×


Շողեր Գրիգորյան.«Ընկնելս համ ծիծաղելի էր, համ էլ ցավոտ»

2015-ի աշնանը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում ամուսնացած Շողեր Գրիգորյանը հարսանիքից հետո տեղափոխվել է ամուսնու մոտ՝ Մոսկվա։ Դերասանուհին օրեր առաջ կարճատեւ այցով Երեւանում էր եւ BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր կենսակերպի կտրուկ փոփոխության, «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում նկարահանվելու մասին եւ ոչ միայն։ 

Շողեր Գրիգորյանն` ամուսնու հետ


Ընդամենը մի քանի օրով ամուսնուս հետ վերադարձանք Երեւան՝ մասնակցելու եղբորս հարսանիքին։ Էդգարն ինձնից ավելի շուտ մեկնեց, որովհետեւ կարոտս չէի առել. եղա թատրոնում, հանդիպեցի ընկերներիս, իհարկե, կուզեի բոլորին տեսնել, բայց չէի հասցնում. օրեր էին լինում, որ ընդհանրապես տուն չէի մտնում։

Մոսկվան ցրտաշունչ է, բայց այնպիսի ջեռուցում կա, որ ցուրտը չի խանգարում։ Եթե այստեղ էլ այդպիսի ջեռուցում լիներ, երեւանյան ցուրտն ընդհանրապես չէինք զգա, հրաշալի կլիներ։ Այնտեղ շփվում եմ ամուսնուս ընկերների հետ, ընկերուհիներ, համակուրսեցիներ ունեմ, որոնք եւս տեղափոխվել են Մոսկվա։ Նոր ծանոթներ ձեռք եմ բերում ընկերներիս միջոցով, քանի որ դեռ չեմ աշխատում։

Այժմ կյանքիս առաջին աշխատանքային դադարն է
։ Թատերական ինստիտուտ ընդունվելուց հետո անընդհատ աշխատել եմ։ Ինձ համար անսովոր է, չեմ կարող չխաղալ, ամուսինս էլ ուզում է, որ գործի մեջ լինեմ, հորդորում է, որ չծուլանամ։ Հիմա զարգացնում եմ ռուսերենի իմացությունս, կարդում եմ ռուսերեն գրքեր ու դիտում ֆիլմեր, որոնց ցանկը շատ վաղուց էի հավաքել։ Այն ազատ շրջանն է, երբ ինքնակրթվում եմ ու նոր գիտելիք ստանում։

Մկրտիչ Արզումանյանը եւ Շողեր Գրիգորյանը


Կյանքս ու առօրյաս լիովին փոխվել է ոչ միայն ամուսնության, այլեւ երկրից հեռանալու պատճառով։ Ես որոշ ժամանակ սովորել ու աշխատել եմ Ֆրանսիայում, բայց այն ժամանակ 20 տարեկան էի, քիչ էի կապված Հայաստանին, ուզում էի հետաքրքիր ու արկածային կյանքով ապրել։ Հիմա գնահատում եմ Հայաստանը՝ համով ջուր, լավ եղանակ, արեւը շատ… Ափսոսում եմ, որ անփույթ ենք վարվում` մեր անձնական շահը փնտրելով։ Մոսկվան աշխույժ քաղաք է, մեծ հորիզոններ են բացվում, սիրում եմ մեգապոլիսներ, բայց Հայաստանն ուրիշ է: Երբ հեռու ես, հայրենասիրությունդ ու կարոտդ մեծանում է, կրակն ես ընկնում, քեզ մեղավոր ես զգում ու չես կարողանում հանգիստ ապրել:

Բայց ամուսնությունից հետո որպես մարդ լրացվել եմ. հիմա եմ հասկանում, որ իմ էությունը կիսատ է եղել։ Երբ հանդիպեցի Էդգարին, զգացի, որ իմ կեսն է, իմ կյանքը լիցքավորվեց։ Փորձում ենք մեր կյանքը գունավորել, չէ՞ որ ամեն օրը մեզ տրված է սիրով լի դարձնելու համար։

Շողեր Գրիգորյանը`«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի նկարահանումներին


Մինչեւ ամուսնությունս Հայաստանում հասցրել եմ նկարահանվել «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում։ Հետաքրքիր կերպարում եմ, որն ուզում է ամուսնանալ, ավելին՝ գիտի, թե ում հետ է ուզում ամուսնանալ։ Ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ աշխատել եմ 3-րդ անգամ, իրար հեշտ ենք հասկանում, իսկ Մկրտիչ Արզումանյանի հետ աշխատելը նորություն էր, նա լավ աչք ունի, կարողանում է արագ կողմնորոշվել, արագ նկարվելու մեծ փորձառություն ունի։ Մկոյի հետ աշխատելը հավես էր, նա օգնում էր, որ չկենտրոնանամ կերպարիս մանր դետալների վրա, այլ արտահայտիչ կողմերը տեսնեմ ու ներկայացնեմ։

Կատակերգության նկարահանումների ընթացքում որքան ուրախ է կադրում, էլ ավելի ուրախ էր կադրից դուրս։ Այս պահին մի զավեշտալի իրավիճակ հիշեցի, երբ իմ առաջարկով մի դրվագում պետք է մեջքի վրա ընկնեի։ Իմ հետեւում փափուկ հարմարանքներ դրեցին, ես ընկա, ամեն ինչ նորմալ էր, վերջում խոշոր պլանով պիտի միայն դեմքիս արտահայտությունը նկարեին, այլեւս չէի ընկնելու, բայց այնքան տարված էի, որ սրտանց նորից ընկա, բայց փափուկ հարմարանքների փոխարեն, ուղիղ գետնին, ինչը համ ծիծաղելի էր, համ էլ ցավոտ: Շատ կուզեմ երեւանյան պրեմիերային ներկա լինել, բայց դժվար թե կարողանամ նորից վերադառնալ, տեսնենք՝ ինչպես կստացվի։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Շողեր Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW