×


Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի ընտանիքի տոնական գեղեցիկ ֆոտոշարքը :)

Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի ընտանիքում տոնական տրամադրություն է: Նրանք զարդարել են տոնածառն ու գեղեցիկ գիշերազգեստներով լուսանկարվել BRAVO.am-ի ֆոտոշարքում: ՀՀ վաստակավոր արտիստուհին մեզ հետ զրույցում հայտնել է` երբ համերգներով Կալիֆոռնիայում էր, խանութներից մեկում պատահաբար նկատել է այս հանդերձները եւ որոշել անպայման ձեռք բերել իր սիրելիների համար:

Ավո Խալաթյանը եւ Նունե Եսայանը` երեխաների հետ


Երգչուհին պատմել է, թե ինչպես են դիմավորելու Նոր տարին.«Անհամբեր սպասում ենք ամենաընտանեկան տոնին: Ավանդույթի համաձայն, այսօր երեկոյան ես եւ Ավոն մեր բալիկների հետ կզբոսնենք Երեւանում, անպայման կգնանք մեր քաղաքի գլխավոր տոնածառը տեսնելու, իսկ հետո արդեն տոնական տրամադրությամբ կվերադառնանք տուն եւ կեսգիշերին բոլորս միասին կնշենք տարեմուտը: Ասում են` ինչպես դիմավորես տարին, այդպես էլ կշարունակվի, մենք էլ պարտադիր տանն ենք դիմավորում, քանի որ ցանկանում ենք ողջ տարվա ընթացքում պահպանել այն սերն ու ջերմությունը, որը տարիների ընթացքում ենք ստեղծել»:

Մեկուկես տարեկան Էլիզաբեթը, տոնածառը տեսնելով, շատ է ուրախացել.«Նախորդ տարի աղջիկս շատ փոքրիկ էր, ուստի առանձնապես չէր նկատում տոնածառը, իսկ այս անգամ, երբ տեսավ գունավոր խաղալիքները, լույսերը, շատ ուրախացավ: Հիմա նա անընդհատ նայում է տոնածառին, մոտենում, բայց վնաս չի տալիս. շատ զգույշ է»:

Նունե Եսայանը` դստեր հետ


Մեր հարցին, թե 8-ամյա Հենրին հասցրել է նամակ գրել Ձմեռ պապին, Նունեն ծիծաղելով նկատել է, թե տպավորված է որդու նամակից.«Նա անձամբ իր նամակը գրել եւ տվել մեզ, որպեսզի փոխանցենք: Երբ կարդացինք, շատ ծիծաղեցինք. հեռախոս է ուզել եւ խնդրել, որ քառորդը դպրոցում լավ փակի»: Երգչուհին շեշտել է, որ ինքն ու Ավոն եւս նվերներ պատրաստում են երեխաների համար, բայց Հենրին գիտի՝ ամեն ինչ չէ, որ իր ուզածի պես պետք է ընթանա, եւ ամեն բան ունենալ չի կարող, գիտի` ինչն է կարելի, ինչը՝ ոչ:

Նունեի հետ խոսել ենք նաեւ 2016-ից սպասելիքների մասին.«Մեծ ու նյութական որեւէ բան չեմ ուզում, պարզապես կցանկանամ, որ գալիք տարին հանգիստ եւ խաղաղ ընթանա, մնացածը մեր ձեռքերում է: Կցանկանամ, որ նոր տարում շատ համերգներ լինեն, որովհետեւ դրանք ինձ ուրախացնում են, միայն թե լավ կլինի, որ դրանք հեռու չլինեն, քանի որ այս տարվա ընթացքում իմ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» համերգային ծրագրով որոշ ժամանակ երեխաներիս կողքին չէի եւ հասկացա, որ կարոտին չեմ դիմանում»:

Ավո Խալաթյանը եւ Նունե Եսայանը


Երգչուհին արդեն ծրագրեր ունի գալիք տարվա համար, ավելին` տարեմուտից անմիջապես հետո կրկին կմեկնի հյուրախաղերի.«Պլանները շատ են, «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» համերգային ծրագրով հունվարի 3-ին կմեկնենք Բեյրութ, միգուցե այնպես ստացվի, որ տարվա ընթացքում այս ծրագրով լինենք նաեւ Փարիզում: Բացի այս ծրագրից, կցանկանայի` նոր համերգներ էլ կազմակերպվեն, որովհետեւ իսկապես մեծ բավականություն եմ ստանում՝ հանդիսատեսի համար ելույթ ունենալով»:

Իսկ վերջում Նունե Եսայանն իր ընտանիքի անունից շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ եւ մաղթել երազանքների իրականացում:

Տեքստը՝ Անուշիկ Մելքոնյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW