×


Պինկաս Ցուկերմանի ելույթով մեկնարկել է 18-րդ «Երեւանյան հեռանկարները»

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը տեղի է ունեցել դասական երաժշտության սիրահարների համար հրաշալի իրադարձությամբ: Տարվա համերգների մեկնարկը տրվել է լեգենդար ջութակահար, կրկնակի «Գրեմմի» մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով:

Պինկաս Ցուկերմանի երեւանյան համերգին


Երեկ՝ մարտի 26-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում երաժիշտը հանդես է եկել թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայթի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հնչել են Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը  ջութակի եւ թավջութակի համար լյա մինոր եւ Թիվ 4 սիմֆոնիան:

Արդեն չորս տասնամյակ Պինկաս Ցուկերմանը համաշխարհային երաժշտության ֆենոմենն է: Նրա անունը հավասարապես հարգանք է վայելում որպես ջութակահար, ալտահար, դիրիժոր, մանկավարժ եւ կամերային երաժիշտ: Նրա 2016-2017 թ.-ի համերգաշրջանը ներառում է ավելի քան 100 ելույթ ողջ աշխարհում: Արդեն 8-րդ տարին է՝ նա հանդիսանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը եւ Կանադայի արվեստների կենտրոնի նվագախմբի պատվավոր դիրիժորը, որի երաժշտական տնօրենն է եղել 1999-2015թթ.:

Ջութակահար Արամ Ասատրյանը եւ Ամանդա Ֆորսայթը


Ցուկերմանը երեք տարի ուսանել է հանրահայտ ջութակահար-մեթոդիստ Իվան Ղալամյանի մոտ: Շատ բարձր գնահատելով իր ուսուցչի դերը՝ անվանի երաժիշտը համերգի նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ ասել է.«Ղալամյանը ստեղծել է ջութակահարների ահռելի եւ փառահեղ սերունդ: Նրանց շարքում են նաեւ Արշարյան եղբայրները: Իսկ Միչիգանում նրա աշակերտներից մեկը ստեղծել է ջութակի առաջին մասնագիտացված խանութը: Նա հանճարեղ մարդ էր ու ամենապարզ ձեւով էր ներկայացնում ամենաբարդ բաները»:

Ջութակահարի խոսքով` երաժշտությունը բուժում է բոլոր վերքերը: Այն սպեղանի է մեր մեծագույն եւ փոքր ցավերի դեպքում: Ըստ նրա`գովելի է, որ Կիսինի, Մայսկիի մեծության երաժիշտները Ցեղասպանության հիմնախնդրի բարձրաձայնողներն են աշխարհում.«Նրանք մասնակցեցին «Քեզ հետ, Հայաստան» համերգին: Աշխարհում այսօր 20 միլիոնից ավելի փախստական կա: Դա մեծագույն ցավերից մեկն է: Պետք է փորձենք արվեստի, մեծագույն մարդկանց խոսքերի միջոցով լուծում տալ այդ խնդրին»:

Պինկաս Ցուկերմանը, Ամանդա Ֆորսայթը եւ Էդուարդ Թոփչյանը


«Հեռանկարների» շրջանակում այս տարի Երեւան կժամանեն Իսրայելի կամերային նվագախումբը, հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդոսը` մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը`ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեւի ղեկավարությամբ, 8 անգամ «Գրեմմի» մրցանակի արժանացած Էմերսոն լարային քառյակը: Փառատոնային տարի կեզրափակի հանճարեղ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW