×


Լուիզա Ներսիսյանի ու Ռաֆայել Երանոսյանի հոգեբանական դրաման

“Ամնեզիա”. այսպես է կոչվում Երեւանի կամերային թատրոնի խաղացանկում ընդգրկված նոր ներկայացումը, որի դերակատարներն են Ռաֆայել Երանոսյանն ու Լուիզա Ներսիսյանը, բեմադրիչը Գոռ Մարգարյանն է, իսկ բեմանկարիչը` Նելլի Բարսեղյանը: Նախքան մարտի 10-ին կայանալիք պաշտոնական պրեմիերան BRAVO.am-ը ներկա  է եղել ներկայացման հանձմանը:

Ռաֆայել Երանոսյանը եւ Լուիզա Ներսիսյանը


Հայկական թատրոնի բեմ է բարձրացվել ֆրանսիական հոգեբանական դրամա կին-տղամարդ հարաբերությունների մասին: Լիզան ու Ժիլը մի քանի տարվա ամուսիններ են, նրանց ընտանիքում խնդիրներ են առաջացել, որոնք ամուսինները փորձում են հաղթահարել:  

Ռաֆայել Երանոսյանը եւ Լուիզա Ներսիսյանը


Գոռ Մարգարյանը, որը երկրորդ անգամ է բեմադրություն կատարում այս թատրոնում Ֆրիդա Յորքի մասնակցությամբ “Ստրիպտիզ” ներկայացումից հետո, կարծում է, որ սիրո ու ընտանեկան հարաբերությունների մասին դրամատիկ պատմությունը թատերասերները կհավանեն.“Այնքան բազմաշերտ է, որ յուրաքանչյուրն իրեն հոգեհարազատ ինչ-որ բան կգտնի: Մենք ընդմիջումներով ենք աշխատել. մեկ տարի առաջ արդեն որոշված էր բեմադրել, բայց տարբեր պատճառներով փորձերը հետաձգում էինք եւ վերջին մեկ ամսվա ընթացքում ենք հիմնական փորձերն արել”:

Ռաֆայել Երանոսյանը եւ Լուիզա Ներսիսյանը` "Ամնեզիա" ներկայացման առաջնախաղին


Լուիզան եւ Ռաֆայելն առաջին անգամ չէ, որ բեմում ամուսիններ են. նրանք որպես ամուսնական զույգ հանդես են գալիս նաեւ “Սկոտչ եւ վիսկի” ներկայացման մեջ: Ռաֆայել Երանոսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ այս ներկայացումները միգուցե ինչ-որ նմանություններ ունեն, բայց իր համար շատ տարբեր են.“Այս դերս խոր հոգեբանական խառնվածք է պահանջում: Փորձել եմ հնարավորինս լավ խաղալ, իսկ թե ինչպես է ստացվել, պետք է հանդիսատեսն ասի: Սիրում եմ Ժիրին, նա նպատակասլաց է ու, թեկուզ խաղալով ու ստելով, կարողանում է իր կնոջ սիրտը նորից գրավել: Մենք բեմում վիճում ենք, խմում, համբուրվում, բայց գռեհկություն չկա, այլ կենդանի հարաբերություններ են: Ես էությամբ ավելի խոր մարդ եմ, քան երեւում եմ էկրանից, եւ ի տարբերություն իմ մյուս կերպարների` այս մեկն ինձ նման է իր նպատակասլաց ու պրպտող տեսակով”:

Ռաֆայել Երանոսյանը եւ Լուիզա Ներսիսյանը


“Երբ ռեժիսորն իր գաղափարներն այնպես է հրամցնում, որ դառնա նաեւ իմը, արդեն կարողանում ենք նույն ուղղությամբ նայել ու համատեղ աշխատել: Դերասաններին ճիշտ հունի մեջ դնելը կախված է ռեժիսորի հմտությունից: Գոռը դեմոկրատ ռեժիսոր է. նրան հաջողվեց մեր կերպարներն այնպես մատուցել, որ մեր տեսակետները համընկնեն”,-ասել է Լուիզա Ներսիսյանը` հավելելով, որ ուրախ է իր խաղընկերոջ համար.“Ռաֆայելը կատակերգական դերերում հանդես գալուց հետո այս անգամ դրամատիկ կերպարում է, կարծում եմ՝ այս ժանրում նա ունի ասելիք”:

“Ամնեզիա” ներկայացումն իրականացվել է “Mary Kay” ընկերության հովանավորությամբ:

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին