×


Ո՞ւմ հետ է դիմավորելու Նոր տարին Սերգեյ Սմբատյանը:)

Ամանորյա խառնաշփոթից անմասն չեն մնում նաեւ երաժիշտները:): Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը BRAVO.am-ի հետ զարդարել է Երեւանի պետական կոնսերվատորիայում գտնվող իր գրասենյակի տոնածառը, ամփոփել է 2011-ը, պատմել իր գործնական եւ անձնական հաջողությունների, ձեռքբերումների մասին:):

“Ամանորին հավաքվում ենք տան մեծի` տատիկիս գլխավորությամբ”. Սերգեյ Սմբատյան


Տարին լավ անցկացնելու համար :)

Նոր տարին ընտանեկան տոն է, եւ շատ ուրախ եմ դրա համար: Խիտ գրաֆիկի պատճառով չեմ հասցնում շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, որն այս պահին Հայաստանում չի բնակվում: Շատ լավ առիթ է, որ բոլորս միասին հավաքվենք Երեւանում` տան մեծի` տատիկիս գլխավորությամբ: Երբեմն մեզ է միանում նաեւ եղբայրս, երբ իրեն հաջողվում է Հայաստան գալ: Երջանիկ եմ ընտանիքիս հետ Նոր տարին նշելու համար, ինչն ինձ շատ է օգնում, որ հաջորդ տարին լավ անցկացնեմ:

Խոհանոցից ու ամանորյա “սպորտային մրցավազքից” հեռու

Ավանդական ուտեստներից մեր սեղանին միշտ լինում են հնդկահավ, ձուկ: Իմիջայլոց ես այնքան հեռու եմ այդ ամենից, երբեմն փորձում եմ հիշել խոհանոցի տեղը … :): Ամանորը տարվա ընթացքում միակ տոնն է, երբ տանն եմ սնվում: Շատ ճամփորդելու եւ զբաղված լինելու պատճառով հիմնականում դրսում եմ սնվում, դրա համար էլ այդքան ուշադրություն չեմ դարձնում ավանդական ուտեստներին:

“Չեմ կիսում կյանքս անձնականի եւ մասնագիտականի”. Սերգեյ Սմբատյան


Արտասահմանում մարդիկ Նոր տարին ընկալում են որպես հանգստի, ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու մի քանի օր: Եվ եկեք չմոռանանք, որ սա հավատքի հետ կապված տոն է: Իսկ Հայաստանում տոնական նախապատրաստություններն արդեն սպորտային մրցավազք են հիշեցնում` ով ավելի շատ կպատրաստի, կգնի:

Ո՞վ է զարդարում Սերգեյի ֆրանսիական եղեւնին:)
   
Մեր տան եղեւնին մամաս է զարդարում. իմ վրայից հանել եմ այդ ծանր պարտականությունը:): Երկու տարի առաջ համերգներ ունեի Փարիզում, քայլում էի Շանզելիզեով ու շատ գեղեցիկ եղեւնի տեսա: Ես ռոմանտիկ քայլերի հազվադեպ եմ դիմում, սակայն ինչ-որ բան ինձ դրդեց, որ գնեմ այդ տոնածառն ու բերեմ Հայաստան: Բայց հետդարձի ճանապարհին մտածում էի, որ անխելք քայլ եմ արել:):

“Նոր տարին ընտանեկան տոն է, եւ շատ ուրախ եմ դրա համար”. Սերգեյ Սմբատյան


Կարծում եմ` տոնածառ զարդարելը ճիշտ գաղափար է, Էքստրաօրդինար մի բան է: Այնքան ուրախ եմ, որ այստեղ դեռ պահպանվում է այդ ավանդույթը, որովհետեւ, օրինակ,  Եվրոպայում շատ մարդիկ բավարարվում են փողոցում զարդարված եղեւնիով: Լավ չեմ հասկանում բնական տոնածառի իմաստը. եղեւնին չի մեծացել նրա համար, որ ավարտի իր կյանքն ինչ-որ մեկի տանը:

Ձեռքբերում անձնական կյանքում:)

Այս տարի մեր նվագախումբը բազմաթիվ հաջողություններ ունեցավ. շատ ենք շրջագայել, համերգներով հանդես եկել հայրենիքում, “Sony Label’’-ի հետ համագործակցության շնորհիվ ձայնագրել ենք ձայնասկավառակ, բազմաթիվ հրավերներ ունենք: Ես չեմ կիսում կյանքս անձնականի եւ մասնագիտականի: Կարող եմ խոսել միայն որպես երաժիշտ: Իսկ անձնական ձեռքբերում եմ համարում այն, որ պայմանագիր եմ ստորագրել շուկա ձեւավորող ամենամեծ ընկերության` “IMG Agency”-ի հետ: Անձնական յուրահատուկ փոփոխություններ չկան. գործս այնքան շատ է, որ արդեն չեմ տարանջատում անձնականն ու գործնականը:):

“Եղեւնին չի մեծացել նրա համար, որ ավարտի իր կյանքն ինչ-որ մեկի տանը”. Սերգեյ Սմբատյան


Ամանորյա ցանկություններ ու բարեմաղթանքներ:)

Գիտեք` ինչն է հետաքրքիր. երբ խոսում ենք ամանորյա ավանդույթների մասին, հասկանում ենք, որ այդ ամենը ստեղծվել է կենցաղային միապաղաղությունից դուրս գալու համար: Այն ամենն, ինչ մաղթում ենք միմյանց Նոր տարուն, ավելի շատ դեկորատիվ բնույթ են կրում, որովհետեւ շատ են դրանց մասին խոսում:
 
Նոր տարում բոլորը միշտ հաջողություն, փոփոխություններ են ակնկալում, ինչն էլ  մաղթում են միմյանց: Ուզում եմ, որ մարդիկ լինեն ավելի խելոք, կամեցող, աշխատող, առողջ` ցանկանալով, որ ընդամենը երջանիկ լինեն, որն էլ միավորում է ամեն ինչ: Երջանկությունը լիարժեք կայացած լինելու զգացումն է:

Եթե Երեւան քաղաքի մարդկանց մեծ մասը սպիտակ էներգիա կրի, այլ կերպ մտածի ու տրամադրվի միմյանց հանդեպ, մենք կլինենք ավելի լավ ու կայացած հասարակություն, ինչն էլ մաղթում եմ, որ իրականանա 2012 թվականին, կմաղթեմ 2013, 2014, 2015 թվականներին ու այդպես շարունակ:):

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին