×


Ո՞վ է դարձել “Empyray”-ի նոր վոկալիստը

“Empyray”-ը նոր երգ ունի, որով էլ հանրությանը ներկայացնում է իր նոր մենակատարին: Սարգիս Մանուկյանի` Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո նրան փոխարինեց Եվա Սուջյանը, իսկ այժմ ռոք-խմբի նոր վոկալիստն է 19-ամյա Սուրեն Պողոսովը:

"Empyray" ռոք-խումբը


Սոլո-կիթառահար Կարեն Արզումանյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ երգիչը ձայնային տվյալներով իրենց տպավորել էր դեռ “Շանթ”-ի նախագծերին մասնակցության ժամանակ.“Նա առանձնանում էր իր տեմբրով, եւ երբ նոր վոկալիստ ունենալու խնդրի առջեւ կանգնեցինք, առաջարկեցինք համագործակցել: Իսկ Սարգիսն այն մարդկանցից չէ, որ ընդմիշտ կմնան Միացյալ Նահանգներում, կարծում եմ` ուշ, թե շուտ կվերադառնա”:

Նա դժվարանում է կանխատեսել` նոր մենակատարի շնորհիվ արդյոք կունենան նախորդ տարիների հաջողությունը, բայց խմբի անունից խոստանում է չլռել ու նոր գործերով ներկայանալ.“Երկու տարվա դադարը պայմանավորված էր խնդիրներով. վոկալիստի փոփոխությունը ծանր հարված էր, որովհետեւ պետք է փոխվեր “Empyray”-ի դեմքը, բայց հիմա աշխատելու ժամանակն է: Կարծում եմ` երկրպագուները մեզ չեն դավաճանի, մենք էլ` իրենց”:

"Empyray" ռոք-խմբի նոր վոկալիստն է 19-ամյա Սուրեն Պողոսովը


Սուրեն Պողոսովը, ով մասնակցել է “Հայսուպարսթար 5”-ին եւ “X Factor 1”-ին, հայտնել է, որ իր համար անսպասելի է եղել առաջարկը.““Empyray”-ի մատուցած երաժշտությունը լսելով` սիրեցի ռոքը եւ սկսեցի հետաքրքրվել արտասահմանյան խմբերով: Շատ եմ սիրում Սարգսի երգելու ոճն ու կերպարը, բայց իրարից շատ ենք տարբերվում, միակ ընդհանուր բանը կլինի այն, որ կատարելու եմ նաեւ խմբի հայտնի ու սիրված երգերը”:

Խմբի նոր երգը, որն էլ կատարում է Սուրենը, կոչվում է “Եթե անգամ ուշանամ”: “Empyray”-ն այժմ զբաղված է նոր ստեղծագործությունների ձայնագրության աշխատանքներով, նախատեսում է համերգներով հանդես գալ երեւանյան ակումբներում, նոր տեսահոլովալը եւս չի ուշանա:

“Empyray” խումբն այժմ հանդես է գալիս հետեւյալ կազմով.

Սուրեն Պողոսով - վոկալ, ռիթմ կիթառ
Գիսանե Պալյան - ստեղնաշարային գործիքներ
Կարեն Արզումանյան - սոլո-կիթառ
Դավիթ Խուրշուդյան - բաս-կիթառ
Վլադիմիր Աղաջանյան - հարվածային գործիքներ

BRAVO.am
Լուսանկարները` Shanttv.com-ին եւ Randy-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW