×


Ողջ ճշմարտությունն Անաիս Սարդարյանի եւ Էմիլ Գալստյանի հարաբերությունների մասին :)

Այսօր “Շանթ”-ի “Քաղաքում” սերիալում Անուշիկին մարմնավորող Անաիս Սարդարյանի ծննդյան օրն է: Դերասանուհու 26-ամյակը հրաշալի առիթ է, որպեսզի ներկայացնենք մեր իրականացրած նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը հոբելյարի հետ:):

Անաիս Սարդարյանը


Դպրոցական տարիներին իրավաբան դառնալու ցանկություն ունեի, իսկ հայրիկս, չգիտես` ինչու, ուզում էր, որ տնտեսագիտական կրթություն ստանամ: Մաթեմատիկայից թույլ լինելու պատճառով վերջին մասնագիտությունը բացառեցի:):
 
Արվեստը մեր ընտանիքում իր ուրույն տեղն ունի: Մայրս մասնագիտությամբ կոնցերտմայստեր է: Ժամանակին հաճախ էինք լինում Մոսկվայում, եւ առիթը բաց չէին թողնում այցելել ներկայացումների, համերգների:

8-րդ դասարանում ինքս ինձ հարցրի, թե ինչու Թատերական ինստիտուտ չդիմեմ: Առաջին տարին ուշացա թատրոնի պատմության քննությունից, բայց երկրորդ տարին իսկ ընդունվեցի:

Դերասան դառնալու համար կրթությունը բավարար չէ, պետք է լինել դերասան:
Ուսանելուս տարիներն անմոռանալի են, միջավայրն` անփոխարինելի: Հրաշալի կուրս եմ ունեցել եւ ընկերներ ձեռք բերել` Լեւս Դավթյան, Սոնա Մաթեւոսյան, Արսեն Լեւոնյան… Նրանք նկարահանվել ու շարունակում են խաղալ տարբեր սերիալներում, ներկայացումներում:

Անաիս Սարդարյանը


Համալսարանում արգելում էին խաղալ սերիալում:  Չգիտեմ` ինչու, բայց մտածում էին, որ այն փչացնում է ապագա դերասանին, եւ բազմաթիվ առաջարկներ մերժել եմ:
Դերասանը, ով նկարահանվում է սերիալում, բայց տանը կարդում է Բոմարշե, չի կարող փչանալ մասնագիտական առումով: Թատրոնն այսօր ի վիճակի չէ ֆինանսապես լիարժեք ապահովել դերասանին, իսկ նրան ապրել է պետք:

Քասթինգի եմ մասնակցել “Քաղաքում” սերիալում Իռենին մարմնավորելու համար: Անհրաժեշտ էր սցենարից մի քանի բառ կարդալ, ես էլ բարկացա` ասելով, որ այդպես չեն կարող հասկանալ` համապատասխանում եմ կերպարին, թե ոչ: Արդյունքում ռեժիսորն ու սցենարիստն ինձ վստահեցին Անուշիկի դերը: Եթե 2 տարի առանց խոչընդոտների մարմնավորում եմ այս հերոսուհուն, ուրեմն այն սիրված է հեռուստադիտողի կողմից:

Նկարահանման հրապարակում շատ ուրախ է ու հետաքրքիր: Ամեն օր մի զավեշտալի դեպք է լինում: Լուսավորողն է հաճախ վախեցնում` լույսը գցելով մեզ վրա, երբեմն էլ խաղընկերոջս հետ վիճելիս այնքան եմ մտնում դերի մեջ, որ սկսում եմ իմպրովիզներ անել:

Անաիս Սարդարյանը


Աշխատանքային գրաֆիկս բավական հագեցած է` նկարահանումներ, փորձեր թատրոնում, ինչի պատճառով ուշ եմ վերադառնում տուն: Մոսկվայում բնակվող ծնողներս այժմ ինձ մոտ են:

Առօրյաս չեմ պատկերացնում առանց նկարահանումների: Անվերջ կարող եմ լսել դերասանուհի Աննա Էլբակյանի խորհուրդները: Խաղում եմ “8 սիրագորով կանայք”, “Քիթը”, “Մարդի՛կ, վերեւ նայեք” ներկայացումներում:

Սերիալից դուրս ակտիվ եմ, վախկոտ, անվախ, ժպտերես:  Վախենում եմ միջատներից, ալերգիայից, գեր եւ բարձրահասակ մարդկանցից, չեմ վախենում դժվարություններից: Շատ փորձություններ եմ հաղթահարել ու պատրաստ եմ հաղթահարել: “Այն, ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում” արտահայտությունն ինձ համար է ասված:

Հայտնի լինելը շատ է օգնում:  Երբ ասում եմ իրական անունս, զարմանում են.“Ո՞նց, Անուշիկը չե՞ս”: Բանկերում, անձնագրային բաժանմունքում հաճախ ընդառաջում են եւ չեն սպասեցնում, ճանապարհային ոստիկանությունն էլ է օգնում:

Անաիս Սարդարյանը


Ընտանիքի միակ երեխան չեմ.  քույրս` Նարեն, երկու տարով մեծ է ինձնից, բժշկուհի է, ապրում է Մոսկվայում: Շատ տարբեր ենք: Նա չի հետեւում սերիալին եւ հաճախ զարմանում է, երբ իրեն մոտենում են անծանոթ հայեր եւ ինձնից հետաքրքրվում:

Հաճելի է, երբ ճանաչում են, սիրում են: Վերջերս մի երկրպագու փորձել էր բոլոր ընկերներիցս պարզել, թե ինչ կապ ունեն ինձ հետ:):

Ավտոմեքենաս ինձ համար փոխադրամիջոց է, հանդերձարան, զգեստապահարան: Սիրում եմ լավ հագնվել, սակայն պիտակամոլ չեմ:

Ընկերներիս համար գրեթե ոչինչ չեմ խնայում, բայց երբեմն հասկանում եմ, որ որոշ մարդիկ նվիրվածությունը պարտականություն են ընկալում: Դավաճանությունը սպանում է ընկերությունը:

Երբեք չեմ խուսափել աշխատանքից: Ծնողներիս պահելու համար պատրաստ եմ անգամ փողոց ավլել: Աշխատել եմ մանկական սրճարանում: Առաջին աշխատավարձս կազմել է 2500 դրամ:

Անաիս Սարդարյանը


Չեմ սիրում ձեւականություններ, գնահատում եմ անկեղծությունն ու անմիջական շփումը: Այսօր շատերի համար կյանքը տեղափոխվել է սոցիալական ցանցեր: Ուզում եմ խորհուրդ տալ նրանց.“Դուրս եկեք այդտեղից, շփվեք, ապրեք իրական կյանքով”:

Ի տարբերություն Անուշիկի, պաշտում եմ խոհանոցը եւ այնտեղ ինձ լավ եմ զգում: Սիրում եմ պատրաստել, ստեղծագործել: Մսով, ընկույզով եւ բուլղարական պղպեղով հետաքրքիր ուտեստ եմ հորինել, որը շատերն են հավանում:

Էմիլ Գալստյանի հետ միմիայն ընկերներ ենք, այնպես, ինչպես Լեւս Դավթյանի, Մովսես Կարապետյանի հետ: Շատ մտերիմ ենք, միասին հաճախ ենք լինում հանրային վայրերում, գուցե դա է պատճառը, որ մեզ հաճախ “ամուսնացնում” են:

Երբ որոշեմ ամուսնանալ, այդ մասին բոլորը կիմանան: Սիրտս ազատ է: Շատ եմ սիրում երեխաներ, բայց մայրանալու համար նախ պետք է ընտանիք կազմել: Չեմ կարող ասել, թե որ բնագավառից կլինի ընտրյալս: Էական էլ չէ, կարեւորը սիրենք եւ հասկանանք միմյանց:

Հ.Գ. Դերասանուհին BRAVO.am-ին հրավիրել է համտեսելու իր հեղինակած ուտեստը, որի բաղադրատոմսն ու պատրաստման ընթացքն առաջիկայում կներկայացնենք մեր ընթերցողներին:):

Տեքստը`  Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին