×


Տաթեւիկ Հովհաննիսյանը

Ջազ-շնչառություն Գյումրիում. Տաթեւիկ Հովհաննիսյանի վերադարձը 4 տարի անց

Մայիսի 25-ին «Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում մեկ բացառիկ համերգով Գյումրիում կլինի հայկական ջազի կենդանի լեգենդ, ջազի թագուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը։ Գյումրիում ջազային ավանդույթների վերականգնման, իրականացվող ջազային նախագծերի եւ Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգային երեկոյի մասին զրուցել ենք համերգի կազմակերպիչ, «Ջազը եւ Գյումրին» նախագծի հեղինակ, «Մանուկյան ընկերության» հիմնադիր-նախագահ Մկրտիչ Մանուկյանի հետ։

-Պարո՛ն Մանուկյան, զրույցը սկսենք «Ջազը եւ Գյումրին» նախագծի գաղափարից. ինչպե՞ս որոշեցիք, որ Գյումրիում ջազ լսելու ժամանակն է։
-Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ որոշեցի՝ Գյումրին ջազ ակումբ պիտի ունենա։ Ակումբից հետո ծնվեց «Ջազը եւ Գյումրին» նախագիծը։ Նպատակ ունեինք մեր քաղաքը եւս հաղորդակից դարձնել ջազային արվեստին ու Գյումրի հրավիրել հայ եւ համաշխարհային մեծության ջազ երաժիշտների։ Կարծում եմ՝ նախագծի անցած ուղին փաստում է, որ մեզ դա հաջողվել է։

-Ու չի խանգարում նաեւ ակումբի փակման հանգամանքը…
-Ակումբը գուցե լրացնում կամ նպաստում էր նախագծի շրջանակներում նաեւ ակումբային համերգների կազմակերպմանը, բայց «Ջազը եւ Գյումրին» նախագծի բուն նպատակը ջազը հասարակության լայն շերտերին հասցնելն էր։ Նախագծի գրեթե բոլոր համերգներն անցկացվել են ավելի մեծ դահլիճներում, քան ակումբն էր։ Այս իմաստով է, որ ակումբի բացակայությունը նախագծին չի խանգարում։

Մկրտիչ Մանուկյանը


-Գալով Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգին. 4 տարի առաջ հենց «Ջազը եւ Գյումրին» նախագծի շնորհիվ էր հայկական իրականության Լեդի Ջազը հայրաքաղաքում. կարո՞ղ եմ ենթադրել, որ նախորդ համերգի բուռն ընդունելությունն է հիմք հանդիսացել Տաթեւիկ Հովհաննիսյանին նորից Գյումրի հրավիրելու համար։
-Ե՛վ ջազասերը, ե՛ւ երաժիշտ կատարողները, ե՛ւ համերգների կազմակերպիչները պարբերաբար թարմ շնչառության, անհրաժեշտ թթվածնի կարիք ունեն։ Ինձ համար այս համերգը հենց այդ շնչառությունն է՝ վերալիցքավորվելու, վերահաստատելու համար, որ եկել է իրական արվեստը գնահատելու ժամանակը։ Այո՛, նախորդ համերգի ժամանակ գյումրեցի հանդիսատեսն ապացուցեց, որ որքան էլ ջազը բարդ ընկալելի է եւ ոչ միշտ պահանջված, բայց Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգն այս իմաստով բացառությունների շարքում է։ Որոշեցինք եւս մեկ անգամ մեր հանդիսատեսին պարգեւել այդ տոնը։ 

-Կենդանի հնչողություն, համաշխարհային ճանաչման երգչուհի, Գյումրի, ոչ համերգային դահլիճ. պետք է որ բարդ լինի…
-Ոչ մի լավ բան հենց այնպես չի ստեղծվում: Թող բարդ լինի, էականն այստեղ արդյունքն է, իսկ արդյունքը բացառիկ արվեստագետի հետ շփումն է, որ, վստահ եմ, անպայման ինչ-որ բան փոխելու է հանդիսականից յուրաքանչյուրի համար։ 

-Համերգը, որքան հասկացա, նաեւ հայկական ջազի 80-ամյակի առիթով է:
-Այո, տարին հոբելյանական է։ Գյումրիում հայկական ջազի 75-ամյակն էլ մեծ հանդիսավորությամբ ենք նշել եւ սա այս առիթով կազմակերպվող միջոցառումներից մեկն է միայն:

Մկրտիչ Մանուկյանը եւ Տաթեւիկ Հովհաննիսյանը


-Այսինքն սպասենք նաեւ նոր նախագծերի:
-Անպայման։

-HAY-AT JAZZ. Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. այս նախագիծն իսկապես նոր տեսակ էր ե՛ւ որպես ջազային իրադարձություն, ե՛ւ որպես Գյումրին ջազի հետ կապելու եղանակ։ Երկրորդ անգամ քաղաքի թանգարանների բակերը կվերածվե՞ն ջազ հարթակների։
-Կվերածվեն: HAY-AT JAZZ-ն իսկապես սիրվեց ու ընդունվեց։ Սա այն դեպքն է, երբ հանդիսատեսն է պահանջում կրկնություն։

-Եվ վերջում, ինչո՞ւ պետք է մայիսի 25-ին երեկոն արվեստասերն անցկացնի Գյումրու դրամատիկականի դահլիճում:
-Որովհետեւ սա բացառիկ ու հասանելի հնարավորություն է լսելու անառարկելի ջազային մեծությանը, հաղորդակցվելու իրական արվեստին ու որակյալ երաժշտությանը, որովհետեւ չի կարելի լինել կամ համարվել մշակութային մայրաքաղաքի բնակիչ ու չգալ լսելու Տաթեւիկ Հովհաննիսյանին: 

Զրուցեց Լիլիթ Թովմասյանը
Լուսանկարները` Մկրտիչ Մանուկյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին