×


Նորա Գրիգորյան.«Նրան կոպտեցի ու լաց եղա»

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան-ամուսիններ Նորա Գրիգորյանի եւ Էրվին Ամիրյանի ընտանիքում սպասվելիք համալրման մասին BRAVO.am-ը պատմել է։ Նորայի հետ այս զրույցի թեման իր եւ հոր՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի փոխհարաբերություններն են։

Ալեքսանդր եւ Նորա Գրիգորյանները


Ես արտասովոր ընտանիքում եմ մեծացել. հայրս մի քանի անգամ ամուսնացած է եղել, նրա վերջին կինն իմ մայրն է։ Երբ ծնվել եմ, նա արդեն 50-անց էր, դա էլ իմ ենթագիտակցության ու աշխարհընկալման վրա ազդել է։ Հայրս հիմա վատառողջ է, ինձ մոտ վախեր են առաջացել ու նրա հանդեպ զգացմունքներս ավելի ուժեղ են։

Նա արդեն 50 տարի տարի ղեկավարում է ռուսական թատրոնը, ինձ համար դռները բաց են, շանսերն ավելի մեծ են, բայց դա իմ մանկության բարդույթն է։ Դպրոցից սկսած` բարձր գնահատականներիս համար մայրս շեշտում էր, որ պապայի շնորհիվ եմ ստանում, երբ երաժշտական դպրոցը կարմիր դիպլոմով ավարտեցի, նրա կարծիքով` դա եւս պապայիս շնորհիվ էր, ես արժանի չէի։ Թատերական ինստիտուտում եւս բախվել եմ նույն խնդրին. ավարտական դիպլոմային աշխատանքի համար պիտի բեմադրեի «Աննորմալը», հայրս ուզում էր խորհուրդ տալ, ես էլ կարծեցի, թե խառնվում է, եւ դերասանների ներկայությամբ նրան կոպտեցի ու լաց եղա։ Կարծում էի, թե բոլորը կխոսեն, որ իմ փոխարեն հայրս է բեմադրել։

Նորա Գրիգորյանը


Խոսակցությունները միշտ կան. այն մարդիկ, որ ընտանիքիս դրական չեն վերաբերվում, թեժացնում են այդ թեման։ Թատրոնում կային դերասաններ, որ ծանր էին տանում իմ ու Էրվինի միությունը, իմ հաջողված պրեմիերան, ինչը նրանց ձեռնտու չէր: Որոշ դիմակներ պատռվեցին, իսկ հիմա թատրոնում հանգիստ ստեղծագործական մթնոլորտ է։ Մրցակցություն էլի կա, նույն կերպարի երկու դերակատարները մրցակցում են, թե ով պրեմիերային կխաղա, ով ավելի շատ դերեր կստանա, բայց բացասական միջավայր չէ։

Առավելագույն ձեւով աշխատում եմ, որ ինձ մատնացույց չանեն որպես Ալեքսանդր Գրիգորյանի աղջիկ, այլ ասեն՝ Նորայի պապան։ Իսկապես չեմ ուզում նրա անունով վեր-վեր թռչել։ Հիմա խոսում են, թե նրանից հետո ով կդառնա գեղարվեստական ղեկավար, ես հմտացած չեմ այդ գործի համար, իհարկե, չեմ թաքցնում՝ կուզեմ հայրիկիս գործը շարունակել, բայց հասկանում եմ, որ ղեկավարելուն պատրաստ չեմ։ Թատրոնը թագավորություն չէ, որտեղ հայրս է իշխում, որ «աթոռն» ինձ փոխանցի։ Պետական թատրոն է, եթե այլ մարդ ղեկավարի, սիրելով մասնագիտությունս` կանգ չեմ առնելու եւ շարունակելու եմ աշխատել։ Թատրոնով տարված եմ վաղուց: Թեպետ հիմա հղի եմ, բայց արդեն ամիսներն եմ հաշվում, թե երբ եմ մանկական ներկայացում բեմադրելու։ Փոքրիկներիս իմ ու Էրվինի մայրերը կօգնեն խնամել, ինձ հետ թատրոնում կլինեն. ավանդույթ է դարձել, որ երեխաները կուլիսներում մեծանան։

Նորա Գրիգորյանը


Այս տարի ավարտեցի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուի մագիստրատուրան: Թեզիս թեման Յուրի Պոլիկովի դրամատուրգիան էր, հայ թատրոնում ներկայացված նրա պիեսների եւ հայ դերասանների կերտած կերպարների նրա ընկալումը։ 2015 թվականին հնարավորություն ունեցա անձամբ շփվել Պոլիկովի հետ, երբ մեր թատրոնով մեկնել էինք հյուրախաղերի։ Թեման արդեն ընտրել էի, շփվելուց հետո նոր տեղեկություններ հավաքեցի, ինչն էլ ինձ օգնեց ավարտին հասցնել թեզս։

Այժմ դասավանդում եմ հորս՝ ռուսերեն ուղղվածությամբ կուրսին։ Նրա` վատառողջ լինելու ժամանակ սկսեցի փոխարինել, բարեբախտաբար, ինստիտուտում գոհ են իմ աշխատանքից։ Ինքս ուսանողներից շատ բան եմ սովորում, հետաքրքիր մտածողությամբ ու նախասիրություններով ջահելների հետ եմ շփվում։ Արդեն երկու-երեք հոգու առաջարկել ենք, որ ռուսական թատրոնում աշխատեն։

Նորա Գրիգորյանը


Օրերս տեղի ունեցավ իմ բեմադրած «Մրգերով համարը» ներկայացման պրեմիերան։ Միշտ խուսափել եմ փորձառու մեծահասակ դերասանների հետ որպես բեմադրիչ աշխատել, կոպիտ ասած, կարող են «կուլ տալ» փորձերի ժամանակ։ Գիտակցելով երկար նախապատրաստվել եմ, կարեւորն` ինձ հավատում են, հայրս էլ չի խառնվել, համաձայն է իմ բեմադրածի հետ։ Գիտեմ, որ թատրոնին թարմ շունչ է անհրաժեշտ, ընտրում եմ ժամանակակից դրամատուրգների պիեսներ։ Առաջիկա տարիներին չեմ ուզում դասական հայտնի գործեր բեմադրել, դեռ այդքան չեմ հասունացել։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW