×


“Չստացված գողություն”

Մարտի 24-ին Ուսումնական թատրոնի բեմում կատարվել է “Չստացված գողություն”. “Էպսիդոն” թատերախումբը ներկայացրել է նոր բեմադրություն՝ ըստ Դարիո Ֆոյի համանուն կատակերգության, որի կարգախոսն է՝ “Ամեն գող չէ, որ հանցագործ է”:

"Չստացված գողություն" ներկայացման պրեմիերային


Գործողությունները տեղի են ունենում իտալացի մեծահարուստի տանը, երբ հանցագործ աշխարհում Ստանգա մականվամբ հայտնի գող Անջելո Տորնատին ստիպված է թաքնվել տանտիրոջ եւ նրա սիրուհու չնախատեսված այցից: Մեկ գործողությամբ ներկայացման կազմում են Շողեր Գրիգորյանը, Ելենա Եսայանը, Դավիթ Եղիազարյանը, Արմեն Սարգսյանը, Լիանա Ավետիսյանը եւ Դավիթ Գասպարյանը:

Ներկայացման ռեժիսորն Արմեն Սարգսյանն է, որն էլ ընտրել է Դարիո Ֆոյի այս ստեղծագործությունը: Նրա խոսքով՝ պիեսը կարդացել է ռուսերենով, անգլերենով, ապա համեմատել բնագրի՝ իտալերենի հետ.“Ռետրո ոճը, ջազն ու պարերն ինձ ոգեշնչեցին գործի անցնել ու դերասաններին ընտրել: Մենք հիմնական կազմ չունենք, բայց ձգտում եմ ընտրել այն դերասաններին, որոնց հետ նախկինում աշխատել եմ, եթե համապատասխան չեն կերպարին, հրավիրում եմ աշխատասեր նոր դերասանների: Այնքան լավ թիմ է հավաքվել, որ իմ առաջադրած խնդիրները չեն մնացել օդում: Կառուցելով հիմքը՝ դերասաններին ազատ եմ թողել անել իմպրովիզներ ու ամեն անգամ նորովի խաղալ եւ հաճույք ստանալ”:

Շողեր Գրիգորյանը` "Չստացված գողություն" ներկայացման պրեմիերային


Թատերախմբի փորձերն անցել են ոչ թե թատրոնում, այլ հանրակրթական դպրոցներից մեկի սենյակում, եւ պրեմիերայից առաջ միայն մեկ անգամ են բեմում փորձ արել. “Մեզ համար դժվար է, որ սեփական ստեղծագործական տարածք չունենք, բայց հաղթահարելի է: Ամենամեծ խնդիրն այն է, որ շատ չենք գովազդվում, հետեւաբար, հաճախ չենք կարողանում դահլիճները վարձակալել ու խաղալ”, - նշել է Արմեն Սարգսյանը:

Շողեր Գրիգորյանը մարմնավորում է սիրուհու, որն առաջին հայացքից թեթեւամիտ ու միամիտ կին է: Նա թեեւ դավաճանում է ամուսնուն, ինչի համար մեղքի զգացում ունի, բայց չի էլ պատրաստվում խաղից դուրս գալ.“Այս կերպարս արդեն հասցրել եմ սիրել: Դարիո Ֆոյի գործերը շատ եմ սիրում: Նա եվրոպական բեմերում ամենաշատ խաղացվող հեղինակներից մեկն է: Ֆրանսիայում ինքս խաղացել եմ նրա պիեսներից մեկը որպես մոնոներկայացում: Իսկ այս գործին մեկ անգամ առչնվել եմ ուրիշ թատերախմբի հետ. ինձ տրվել էր գողի կնոջ կերպարը, բայց, ցավոք, չբեմադրվեց: Երբ Արմենն առաջարկեց սիրուհու կերպարը, նրան վստահեցի, քանի որ երեք տարի պարբերաբար աշխատում եմ թատերախմբի հետ”:

"Չստացված գողություն" ներկայացման պրեմիերային


Դերասանուհու համար այժմ աշխատանքային բուռն շրջան է, մեկ ամսվա ընթացքում ունեցել է երեք պրեմիերա. “Չեմ հավատում, որ այս ներկայացումն էլ հանձնեցինք հանդիսատեսի դատին: Պրեմիերայից մեկ օր առաջ այնքան լարված էինք, որ քննարկում էինք ամեն մանրուք ու մտածում միմյանց չնեղացնել, բայց հանդիսատեսի արձագանքից զգացինք, որ հավանել են: Այս կատակերգությունն իր թեթեւությամբ ու ռետրո ոճով տարբերվում է, ընթացքում չնախատեսված այնպիսի իմպրովիզներ էինք անում, որ կմտապահենք հաջորդ անգամները կրկնելու համար :”

Լիանա Ավետիսյանն էլ հերոսի կնոջ կերպարում է.“Մերօրյա կյանքից իրավիճակներ կան, բայց իտալական հումորով ու ճաշակով կատակերգություն է: Ամուսնական կյանքի մասին բազմաթիվ կատակերգություններ կան, կարծում եմ՝ մարդկանց հետաքրքիր է դիտել դրությունների կատակերգություն”:

Հավելենք, որ ներկայացման բեմանկարիչը Լիլիթ Եղիազարյանն է, պարերը բեմադրել է Մհեր Եղիազարյանը, զգեստների հեղինակն է Մարիա Հայրումյանը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին