×


Շերոն Քլարկի ելույթը Երեւանում եւ տպավորությունը Գեղարդից

Միացյալ Նահանգներն այսօր՝ հուլիսի 4-ին, նշում է Անկախության 240-րդ հոբելյանը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ու Ջազի հայկական ասոցիացիան այս առիթով համատեղ կազմակերպել էին ջազ համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Շերոն Քլարկի երեւանյան համերգին


Ամերիկյան ջազ երգչուհի Շերոն Քլարկն առաջին անգամ է Հայաստանում ելույթ ունեցել: Նրան նվագակցել են Հայաստանի ջազ նվագախմբի երաժիշտները՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ։

Մենահամերգից րոպեներ առաջ երգչուհին ետնաբեմում անմիջականորեն շփվում էր ներկաների հետ: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր զգացողությունների մասին.«Հիմա մի քիչ նյարդային եմ, անհանգստանում եմ, որովհետեւ երբեք չգիտեմ, թե ինչ կկատարվի բեմում։ Հայ երաժիշտների հետ փորձեր արել ենք, պատրաստ եմ հանդիսատեսին փոխանցել իմ ջազային աշխարհը։ Երաժշտությանը զուգահեռ հույզերս ավելանում են»։

Փրայս Քլարկը եւ Արմեն Հյուսնունցը


Գունեղ հագուկապով առանձնացող ջազ վոկալիստը կարճատեւ այցի ընթացքում եղել է Գեղարդի վանքում, որի մասին հիացմունքով էր խոսում.«Նախքան Հայաստան գալս չգիտեի, թե ինչպիսի երկիր եմ այցելում. իմացա, որ քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրում եմ։ Շատ տպավորված եմ Գեղարդով, այցիս ամենահետաքրքիր դրվագներից մեկն է»։

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Փրայս Քլարկի խոսքով՝ այս համերգը նվիրված է Միացյալ Նահանգների անցած ուղուն.«Մենք ցանկանում էինք Հայաստանում հնչեցնել աֆրոամերիկյան արվեստի ձայնը։ Հուլիսի 1-ին դեսպանատանը հյուրերի հետ նշեցինք Անկախության հոբելյանը, երեկույթի կարեւոր մասնակիցներից մեկը Շերոնն էր, եւ քանի որ նրա գրաֆիկը ժամանակային առումով չէր հարմարվում, մի քանի օր շուտ նշեցինք։ Շերոն Քլարկը հրաշալի երգչուհի է, երբ երգում է, ունկնդիրը զգում է նրա հոգին ու աֆրոամերիկյան ջազի շունչը»։

Շերոն Քլարկի երեւանյան համերգին


Հանդիսականները, որոնց շարքերում տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին, վայելել են ամերիկյան ջազ ստանդարտներ Շերոնի իմպրովիզներով։ Ջազ երգչուհին նաեւ կատարել է հայկական մեղեդիներ։ 

Շերոնը հյուրախաղերով հաճախ է շրջագայում՝ ելույթ ունենալով հեղինակավոր համերգասրահներում եւ ստանալով միջազգային մրցանակներ։ Նա կատարում է ոչ միայն ջազ, այլեւ բլյուզ, սոուլ եւ գոսփել ժանրի երգեր։ Երգչուհին հայաստանյան այցի ընթացքում նաեւ ակումբային համերգ է ունեցել «Մեցցո»-ում, բացի այդ վարպետության դաս է անցկացրել ջազ երաժշտության սիրահարների համար։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին