×


Պատրիսիա Կաաս.“Հուսով եմ` կրկին կվերադառնամ Երեւան”

Մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում հայ հանդիսատեսի առջեւ ելույթ ունցավ մեր օրերի ամենահմայիչ ֆրանսուհիներից մեկը` Պատրիսիա Կաասը: Համերգը կայացավ “Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում 2014” ծրագրի շրջանակում:

Պատրիսիա Կաասի երեւանյան համերգին


Լույսերը վառվեցին, բեմում ծնկի իջած եւ դեմքը հանդիսատեսից թաքցրած մի կին է` թիկնոցով, բարձրակրունկ կոշիկներով, սլացիկ մարմնով, նուրբ ու փոքր-ինչ անպաշտպան: Լույսի ներքո նա իջեցնում է ձեռքերը, եւ հանդիսատեսի հայացքը հանդիպում է նրա կապույտ աչքերին. բեմում Պատրիսիա Կաասն է:

Շատ փոքր էի, երբ առաջին անգամ տեսա Ալեն Դելոնի ու Պատրիսիա Կաասի` “Coeurs brisés’’ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, մայրս էլ պատմեց, որ երգչուհին սիրավեպ է ունեցել “աշխարհի ամենագեղեցիկ դերասանի հետ’’ ու մեկ օր պարզապես հեռացել է: Զարմանքից, թե այդ ով է, որ մերժել է մեծն Ալեն Դելոնին, սկսեցի հետաքրքրվել երգչուհու գործունեությամբ: Մի քանի ամիս անց, ֆրանսերեն չիմանալով, հայելու առջեւ բառ առ բառ արդեն երգում էի նրա երգերը` “Mon mec à moi’’, “Mademoiselle chante le blues’’, “D'allemagne’’ եւ այլն: Մոտ 20 տարի անց 47-ամյա Կաասը շարունակում է մնալ կանացիության մարմնավորում, նրբագեղ, հավասարակշռված, բայց միեւնույն ժամանակ վայրի ու խենթ:

Պատրիսիա Կաասի երեւանյան համերգին


Երգչուհին զուսպ է ու լուրջ, վայրի կատվի հեզությամբ ուշադիր զննում է հանդիսատեսին, բեմը եւ վերջապես արտաբերում առաջին խոսքը.“Փոքր-ինչ նեղված եմ. դեռեւս միմյանց չենք ճանաչում, չէ որ սա մեր առաջին հանդիպումն է”: Կաասը նշում է, որ ինքնատիպ հարգանքի տուրք է մատուցելու Էդիթ Պիաֆին եւ երեկոյի ընթացքում լեգենդար երգչուհու երգերի միջոցով կներկայացնի վերջինիս զգացմունքները, կիրքը, սերը, կյանքը … “Kaas chante Piaf” ծրագրով նա հանդես է գալիս 2012 թվականից: Հետո վստահեցնում է, որ կհնչեցնի նաեւ սեփական երգացանկից ստեղծագործություններ:

“Կա մի կին, որ քայլում է փողոցով, սպասում է մի տղամարդու եւ երազում է …”. դե, իհարկե, Պատրիսիան սկսում է Պիաֆի կյանքի պատմությունը պատմել.“Եկեք փարիզյան փողոցային երգերից սկսենք”,-ասում է նա ու կատարում Պիաֆի “Paris’’ երգը:

Պատրիսիա Կաասի երեւանյան համերգին


Այնուհետեւ երգչուհին սիրախաղ է սկսում հանդիսատեսի հետ, հովազի քայլվածքով ու հայացքով գրավում նրանց, հմայում ձեռքի ամեն շարժումով, հրապուրում` մատներով վարսերն ուղղելով, հրավիրում իր` դահլիճում ստեղծած սեփական աշխարհն ու տանում բոլորին իր հետեւից: Ջութակահար, ակորդեոնահար, ստեղնաշարային գործիքներ նվագող, որոնք հնչեցնում են փարիզյան երաժշտություն, բեմում միայն կախիչ է դրված` վրան գլխարկ, թիկնոց, բոա-շարֆ, կողքին` երկարաճիտ կոշիկներ: Կարծես հենց այս իրերի մեջ են ամփոփված Կաասի կյանքը, բեմը, զգացմունքները, տխրությունը, կիրքը: Երգչուհին հանում է թիկնոցն ու մոտենում կախիչին, վերցնում է շարֆն ու… Համերգի ողջ ընթացքում ամեն անգամ այդ իրերին դիպչելիս կերպարանափոխվում է Կասից Պիաֆ եւ հակառակը:

Սեթեւեթող Կաասը Պիաֆի կերպարով զուսպ է, խոր ու անպաշտպան, իսկ հետո ուժեղ ու կանացի, եւ կրկին թույլ ու անվստահ: Յուրաքանչյուր երգի հետ Պատրիսիան նոր կյանք է սկսում եւ “մահանում” կատարման ավարտին:

Պատրիսիա Կաասի երեւանյան համերգին


“Padam Padam”, “Millord”, “La vie en Rose”. Պիաֆի` այցեքարտ դարձած երգերը հնչում են Կաասի շուրթերից ու արժանանում հայ հանդիսատեսի անդադար ծափահարություններին ու բրավոներին: Ի դեպ, “La vie en Rose” երգի ընթացքում Պատրիսիայի հետ երգում էր ամբողջ դահլիճը: Երգերի միջոցով նա ներկայացնում է Պիաֆի կենսագրությունը` սիրավեպերը, կորուստները, թախիծը, միայնությունը: Հետո խնդրում է, որ հոտնկայս ծափահարենք լեգենդար երգչուհուն: Լույսերը խամրում են, ու դահլիճն ասես քարանում է, երբ հնչում է Պիաֆի երգից մի հատված: Չափազանց հուզիչ այս պահին կարծես հենց ինքը` Պիաֆն իր հավանությունն է տալիս Կաասի ելույթին:

Նա թատերական ներկայացման վերածեց համերգը. պարտադիր չէ տիրապետել ֆրանսերենին, որպեսզի հասկանաս Կաասի երգերը. զգայական մակարդակում ամեն ինչ պարզ է ու ակնհայտ, ամեն ինչ հասկանալի է ու հասանելի: Նա երգում է, իսկ դու ասես Էյֆելյան աշտարակի վրայից նայում ես Փարիզին, հետո անցնում ես Հաղթանակի կամարի տակով, հանգստանում Լուքսենբուրգյան այգում, սուրճ խմում “Ռոտոնդա’’ սրճարանում կամ կալվադոս` ռեստորաններից մեկում:

Պատրիսիա Կաասը Երեւանում


Հանդիսատեսը հոտնկայս դեռ երկար ծափահարում էր, երբ Կաասը կրկին բեմ վերադարձավ եւ, արդեն զգեստափոխած, կատարեց վերջին երգը` “Non je ne regrette rien’’ հիթը: Ահա եւ վերջ… Երգչուհին մոտենում է բեմեզրին, հերթով ողջունում առջեւում կանգնածներին ու սեղմում նրանց ձեռքերը … Իսկ հետո, հետո համալիրի անվերջանալի աստիճաններով իջնելով` մարդիկ դեռ շարունակում էին խոսել` “Ինչ լավ էր …’’:

Այսօր երգչուհին հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, խոսել երեկվա համերգի տպավորություններից ու պատասխանել լրագրողների հացերին: Առանց բեմական զգեստների, գրեթե առանց շպարի, մաքսիմալ բնական, բայց կրկին նրբագեղ ու կանացի Կաասը պատմել է, որ երկար ժամանակ է, ինչ ցանկանում էր հանդես գալ հայաստանցի հանդիսատեսի առջեւ եւ ուրախ է, որ առիթ ընձեռվեց. “Շնորհակալ եմ, որ ջերմ ու զգացմունքային ընդունելության արժանացա: Հուսով եմ` կրկին կվերադառնամ Երեւան’’:

Խոսելով Էդիթ Պիաֆին նվիրված համերգային ծրագրի մասին` երգչուհին նշել է, որ չի ցանկանում իրենց համեմատեն.“Պիաֆը, բնավ, իմ կարիքը չունի, որ շարունակի ապրել, բայց ես այս կերպ հարգանքի տուրք եմ մատուցում մեծն արտիստուհուն, նաեւ ֆրանսիական երաժշտությանը’’:

Պատրիսիա Կաասի երեւանյան համերգին


Կաասը անկեղծացել է, թե ճամփորդելիս իր հետ վերցնում է մայրիկի նվիրած փափուկ խաղալիքը: Երգչուհին, որը 21 տարեկանում կորցրել է մորը, նշել է, թե խաղալիքն իրեն յուրահատուկ էներգիա է փոխանցում եւ ուժ է տալիս, նաեւ խոստովանել է, որ ամեն անգամ բեմ բարձրանալիս անհանգստանում ու վախենում է:

“Սիրում եմ պարել, սիրում եմ նոր բաներ փնտրել, փորձել ինձ այն իրավիճակներում, որոնք անսովոր են: Սիրում եմ վտանգը, նաեւ դժվարություններ հաղթահարելը, սիրում եմ ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ’’,-ասել է նա, այնուհետեւ սիրով լուսանկարվել ներկաների հետ ու ստորագրություններ բաժանել: Հենց այդ պահին մեզ հաջողվեց մոտենալ երգչուհուն ու մի քանի բառ փոխանակել.“Ի՞նչ է պետք առաջին հերթին տեսնել Փարիզում եւ ո՞րն է Ձեր փոքրիկ Փարիզը’’: Կաասը մտածելուց հետո պատասխանել է.“Նայած, թե ինչ տրամադրվածությամբ եք մեկնելու: Կարծում եմ` առաջին հերթին պետք է սուրճ ըմպել բացօթյա սրճարաններից մեկում, իսկ հետո այցելել թանգարաններ:)”:

Պատրիցիա Կաասի այցը եւ համերգը հնարավոր դարձան "Երեւանյան հեռանկարներ" փառատոնի, ՀՀ ԱԳ եւ մշակույթի նախարարությունների, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Երեւանի Կոնյակի գործարանի շնորհիվ:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին