×


Պատրա՞ստ եք առաջին սեքսին

Խոսքը ոչ թե ամուսնական առաջին գիշերվա, այլ առաջին սեքսի մասին է, որքան էլ սա երկրային ու կենցաղային հնչի. ինչպես պատրաստվել, ինչպես տրամադրվել, ինչ հաշվի առնել ու ինչ անել հետո: Ընդ որում, քանի որ տղամարդկանց առաջին սեքսը, որպես կանոն, առանց արտառոց արկածների, ցավի ու արագ է անցնում (եթե սխալվում եմ, ապա ուղղեք, քանզի տղամարդ երբեւէ չեմ եղել:)), կանդրադառնամ աղջիկների առաջին սեքսին, որը որոշակիորեն բարդ է թե՛ հենց աղջիկների, թե՛ տղամարդկանց համար: Կանդրադառնամ պարզ, մարդկային շարադրանքով, քանի որ տերմիններ ու սահմանումներ ամենուրեք կգտնեք:

1.ՎԱԽԻ ՄԱՍԻՆ: Աղջիկնե՛ր, մի՛ վախեցեք ձեր սեքսուալ ցանկությունից: Ձեր մարմինը հաճույքի ազդակներ է ընկալում դեռ 16 տարեկանից, իսկ լիարժեք սեքսուալ փորձին պատրաստ է 18-20-ից` ըստ սեքսոլոգների ու հոգեբանների: Այնպես որ դուք ոչ ոքի առաջ ձեր սեքսուալ ցանկության համար պարտավոր չեք արդարանալ, առավել եւս՝ վախենալ: Հանգիստ ու հաճույքով ընդունեք այն փաստը, որ դուք ցանկանում ու պատրաստ եք X տղամարդու հետ սեքսին. դա ամենակարեւոր սկիզբն է ամեն ինչի:

Տղամարդի՛կ, բոլորս հասկանում ենք, որ կամայական աղջկա առաջին տղամարդը լինելը շատ պատասխանատու քայլ է, բայց մի՛ հասցրեք այն մարազմի՝ հնչեցնելով «վախենում եմ վնասել կամ ցավ պատճառել քեզ», «ես էլ եմ ուզում, բայց չեմ կարող ճակատագրիդ հետ խաղալ», «դու տակից դուրս չես գա» եւ նմանատիպ այլ ծեծված արտահայտություններ: Հավատացնում եմ՝ գրագետ, ինքնավստահ աղջիկների մեծ մասն առաջին սեքսը շատ ավելի ադեկվատ կտանեն, քան ձեր մտքով կարող է անցնել:

2. ՑԱՎԻ ՄԱՍԻՆ: Աղջիկնե՛ր, մի՛ տարվեք ռոմանտիկ ֆիլմերում մատուցվող առաջին սեքսի տեսարաններով. իրականում ամեն ինչ ավելի խրթին է, աշխատատար ու ցավոտ: Պետք է տրամադրվել: Նախապես անալգին ընդունելն այդքան էլ արդյունավետ չէ, իսկ այ, 1-2 բաժակ կոնյակը կարող է լավ ծառայել՝ որպես բնական ցավազրկող:

Ուշադրությու՛ն. կոնյակը պետք է ըմպել, այլ ոչ թե տեղային կիրառել:

Ուշադրությու՛ն. արյան բացակայությունը նորմալ է:

Տղամարդի՛կ, եթե ձեզ համար կարեւոր է, որ տվյալ աղջիկը հաճույքով հիշի իր առաջին սեքսը, համառորեն հորդորում եմ յուրացնել փեթինգ (petting) հասկացությունն ու լիարժեք կիրառել այն: Ջանասիրաբար կիրառել: Երկարատեւ ու գեղեցիկ կիրառել:

3. ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: Աղջիկնե՛ր, այս կետը տպե՛ք ու փակցրե՛ք մի երեւացող տեղ, օրական 2 անգամ կարդացեք: Պաշտպանվել պետք է 2 բանից՝ սեռավարակներից ու չպլանավորված հղիությունից: Միֆ է այն, որ առաջին սեքսից չեն հղիանում, սեռավարակների մասին էլ չասեմ: Ոչ մի պատրվակով ու ոչ մի դեպքում մի համաձայնեք  «մերկ» սեքսին: Եթե նույնիսկ դուք անվերջ վստահում եք տղամարդուն (չնայած` խորհուրդ չէի տա) կամ նա ձեզ ներկայացրել է իր սեռավարակների անալիզների մաքուր ցանկը, միեւնույն է՝ նա չի կարող երաշխավորել, որ իր հաճույքների հանգուցալուծումը ձեր օրգանիզմից դուրս կհաջողացնի, ու դուք չեք հղիանա: Ի դեպ, հղիանալ հնարավոր է նույնիսկ սերմնաժայթքումից առաջ արտազատվող  սերմնահեղուկից: 

Նշեմ, որ միջին վիճակագրական  (ուրեոպլազմա-միկոպլազմա, հերպես եւ այլն) սեռավարակը բուժման համար ձեզնից կխլի մոտ մեկ ամիս եւ 100 հազար դրամ, մինչդեռ լավագույն մակնիշի պահպանակի մեկ տուփը՝ 10 րոպե եւ 1.200 դրամ՝ տղամարդուց: 
Տղամարդի՛կ, մի՛ դրեք ձեզ սուպերմենի տեղ («հանգի՛ստ եղիր, ես կհասցնեմ»), մի՛  փաթաթեք ձեր հաճույքի կարեւորությունն աղջկա գլխին նրա առաջին սեքսի ժամանակ («պահպանակով ոչինչ չեմ զգում»), բարեխղճություն ունեցե՛ք եւ ծախսե՛ք վերը նշված 10 րոպեն ու 1.200 դրամը: Հակաճառություններ չեն ընդունվում: Վիճակագրությունը ցույց է  տալիս, որ դուք մեծ մասամբ տեղյակ չեք, թե ինչ սեռավարակ ունեք: Էլ չասեմ, թե ձեզնից  քանիսն են «ստիպված» ամուսնանում հղիության հետեւանքով:

4.ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ: Աղջիկնե՛ր, առաջին սեքսի ընթացքում վագինալ օրգազմի հասնելը գրեթե ֆանտաստիկայի ոլորտից է, այնպես որ կրկին հորդորում եմ չտարվել ֆիլմային օրգազմատիկ տեսարաններով: Կնոջ օրգազմը բավական աշխատատար է ու փորձ է պահանջում: Բայց եթե առաջին սեքսի համար տաղանդաշատ տղամարդու ընտրեք, ապա ծլիկային օրգազմին կարող է եւ ծանոթանաք: Այս դեպքում ավելի կարեւոր է էմոցիոնալ հարմարավետության դաշտում լինելը, գիտակցել, որ շատ գեղեցիկ, հաճելի ու կարեւոր բանի սկիզբ է դրվում:

Տղամարդի՛կ, բնականաբար, ձեր ակնկալիքներն էլ ավելի քիչ են: Շատ լավ կլինի, եթե աղջիկը չզգա ծաղրանքի եւ ոչ մի նոտա նրա անփորձության վերաբերյալ: Եվ զերծ մնացեք գերխնամակալությունից. «որ ոտքդ 30 աստիճանով դեպի աջ եմ շարժում, հո շատ չի՞ ցավում», «հո շատ չհենվեցի՞», «կարո՞ղ ա դադարեցնեմ», «կարո՞ղ ա մի բաժակ ջուր բերեմ». սա սպանում է ողջ սեքսուալությունը, սա ուղղակիորեն չորացնում է ամեն ինչ, մինչդեռ ձեզ հակառակն է պետք: 

5.ՍԵՔՍԻՑ ՀԵՏՈ: Աղջիկնե՛ր, առավելագույնս հանգիստ վերաբերվեք եղածին: Մի շահարկեք սեքսը, մի պայմանավորեք սեքսը հուր հավիտյան սիրով. նման բան հազվադեպ է լինում նույնիսկ հնամենի ամուսինների դեպքում, մի փաթաթեք ձեր՝ որպես կանոն անհիմն վախերը տղամարդու գլխին: Մի գերագնահատեք կամ թերագնահատեք սեքսի իմաստն ու արժեքը, հատկապես 25 տարեկանից հետո. դա մի կողմից ընդամենը սեքս է՝ ոչ կյանքի իմաստ, մեռնելու, տառապելու կամ սեփական բարոյականությունը քննարկելու առիթ, մյուս կողմից՝ մարմնամարզություն կամ արժեզուրկ ժամանց չէ, այլ ուժեղ ու գեղեցիկ էմոցիաների փոխանակում: Ի դեպ, այն կարող է շատ մեծ սիրո սկիզբ լինել ( իհարկե, ադեկվատ եւ ոչ կուսապաշտ տղամարդու դեպքում), կարող է եւ չլինել: Բայց մի բան հաստատ է՝ սեքսը 2 մարդկանց միջեւ ամենաինտիմ ու հիշվող դրվագներից է: Առաջին սեքսն՝ առավել եւս:

Տղամարդի՛կ, մի՛ շահարկեք սեքսը, մանիպուլյացիայի մի՛ ենթարկեք աղջկան եղածի առիթով, դա նվազագույնը գռեհիկ է: Մի՛ բամբասեք, դա նվազագույնը ծիծաղելի է, առավելագույնը՝ զզվելի (եթե աղջիկն անփորձ ու անինքնավստահ է): Փոխարենը պատրաստ եղեք սեքսուալ փորձ փոխանցելուն. դա շատ ավելի հաճելի ընթացք է: 

Թերեւս այսքանը: Հնարավոր չէ անդրադառնալ առաջին սեքսի բոլոր նրբություններին, բայց եթե այս կետերն էլ պահպանվեն, կարծում եմ՝ առաջին սեքսը կհիշվի հաճույքով, այլ ոչ թե դեմքի թթված կամ անտարբեր արտահայտությամբ:

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին