» է լինելու, կարծում եմ՝ երկրորդ տարբերակն է: Հանդիսատեսի արձագանքից պարզ է դառնում, որ հավանել են»,-նշել է Նոննան:

Վահագն Կիրակոսյանի եւ Նոննա Գրիգորյանի դուստրը՝ Էլվիան


Նրա ծնողները պրեմիերաներին ներկա չեն լինում, իսկ թե ինչու, պատասխանել է. «Միշտ խուսափում եմ հրավիրել առաջնախաղը դիտելու։ Այդ լարվածությունը  մանկուց է մնացել, քանի որ ջութակի դասերի համերգներին, երբ սխալվում էի, ծնողներս ինձնից շատ էին անհանգստանում ու լարվում։ Մեր աղջիկը եւս չի դիտել նոր ներկայացումը, ես ու ամուսինս դեմ ենք, որովհետեւ ընդհանրապես մանկական չէ։ Բացի այդ, բեմում Վահագնի վրա կրակում են, նա հոգեբանորեն ծանր կտանի: Օրինակ՝ «Կառավարական համերգ»-ի ժամանակ դերասաններից մեկը, երբ ինձ թեթեւ հրեց, աղջիկս դահլիճից բղավում էր՝ «մամայիս մի խփիր»»: Էլվիային չեմ ծանրաբեռնում խմբակներով. ուզում ենք՝ մանկությունն անցկացնի խաղալիքներով»:

Նոննան խոստովանում է՝ ամուսնու հետ օրվա ընթացքում քիչ են տեսնվում, հանդիպման վայրն էլ հիմնականում թատրոնն է.«Երբ միմյանց բարեւում ենք, հարցնում են՝ արդյոք տանն իրար չենք տեսնում, բայց իսկապես տանը գրեթե չենք լինում: Այժմ աշխատում եմ նաեւ որպես ֆիլմերի հայերեն հնչունավորող եւ բեք-վոկալիստ։ Աղջկաս ծննդից հետո եթերում չեմ երեւացել. նկարահանումները շատ ժամանակ են պահանջում։ Չէի պատկերացնում, որ կրկնօրինակումից մեծ բավականություն կստանամ, պարզապես սիրահարվել եմ այս աշխատանքիս։ Նկարահանվելն ու կադրից դուրս հնչունավորելը բոլորովին տարբեր են ու անհամեմատելի։ Նաեւ աստիճանաբար ուզում եմ վերադառնալ եթեր, հարմար առաջարկի դեպքում հաճույքով կաշխատեմ»։

BRAVO.am
Լուսանկարները` Նոննա Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին