×


Շպռոտ.«Ուզում եմ երեխա ունենալ. թե ինչ ճանապարհներով, կարեւոր չէ»

Շպռոտը 7 տարի Հայաստանում չլինելուց հետո այս ամիս վերջապես կարողացավ իրականացնել իր մեծ ցանկությունը եւ այցելել հայրենիք: Մինչ երգչուհին կմեկնի, BRAVO.am-ը հասցրել է զրուցել նրա հետ ամենակարեւորի մասին:

Շպռոտը


Անին նշել է, որ շատ էր կարոտել մայրիկին, իր քաղաքը, տունը, ընկերներին. «Ինքնաթիռից հենց Մասիսը տեսա, սկսեցի ձայնով լաց լինել: Կողքիս սփյուռքահայեր էին, ովքեր 17 տարի չէին եղել իրենց հայրենիքում, բայց իրենց պետքն էլ չէր: Երեւի արդեն օտարացել են»:

Հայրենիքը կարոտած երգչուհին Երեւանի փողոցներով շրջում է ընկերուհու՝ Սոնյայի հետ: Կարծում է` քաղաքը շատ է փոխվել, մարդիկ` նույնպես. նրանք սիրուն են ու ճաշակով հագնված.«Սրճարանների փակվելուց հետո էլ տուն գնալ չեմ ուզում, ասում եմ` մի քիչ էլ մնամ, կարոտս չեմ առնում: Ամեն երեկո Սարյանի սրճարաններում ուրցով թեյ եմ խմում, ամեն կումից հետո հոտ եմ քաշում բաժակից, թեյնիկից ու չեմ հագենում: Կուզեի գոնե մի քանի ամիս մնալ. դեռ բոլոր հարազատներիս չեմ հասցրել տեսնել»:

Երգչուհին ամենից շատ մայրիկի հետ է ժամանակ անցկացնում: Միասին գնումների են գնում, տանը սուրճ են վայելում. ԱՄՆ-ից շոկոլադներ ու ծամոններ է բերել, որոնք այնքան շատ են, որ մայրիկը բաժանում է հարազատներին: Խորհրդանշական նվերներ էլ է բերել մտերիմներին, իսկ այստեղից իր հետ կտանի չրեր, ավելուկ էլ է գնել  ու տանիքում չորացնում է:

Շպռոտը՝ մայրիկի հետ


Շպռոտը պատասխանել է նաեւ իր իմիջին վերաբերող մեր հարցին.«Արդեն մեծ աղջիկ եմ, գժական կերպարներն էլ չեն սազում ինձ: Առօրյայում միշտ էլ հասարակ եմ հագնվել, միայն բեմական հագուստս է տարբերվել: Ռեստորանում, որտեղ երգում եմ, ընտանեկան հավաքույթներ են լինում, դրա համար էլ միշտ զուսպ եմ հագնվում»:

Բացի ռեստորանում երգելը, այլ` ֆիզիկական աշխատանք էլ է կատարում այնտեղ, որի մասին խոսել չցանկացավ.«Հավատացեք, այնտեղ գոյատեւելն այնքան էլ հեշտ չէ. մի աշխատանքով միայն օրվա հացի փող ես վաստակում: Ռեստորաններն ավելի շատ տեղ են տալիս տղամարդ երգիչներին. նրանք իրենց նվագախմբերի հետ են գալիս, ուրախացնում են ավելի շատ, քան մենք` երգչուհիներս: Պարզապես այնտեղ ես ինձ ապահով քաղաքացի եմ զգում, ինչը չէի զգում Հայաստանում»:

Սիրո մասին Անին հիասթափված չի խոսում.«Սերն այնքան լավ բան է. այն իր մեջ ունի երջանկություն էլ, ցավ էլ: Միշտ ապրել եմ այնպես, ինչպես սիրտս ուզել է, կարծում եմ` պարկեշտ կյանքով եմ ապրել, պարզապես հասարակությունը մարդուն իր հագած զգեստով է որակում: Հիմա երազում եմ ընտանիք ունենալ: Ուզում եմ երեխա ունենալ. թե ինչ ճանապարհներով, կարեւոր չէ: Տարիքս է այդպես ստիպում. քառասունին մոտ եմ արդեն: Ես առանց հայր եմ մեծացել, գիտեմ՝ դա ինչ է նշանակում. կուզեմ՝ երեխաս հայր ունենա, լիարժեք ընտանիք…»:

Շպռոտը


Երգչուհին նեղված է կենդանիների հանդեպ մարդկանց անտարբերությունից. «Այնտեղ մարդիկ եւ կենդանիները հավասար իրավունքներ ունեն: Երկու երիտասարդ բենզին էին լցրել կատվի վրա ու վառել: Այդ քայլի համար նրանք դատվեցին: Երեկ շենքի բակում շան ձագուկի վնգստոց լսեցի: Մեկ էլ տեսնեմ՝ նրան վրաերթի ենթարկած մեքենան առանց օգնություն ցույց տալու ուզում է հեռանալ: Դեռ մի բան էլ նեղվում էր, որ կենդանին խանգարել է երթեւեկությունը: Այդ մարդու պահվածքը սպանում էր ինձ, անճարությունից լաց էի լինում: Շան օրգանները լխճվել էին, չգիտեի` ինչ անել: Մինչեւ կարողացա կապվել Սոնա Շահգելդյանի հետ, որ օգնության հասնի, կենդանին ձեռքերիս մեջ սատկեց: Ու տեսա, թե ինչպես էր շան ընտանիքը հեռվից ոռնում…»: Անին պաշտում է կենդանիներին: ԱՄՆ-ում իր կատվի հետ է բնակվում: Երեւանի տանն էլ կատու ունի:

Չնայած կարճաժամկետ այցին` Շպռոտին հասցրել են աշխատանքային հրավերներ անել, եւ մինչ հուլիսի 10-ին կմեկնի, փոքրիկ մենահամերգներ կունենա երեւանյան ժամանցի վայրերից մի քանիսում:

Տեքստը՝ Լիանա Կարապետյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Շպռօտի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին