×


“Ոսկե ծիրան”-ի հոբելյանական հյուրասիրությունը սկսվել է :)

Երեւան, ամառ, շոգ, ծիրան, քաղցրություն, բարձր տրամադրություն, կինո, տոն, հյուրեր, միջոցառումներ, կինոդիտումներ. հուլիսի 7-ին մեր քաղաքը կրկին բացել է իր հյուրընկալ դռներն արդեն 10 տարեկան “Ոսկե ծիրան” կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ մասնակիցների առջեւ:

Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը


Նախ՝  մինչ երեւանցիները ջրոցի էին խաղում, Սուրբ Զորավոր եկեղեցում տեղի ունեցավ ծիրանի օրհնության արարողությունը, որին ներկաների թվում էր նաեւ հայտնի ռեժիսոր, փառատոնի բարեկամ Քշիշտոֆ Զանուսին.“Եթե հավատում ես Աստծոն, վստահ ես, որ այն, ինչ բնությունն է շնորհել, նրա շնորհքն է, արվեստը` նույնպես: Հասցրել եմ փորձել ծիրանը, բայց այն շատ քաղցր է ինձ համար”:

Երեկոյան էլ տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը` մեկնարկելով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղի բացմամբ իր իսկ անվան հրապարակում եւ շարունակվելով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված միջոցառմամբ:

Ծիրանօրհնեքը Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում


Կարմիր գորգով քայլեցին Ռոման Բալայանը, Սերժ Ավետիքյանը, Արտավազդ Փելեշյանը, Քշիշտոֆ Զանուսին, Շառլ Ազնավուրը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը եւ հայտնի ու սիրված այլ հյուրեր:

Միջոցառման սկզբում Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական նվագախումբը հնչեցրեց “Մատրիցա”, “Գործակալ 007”, “Կնքահայրը” եւ հայտնի այլ ֆիլմերի սաունդթրեքերից հատվածներ ու արժանացավ հավաքվածների ծափահարություններին:

Սերժ Ավետիքյանը


Մեծ էկրանին ցուցադրվեց “Ոսկե ծիրան”-ի տասը տարվա մասին պատմող տեսանյութ, այնուհետեւ բեմ բարձրացավ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը.“Հասկացա, որ այս տարիների ընթացքում բացի ինձնից, ոչինչ չի փոխվել. միայն ես եմ ծերացել:): Մեր նպատակին հասել ենք. հայկական կինոն զարգանում է: Երկու-երեքի փոխարեն, այսօր արդեն մոտ 50 ֆիլմ ունենք, ինչը շատ լավ առիթ է երջանիկ լինելու համար: Նշանակություն չունի, որ ֆիլմերից շատերն անորակ են. քանակը որակ է տալու: Այսօր հասել ենք փառատոնի երկրորդ տասնամյակին, ստեղծելու ենք հայկական կինոյի նոր տեսակ ու ներկայացնելու ենք աշխարհին: Այսօր մշակութային լուրջ կռիվ է աշխարհում, իսկ կինոն լավագույն զենքերից է”:

"Ոսկե ծիրան" փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը


Յուրաքանչյուր ելույթից հետո հայտնվում էին 30-ականների կինոհերոսների ոճով հագնված կերպարներ ու բեմից տանում էին բարձրախոսների համար նախատեսված ձողերը: Ի դեպ, վերջիններս նաեւ ուղեկցում էին հյուրերին կարմիր գորգով անցնելիս:

Ինքնատիպ ելույթով ներկայացավ “Հովեր” երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Օպերային թատրոնի մենակատարներ Ժակլին Սարխոշյանն ու Ռուբեն Մուրադյանը եւս իրենց պարով հիացրին հանդիսատեսին:

Ժակլին Սարխոշյանն ու Ռուբեն Մուրադյանը


Շառլ Ազնավուրի` Երեւան կատարած այցերից մեկի մասին պատմող ֆիլմից հետո, որտեղ երիտասարդ արտիստը խոսում է հայերեն, ներկայանում հայ հանդիսատեսին եւ վայելում նրանց սերը, բեմ բարձրացավ “Ոսկե ծիրան”-ի պատվավոր նախագահ Ատոմ Էգոյանն ու երկար խոսեց նրա մասին.“Երբեմն մտածե՞լ եք, թե ինչ է նշանակում մեր ժամանակների ամենահայտնի հայը լինել: Այս հարցին պատասխանելիս բոլորիս շուրթերին միայն մեկ անուն է` Շառլ Ազնավուր: Աշխարհին նա տվել է ավելին, քան մտածում եք, նա տվել է իր սերը, մենք էլ քեզ ենք սիրում, Շառլ Ազնավուր”,-ասաց կանադահայ հայտնի կինոռեժիսորն ու շտապեց հանձնել շանսոնյեին “Փարաջանովյան թալեր” հատուկ մրցանակը:

"Ոսկե ծիրան”-ի պատվավոր նախագահ Ատոմ Էգոյանը


89-ամյա մեծանուն հայը պարգեւն ընդունեց` առանց բեմ բարձրանալու: Բացի մրցանակից, նա իր հետ տարավ մի քանի րոպե տեւած հոտնկայս ծափահարությունները: Այս հուզիչ պահին հաջորդեց Շառլ Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ “Կրակել դաշնակահարի վրա” ֆիլմի ցուցադրությունը, որի ռեժիսորը Ֆրանսուա Տրյուֆոն է:

Ռեժիսոր-վավերագրող Արտավազդ Փելեշյանը


Նշենք, որ հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է նաեւ դահլիճում գտնվող անվանի ռեժիսոր-վավերագրող Արտավազդ Փելեշյանին՝  ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ: 

Արմեն Մազմանյանը

 

“Ոսկե ծիրան”-ի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի ցանկին ծանոթացեք այստեղ, իսկ BRAVO.am-ը կշարունակի հետեւել փառատոնի ընթացքին եւ նոր մանրամասներ ներկայացնել:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսնակրաները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW