×


Շուշաննա Թովմասյան.«Շատ եմ կարեւորում շրջապատիս կարծիքը, բայց...»

Հագեցած աշխատանքային տարվա ավարտից հետո Շուշաննա Թովմասյանն իր ամառային հանգիստը նախ վայելել է Լոս Անջելեսում, ապա Սանկտ Պետերբուրգում: Օրեր առաջ հայրենիք վերադարձած դերասնուհին լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում` առաջինը մեր ընթերցողներին ներկայանալով նոր սանրվածքով ու ոճով:):

Շուշաննա Թովմասյանը


Առաջին անգամ ԱՄՆ այցելեցի տարեսկզբին: Մտածում էի` 15 օրը բավական կլինի հանգստանալու եւ Լոս Անջելեսին ծանոթանալու համար, բայց սխալվում էի: Դեռ այդ ժամանակ որոշել էի երկարատեւ արձակուրդս դարձյալ այնտեղ անցկացնել, ինչի համար չեմ զղջում. հիանալի ու անմոռանալի ամառ ունեցա: Ճիշտ է` մեկ ամսին էլ չբավականացրեց լինել բոլոր այն տեղերում, որ նախապես ծրագրել էի, բայց չեմ բողոքում, ահագին բան հասցրել եմ անել:

Ամերիկաբնակ մի շարք բարեկամներ ու ընկերներ ունեմ, որոնցից ոմանց հետ վերջերս եմ ծանոթացել: Օրերն այնպես արագ էին անցնում, որ շտապում էի բոլորի հետ մի քիչ ժամանակ անցկացնել՝ նրանց չնեղացնելու եւ կարոտս առնելու համար:
Ժամանցի մի շարք վայրերում եմ եղել: Քանի որ ատրակցիոնների սիրահար եմ, դարձյալ «Դիսնեյլենդ» այցելեցի: Ավագ ընկերներիցս մեկի հրավերով շրջագայել եմ նավով, եղել Մեքսիկայում: Կծու ուտեստների սիրահար եմ, դրա համար չկարողացա անտարբեր անցնել մեքսիկական խոհանոցի կողքով. ինչ փորձում էի, շատ էի հավանում:):

Չեմ ցանկանա համեմատել ԱՄՆ-ն Հայաստանի հետ: Այն շատ մեծ պետություն է, բնակիչները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են: Չնայած` չեմ կարող չառանձնացնել մարդկանց հանգիստ բնավորությունը. շատ բարեհամբույր էին, սիրալիր: Խանութում աշխատակիցը կարող էր անդադար ժպտալով սպասարկել քեզ, առանց դժգոհելու այս կամ այն իրը տալ, ինչը երբեք մեզ մոտ չեմ տեսել:

Շուշաննա Թովմասյանը


Շատ եմ սիրում իմ երկիրը, իմ քաղաքը` Երեւանը:  Չեմ պատկերացնում ինձ այլ երկրում ապրելիս: ԱՄՆ-ում աշխատելու մի քանի առաջարկ ունեի, բայց մերժեցի: Ուզում եմ իմ ծննդավայրում ապրել ու հաջողությունների հասնել:

Գնումների հանդեպ թուլություն ունեմ:  Չէի կարող հասնել Ամերիկա ու մի լավ չշրջել խանութներով :): Նոր ու գեղեցիկ զգեստեր եմ գնել ինձ համար: Չեմ մոռացել նաեւ այստեղ ինձ սպասող հարազատներիս ու ընկերներիս: Ամեն անգամ որեւէ երկիր այցելելիս նրանց համար անպայման պիտանի նվերներ եմ բերում:

Երբ փողոցում քայլելիս ինձ ճանաչում էին, աշխարհն իմն էր լինում: Այ, այդ ժամանակ հասկանում էի, որ վերջին տարիներիս քրտնաջան աշխատանքը զուր չի եղել. մարդիկ շարունակում են սիրել իմ կերտած կերպարները: Գրեթե միշտ դրական կարծիքներ եմ լսում: Մոտենում են, լուսանկարվում, հետաքրքրվում սպասվելիք նորություններով, ինչն էլ ինձ աշխատելու մեծ ուժ է տալիս:

Լոս Անջելեսի սրճարաններից մեկում ինձ մի կին մոտեցավ, լուսանկարվեցինք, ու ասաց, որ թոռնիկը նկարվել է Միհրան Ծառուկյանի` Գոռի հետ, այժմ էլ կցանկանա Էլենի հետ նկարվել:): Պայմանավորվեցինք, հաջորդ օրը հանդիպեցինք, ու իրականացրի աղջնակի ցանկությունը:

Շուշաննա Թովմասյանը


Սանկտ Պետերբուրգ այցերս կարծես ավանդույթ են դարձել: Ամեն տարի պարտադիր հյուրըկալվում եմ կնքահորս ընտանիքին, ովքեր մեծ ջերմությամբ են ինձ ընդունում:  Միացյալ Նահանգներում ակտիվ հանգստից հետո արդեն այստեղ ավելի պասիվ առօրյա եմ ունեցել: Եղանակը հիմնականում անձրեւային էր, շատ չենք վազվզել. սպա-կենտրոններ եմ հաճախել ու ինձնով զբաղվել:):

Սիրում եմ պարբերաբար փոխել սանրվածքս ու նոր կերպարով ներկայանալ: Կարծում եմ՝ նոր սանրվածքս ինձ սազում է:): Նոր ոճս հավանել եմ: Շատ եմ կարեւորում շրջապատիս կարծիքը, բայց երբեք դրա գերին չեմ դառնում: Վերջնական որոշում կայացնելիս հետեւում եմ սրտիս թելադրանքին:

Ամեն անգամ հաճույքով եմ աշխատում ձեր թիմի: Լուսանկարիչ Էմինը հիանալի մասնագետ է, իրար լավ ենք հասկանում, համագործակցությունն էլ հեշտ ու հաճելի է լինում: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին իմ գեղեցիկ ու յուրօրինակ կերպարները ստանալու համար:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/
Նկարահանումն անցկացվել է «Double Tree by Hilton Yerevan» հյուրանոցային համալիրում
Զգեստները տրամադրել է  Անահիտ Սիմոնյանը (Anahit Simonyan Fashion)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին