×


Շուշաննայի գերի ընկնելը «Կարմիր գլխարկի» պրեմիերայի ավարտին :)

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ երեկ` հունիսի 1-ին, «Թատրոն 32»-ում ուրախ տրամադրություն էր տիրում. մի խումբ փոքրիկներ եկել էին դիտելու իրենց սիրելի «Կարմիր գլխարկին»:): Շուշաննա Թովմասյանի, Էմիլ Գալստյանի, Ագնեսա Շահնազարյանի, Խաչատուր Առաքելյանի եւ այլոց մասնակցությամբ մանկական ներկայացման պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Շուշաննա Թովմասյանը "Կարմիր գլխարկը" ներկայացման պրեմիերային


Շուրջ 40 րոպե դահլիճում ծիծաղ եւ ուրախ բացականչություններ էին. դերասանները մշտապես խոսում էին հանդիսականների հետ, հարցեր տալիս, իսկ երեխաները, միմյանց հերթ չտալով, պատասխանում էին: Ներկայացման սցենարի հեղինակներ Կարեն Բաբաջանյանը, Վահե Հովհաննիսյանն ու Խաչատուր Առաքելյանը հայտնի հեքիաթը մատուցում են նորովի` այն համեմելով ժամանակակից տարրերով: Ի դեպ, Խաչատուրը նաեւ հանդես է գալիս գայլի եւ ոզնու կերպարներում:):

Բեմադրող ռեժիսոր Կարեն Բաբաջանյանը նշել է, որ փորձել են հեքիաթը ժամանակակից փոքրիկների համար առավել հետաքրքիր դարձնել. ««Կարմիր գլխարկը» ժողովրդական ծագում ունի եւ տարբեր ժամանակներում որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Կարծում եմ` եթե մենք էլ սյուժեն չփոփոխեինք, նայելիս ներկաների մոտ մի շարք հարցեր կառաջանային, օրինակ` ինչու Կարմիր գլխարկը չի զանգում տատիկին: Փորձել ենք հիմնավորել ու ցույց տալ, որ նույնիսկ տեխնիկայի առկայության դեպքում էլ հնարավոր է կապ չլինի»:

Կարեն Բաբաջանյանի որդին եւ Շուշաննա Թովմասյանը


Ներկայացման մեջ կտեսնեք նաեւ Մաուգլիին, որի կերպարում Կարենի որդին է` Սամվելը: Խոսելով նրա դերի մասին` ռեժիսորը նշել է. «Սեփական երեխայի մասին կարծիք հայտնելը շատ դժվար է: Կուզեի, որ ներկաները խոսեին նրա կերպարի ու խաղի մասին: Տեսակով շատ պահանջկոտ եմ, տղայիս հանդեպ էլ ավելի խիստ եմ»:

Պարզվում է` սա Սամվելի առաջին դերը չէ.«Այս տարի արդեն նման մի քանի փորձ ունեցել է: Ամերիկյան ֆիլմերի կրկնօրինակումներ է արել, ինչը, փորձառու դերասաններն էլ կփաստեն, շատ դժվար գործ է: Կարծում եմ` ստացվում է, ցանկություն ունի նաեւ թատրոնում խաղալ, իսկ կշարունակի այս գործը, թե ոչ, ժամանակը ցույց կտա»,- ասել է Կարենը:

"Կարմիր գլխարկը" ներկայացման պրեմիերային


Կարմիր գլխարկի դերում հանդես եկող Շուշաննա Թովմասյանի հետ զրուցել մեզ դժվարությամբ հաջողվեց. ներկայացման ավարտից հետո փոքրիկները շրջապատել էին նրան, գրկախառնվել ու լուսանկարվում էին:). «Շատ ուրախ եմ, որ կարողացա ուղիղ կապի մեջ մտնել երեխաների հետ. մի ուրիշ էներգիա են տալիս։ Ճիշտ է` փոքր-ինչ սպառվում ես, բայց հենց սկսում են խաղալ քեզ հետ, ուժերդ միանգամից վերականգնվում են։ Երեխաներին դժվար է ներգրավել խաղի մեջ, կարծում եմ՝ ստացվեց»:

Չար կախարդի դերում հանդես եկող Էմիլ Գալստյանը նախկինում մանկական այլ ներկայացումներում խաղալու առիթ ունեցել է եւ երեխաների հետ աշխատելու փորձ ունի: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ առաջարկը ստանալուն պես համաձայնել է, քանի որ հաճույքով է աշխատում փոքրիկների համար.«Ուրախ եմ, որ կարողացանք ուրախացնել եւ հաճելի ժամանակ պարգեւել նրանց: Կերպարիս մասին ոչ մի լավ բան ասել չեմ կարող:), կարեւորը` հեքիաթը բարի ավարտ ունեցավ»:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին