×


Դիանա Հովհաննիսյանը եւ Տաթեւ Հովակիմյանը

«Ոտաբոբիկ»` Տաթեւ Հովակիմյանի հետ

Թեւավոր մի աղջիկ, որ սիրում է հավերժ երազել։ Չի վախենում անկեղծանալ, «մերկանալ» ու չնայած՝ չի սիրում խոսել իր մասին, սիրով պատասխանեց մեր բոլոր հարցերին՝ չվախենալով նաեւ «ոտաբոբիկանալ»։ BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծի այս անգամվա հերոսը դերասանուհի Տաթեւ Հովակիմյանն է։

- Տաթեւ՛, սա «Ոտաբոբիկ»-ի այն եզակի դեպքերից է, որ ես իմ հյուրին անձամբ չեմ ճանաչում։ Ամեն դեպքում մեր շփման առաջին իսկ վայրկյանից դու շատ անմիջական մարդու տպավորություն ես թողել։ Ինչպե՞ս կնկարագրես ինքդ քեզ։

- Առհասարակ, չեմ սիրում սեփական «ես»-իս մասին հաճախ խոսել եւ ինձ համար իրոք բարդ է ասել՝ ով եմ ես։ Նախընտրում եմ, երբ ուրիշներն են խոսում իմ մասին։ Բայց ճիշտ ես նկատել՝ սիրում եմ անմիջական լինել։

Դիանա Հովհաննիսյանը եւ Տաթեւ Հովակիմյանը


- Կբարձրաձայնե՞ս քո հասցեին ամենահաճախ հնչող բնութագրերը՝ թե՛ դրական, թե՛ բացասական։

- Քանի որ ես բացասական մարդ չեմ, փորձում եմ միշտ բացասականն ինձնից վանել, առավել եւս, որ հիմնականում իմ վերաբերյալ բացասական կարծիքներ լսում եմ այն մարդկանցից, որոնք ինձ բացարձակ չգիտեն՝ նկարս են տեսել միայն ու կարծիք կազմել։

Իսկ ինչ վերաբերում է դրականներին, ապա, ինչպես դու նշեցիր, շատ են ասում, որ անմիջական եմ, ինչն էլ, չնայած, հաճախ սխալ վերաբերմունք է ստեղծում...

Հիմա եթե դրականների շարքը փորձեմ շարունակել, կստացվի, որ առաջին հարցիդ եմ պատասխանում։ Այնպես որ, թող ուրիշներն ասեն՝ ինչպիսին եմ ես։

- Տաթեւ՛, ես միշտ կարծել եմ, որ մարդիկ յուրաքանչյուր հարցազրույցից առաջ մտածում են որոշակի թեմաների մասին ու «երազում», որ դրանք հարցազրույցի ընթացքում չքննարկվեն։ Այսօր մենք նման թեմա ունե՞նք։

- Իրականում պատրաստ եմ գրեթե ամեն ինչ քննարկել՝ բացառությամբ գուցե անձնականս, քանի որ ո՞ւմ է հետաքրքիր։ Մեր զրույցն էլ այս պահին արդեն իսկ շատ հաճելի ընթացք է ստացել, բայց ո՞ւմ է արդյունքը հետաքրքրելու… Ես դա էլ չգիտեմ։

- Հանրության հետաքրքրությունը դու ի սկզբանե շարժել ես «Անավարտ թռիչք» ֆիլմում մարմնավորածդ կերպարով, իսկ ո՞ր ֆիլմն է առաջինը քեզ տպավորել։

- Դե իհարկե «Տիտանիկ» ֆիլմը: Մանկությանս տարիներին դա ինձ համար ֆանտաստիկ ֆիլմ էր. ամեն անգամ նայելիս այնքան էի հուզվում, ձայնով սկսում էի լաց լինել։ Հիմա, իհարկե, այդ ֆիլմը փոքր-ինչ այլ դիտանկյունից եմ նայում. մտածում եմ՝ ինչպես են նկարահանել, մոնտաժել, հետեւաբար, ընդհանրապես չեմ հուզվում։ Սա, իհարկե, շատ վատ է, ասես մանկությունիցս ինչ-որ բան կորցրած լինեմ։

Դիանա Հովհաննիսյանը եւ Տաթեւ Հովակիմյանը


- Երբ փոքր էիր, գիտեմ՝ չէիր ուզում դերասանուհի դառնալ։

- Հիմա մի վատ, բայց շատ ծիծաղելի բան պետք է պատմեմ։  

Փոքր ժամանակ շատ էի սիրում պարել ու մի ֆիլմ էի տեսել, որտեղ աղջիկը հանում էր շորերն ու սկսում ստրիպտիզ պարել։ Այդ տեսարանը դիտելուց հետո որոշել էի, որ ստրիպտիզ պարող պետք է դառնամ։ Հիշում եմ՝ որքան բացահայտ էի դրա մասին խոսում։

Իսկ գիտակից կյանքում արդեն ես ու հայրս որոշեցինք, որ պետք է սովորեմ համալսարանում, եւ հավաքածս միավորներն ինձ ուղղորդեցին Մշակութաբանության հեռակա բաժին։ Այնտեղ սովորելով՝ հասկացա, որ պետք է ընդունվեմ Թատերական։ Հիմա այնքան ուրախ եմ, որ 16 տարեկանում չեմ գնացել Թատերական ինստիտուտ. այն մի քիչ հասունություն է պահանջում։

- Եթե չեմ սխալվում, ավարտել ես նաեւ Թատերականի մագիստրատուրան։

- Չէ՛։ Ես անվճար ընդունվեցի մագիստրատուրա, բայց չավարտեցի, քանի որ Թատերականը վաղուց արդեն չի զիջում մարդկանց, որոնց պետք է զիջի։

Այդ ընթացքում նկարահանվում էի «Երկրաշարժ» ֆիլմում։ Բացակայությունների պատճառով ինստիտուտում ինձնից այնքան թղթեր էին պահանջում, որ, կարելի է ասել, ինձ ի վերջո հեռացրին` հասցնելով այն բանին, որ ես ընտրեցի «Երկրաշարժը»։

- Այսօր արդեն դրա համար զղջո՞ւմ ես։

- Չէ՛, չէ՛. կարծում եմ՝ մեր մասնագիտության մեջ այնքան կարեւոր է փորձը, որ չի կարելի բաց թողնել խաղալու եւ ոչ մի հնարավորություն, առավել եւս՝ գեղարվեստական ֆիլմերում խաղալու հնարավորություն։

- Փաստորեն նախընտրեցիր փորձը՝ հրաժարվելով կրթությունից։ Իսկ ընտրություն առհասարակ հե՞շտ ես կատարում։

- Այս տարիքում արդեն՝ այո՛։ Ու այլեւս երբեք չեմ զղջում կատարածս ընտրությունների համար. վաղուց արդեն հստակ գիտեմ՝ ինչ եմ ուզում։

Դիանա Հովհաննիսյանը եւ Տաթեւ Հովակիմյանը


- Եվ ի՞նչ ես ուզում։

- Կարծում եմ՝ «ուզում եմ»-ների մասին լռել է պետք։

- Տաթեւ, երկու տարի առաջ վախենում էիր ինքդ քեզ դերասանուհի անվանել։ Իսկ հիմա՞։

- Այս անգամ թող հանդիսատեսն ասի։ Բայց անկախ տարիքից ու տարիների փորձից՝ յուրաքանչյուր դերասան աճելու տեղ ունի։

Ամեն դեպքում այն, որ ռեժիսորները սկսել են ինձ տարբեր կերպարներում տեսնել, ինձ համար արդեն իսկ բավական մեծ ձեռքբերում է։ Օրինակ՝ վերջերս նկարահանվել եմ Դիանա Կարդումյանի կարճամետրաժ «Տոմբե» ֆիլմում՝ մարմնավորելով պոռնիկի կերպար։ Սա ինձ համար անսպասելի ֆանտաստիկ առաջարկ էր՝ արմատական փոփոխություն, ինչից շատ էի վախենում:

Գուցե այս ամենը մի օր ինձ կօգնի բարձրաձայնել, որ լավ դերասանուհի եմ, կարողանում եմ կերպարներս փոխել։ Բայց դերասանի համար կարեւոր է, որ հանդիսատեսը համոզվի դրանում։ Տեսնենք…

- Ամեն դեպքում ոլորտի էքսպերտները քեզ արդեն իսկ գնահատել են՝ շնորհելով «Արտավազդ 2017»-ի «Լավագույն երիտասարդ դերասանուհի» մրցանակը:

- Մրցանակներն իրականում այնքան ձեւական բաներ են։ Իհարկե, հաճելի է, երբ գիտակցում ես, որ քեզ տարիների փորձ ունեցող մարդիկ են գնահատել, բայց դա պահի հաճույք է, եւ վերջ։

Այստեղ, ի դեպ, չեմ կարող չհիշել, որ մրցանակի առիթով մարդիկ շատ բուռն էին արձագանքել. դու ճիշտ նշեցիր՝ «Լավագույն երիտասարդ դերասանուհի», շատերը մտածել էին՝ արժանացել եմ «Լավագույն դերասանուհի», այսինքն՝ «Լավագույն կին դերակատար» մրցանակին ու շատ վրդովվել էին։

- «Լավագույն դերասանուհի», «Էլեկտրական Երեւան», բաց տեսարաններ… Անվանդ շուրջ քեզնից անկախ միշտ ինչ-որ բացասական խոսակցություններ են պտտվում։ Ինչպե՞ս ես պայքարում դրանց դեմ։

- Ոչ մի ձեւ... Ժպիտով։

- Իսկ էմոցիոնալ պոռթկումներ երբեւէ ունենո՞ւմ ես։

- Էմոցիոնալ բոլոր պոռթկումները տալիս եմ կերպարներիս՝ բուռն սեր, ատելություն:

Բայց դե, իհարկե, յուրաքանչյուր կին մեկ-մեկ անկյունում թաքուն լաց է լինում։ Ինձ համար այդ անկյունն իմ տունն է։ Միայն մայրս կարող է տեսնել իմ թուլությունը։ Արցունքն ինձ համար թուլություն է։ Ամաչում եմ, երբ տեսնում են արցունքներս։

Դիանա Հովհաննիսյանը եւ Տաթեւ Հովակիմյանը


- Ֆիլմերը, որոնցում մասնակցություն ես ունեցել, հուզում են հանրությանը։ Տեսածդ ֆիլմերից ո՞րն է քեզ ամենից շատ հուզել։

- «Հերոսիմա, իմ սեր»-ը, ինչպես նաեւ «Կեցության անտանելի թեթեւությունը»։ Շատ-շատ ֆիլմեր կան, որ հուզել եւ հուզում են ինձ։ Դժվար է այս պահին հիշել այդ ֆիլմերի ամբողջական ցանկը։

- Այնպես է ստացվել, որ քեզ հետապնդում են դրամատիկ ու իրական կերպարները։ Կա՞ արդյոք մեկը, ում կցանկանայիր մարմնավորել։

- Շատ եմ սիրում բալետ։ Տարիներ առաջ անգամ հաճախել եմ բալետի։ Այնպես որ, Մայա Պլիսեցկայայի դերը շատ կուզեմ խաղալ։ Ի դեպ, հաճախ ինձ նմանեցնում են նրան։ Եվ Պինա Բաուիշինը՝ եւս։

- Արդեն ասացիր, որ չես սիրում քո մասին խոսել։ Ամեն դեպքում կա՞ մի բան, որ շատ կուզես՝ մարդիկ իմանան քո մասին։

- Կուզեմ իմանան, որ ես հավերժ երազող աղջիկ եմ, ու շատ ցավալի է, երբ փորձում են իմ թեւերը կտրել։ Կարծում եմ՝ մարդիկ պետք է իմանան, որ երազող մարդանց թեւերը կտրելն ամենամեծ հանցագործություններից է։

- Այս պահին ո՞ր երազանքիդ մասին կխոսես։

- Երազանքները չեն սիրում լսված լինել։

- Տաթեւ՛, զարմանալի չէ, որ կարդալ եւս սիրում ես. հարցազրույցներումդ հաճախ ես մեջբերումներ անում «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»,  «Դորիան Գրեյի դիմանկարը», «Ֆաուստ» ստեղծագործություններից… Ե՞րբ կբարձրաձայնես «Կանգ առ, վայրկյան, չքնա՛ղ ես դու» արտահայտությունը։

- Ես ամեն օր եմ դա ասում։ Ոտաբոբիկ մեր այս վայրկյանն էլ է ինձ համար չքնաղ։

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Գործընկեր՝ «5concept» խանութ-սրահ  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին