×


Ով կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի կիսաեզրափակիչ համերգներն անցյալում են, եւ արդեն հայտնի են եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները: Հենց նրանք էլ փետրվարի 25-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում կայանալիք եզրափակչում կպայքարեն Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակը դառնալու համար:

Յուրաքանչյուր կիսաեզրափակչում ելույթ ունեցավ տասը կատարող, որոնցից ձայների 50/50 հարաբերակցությամբ ընտրվեցին միայն հինգը՝ միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Այսպիսով, եզրափակիչ փուլում կմրցի տասը մասնակից, իսկ հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնել մեր երկիրը «Եվրատեսիլ 2018»-ում:

Առաջին կիսաեզրափակիչ համերգին ելույթ ունեցան Գեւորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրա»-ն, Հայկ Կասպարովը, Թամար Կապրելյանը, Ռոբերտ Քոլոյանը եւ «Գաթա» բենդը: Նրանցից եզրափակիչ փուլ անցան Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը եւ «Նեմրա»-ն: Հեռուստադիտողի համար անսպասելի էր, որ Թամար Կապրելյանը չհայտնվեց եզրափակչում, քանի որ վերջինիս կատարումն ամենադիտվածներից էր «Յութուբ»-ում: «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, ով նաեւ վարում է նախագծի թողարկումները, իր խոսքում նշեց, որ Թամարը մեծ թվով ձայներ է ստացել հեռուստադիտողի կողմից, սակայն միջազգային ժյուրին բավարար միավորներ չի հատկացրել երգչուհուն.«Նրանց կարծիքները բավական տարբեր էին»,- ընդգծեց նա:


Երկրորդ կիսաեզրափակչում, սակայն, հավանության արժանացան հենց այն հինգ մասնակիցի ելույթները, որոնք եւ կանխատեսվում էին շատերի կողմից: Եզրափակչի ուղեգրի համար մրցում էին Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ շոուն», Սուրեն Պողոսյանը, «Ալտերնատիվ» խումբը, Ամալյա Մարգարյանը, Տյոմը, Սեւակ Խանաղյանը, Մարիամը եւ Հասմիկ Շիրոյանը։ Նրանցից լավագույն հնգյակը կազմեցին Սեւակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, «Կամիլ շոուն», Մարիամը եւ Հասմիկ Շիրոյանը: Սպասվում էր, որ այս անգամ ամենամեծ անակնկալը Կամիլի կողմից կլինի, քանի որ շատերը կարծում էին` նրա հետ հայտնի երգչուհի է ելույթ ունենալու: Սակայն շուտով պարզվեց, որ նրա հետ հանդես են գալիս երեք բեք-վոկալիստ եւ երկու պարուհի:

Առաջարկում ենք դիտել կիսաեզրափակիչ փուլերի մրցութային համերգները եւ մեկնաբանությունների հատվածում կիսվել կարծիքներով մասնակիցների ելույթների վերաբերյալ, նաեւ փորձել կանխագուշակել, թե ով կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողն ու Հայաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլ 2018»-ում:

BRAVO.am
Լուսանկարները` Առաջին ալիքի



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին