×


Ռաֆայել Երանոսյանը խոսում է 2015-ին տեղի ունեցած դժբախտության եւ իր կյանքի մասին

Շարունակելով անկեղծ զրույցների շարքը` BRAVO.am-ն այսօր ներկայացնում է Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանի հետաքրքիր խոստովանությունները: Հարցազրույցի ընթացքում նա հուզվել է, կատակել, խոսել իր կյանքի կարեւոր, երբեմն նաեւ ցավոտ դրվագների մասին:

Ռաֆայել Երանոսյանը


Չի դավաճանել


Արդեն 13 տարի է` այս բնագավառում եմ, նկարահանվել եմ տարբեր նախագծերում, բայց երբեք չեմ դավաճանել թատրոնին: Թատրոնում կենդանի շփում կա, որն ինձ համար այլ հաճույք է, եւ ես լիցքավորվում եմ այստեղ: Հեռուստատեսությունում եւս իմ մասնագիտությամբ եմ հանդես գալիս, բայց թատրոնից հոգեւոր սնունդ ավելի շատ եմ ստանում: Հեռուստատեսության շնորհիվ ավելի մեծ ճանաչում եմ ձեռք բերում այն մարդկանց շրջանում, ովքեր չեն հաճախում թատրոն: Բայց, իհարկե, կոփվում ու որպես դերասան ձեւավորվում եմ թատրոնում: Չեմ կարող միայն հեռուստատեսությամբ երեւալ ու ասել` ես դերասան եմ:

Սիրո խոստովանություն

Երեւանի սրտում գտնվող թատրոնը նախորդ աշնանը նվեր արեց իր քաղաքին, քանի որ, իրոք, մենք մեր Երեւանը շատ ենք սիրում: Արա Երնջակյանն իր ակունքներին, իր ոճին չդավաճանեց ու Երեւանի մասին ներկայացում բեմադրեց: «Սիրո խոստովանություն»  անվանումն ամեն բան ասում է. ինչպես մենք սեր կխոստովանենք մեր տանը, դրա ամեն անկյունին: Ներկայացման մեջ մեծարվում է մեր քաղաքը. Երեւանը ներկայացման գլխավոր դերակատարը, առաջատար դերասանն ու ՀՀ ժողովրդական արտիստն է:): Հանրապետությունում վերջին 20 տարին նման ներկայացում չի եղել. այն հոռետեսական, երնջակյանական ոճով է, եւ հանդիսատեսը գալիս ծիծաղում է, մտածում, վերջում էլ հուզվում ու տպավորությունների ներքո տուն գնում:

Ռաֆայել Երանոսյանը

«Կիսաշրջազգեստով, ներկած դեմքով ու քթիս ոսկոր դրած խաղում եմ»

Այս շրջանում չէի ուզում հեռուստատեսությամբ շատ երեւալ, բայց երբ առաջարկ ստացա նկարահանվել «Քարե դարդ» սիթքոմում ու հասկացա` այն տարբերվում է գաղափարապես, հետաքրքիր սցենար ունի, համաձայնեցի: Մարմնավորում եմ շամանի, ով կրակ պիտի ստեղծի, աղոթի աստվածներին: Կերպարս նախանձ է, քանի որ անպատասխան սիրում է ցեղապետի աղջկան: Քարե դարում հայտնվելը դժվար չէ, որովհետեւ տաղավարը, հագուստները, սցենարը տրամադրող են: Հարմար դեր է. կիսաշրջազգեստով, ներկած դեմքով, մորուքով ու քթիս ոսկոր դրած խաղում եմ:):

«Կտրվում եմ իրական աշխարհից»


Նկարահանումներին իսկապես կտրվում եմ իրական աշխարհից. չեմ մտածում` զանգեցին, թե ոչ, ազատ ժամանակ համացանց էլ չեմ մտնում, որովհետեւ քարերի, բնության մեջ ու դինոզավրերի մոտ եմ:): Ի դեպ, ես նոր գիծ եմ մշակել. շաման եմ, բայց ժամանակակից ինչ-որ բաներ եմ անում, օրինակ՝ քթիս տակ այժմյան երգեր եմ երգում, ու թվում է՝ քարե դարից դրանք հասել են մինչեւ մեր օրերը:

«Ուրեմն մի նպատակ կա, որ հանել եմ հոնքերս»

Սիրում եմ տարբեր լինել, էլի եմ ասել, որ դերասան եմ ու պատրաստ եմ փոփոխությունների: Չեմ սիրում լինել մի գույնի մեջ, այլ հարց է` հավանում են, թե ոչ: Ամեն ինչ փորձում եմ անկեղծ անել: Մի օր կարդացի` «Ռաֆայել Երանոսյանը հանել է հոնքերը ու նմանվել է Կոնչիտային»: Ուրեմն մի նպատակ կա, որ հանել եմ հոնքերս, հո, պարապությունից չեմ արել: Միակ դերասաններից եմ, որ պատրաստ է փորձությունների: Հա, ֆիլմի համար հոնքերս հանեցի, մի ամսից դրանք եկան, մազերս էլ կտրեցի ու էլի հին Ռաֆոն եմ:

Ռաֆայել Երանոսյանը


«Այս տեսակի Ռաֆոն էլ սիրվեց»

Աճ միշտ եմ գրանցում: Սիրում եմ ինձ փորձել տարբեր կերպարներում: Օրինակ` Լուիզա Ներսիսյանի հետ խաղացել ենք «Ամնեզիա» հոգեբանական դրամայում: Շատ ուրախալի է, որ հանդիսատեսը ներկայացման ավարտին ծափահարում է. հասկացա, որ այս տեսակի Ռաֆոն էլ սիրվեց: Սիրում եմ իմ աշխատանքը, պատրաստ եմ նոր ֆիլմերում, նախագծերում ու ներկայացումներում խաղալ:

«Ցավոք, ինձ չեն տեսնում որպես «կինոյի տղա»»

Առաջարկներ չեն լինում հանդես գալ որպես «կինոյի, սերիալի տղա»: Բայց Հայաստանում կա մի տեսակ, մարդ, դերասան, ռեժիսոր, հայր, ընկեր` Արշալույս Հարությունյանը, որի հետ երկար տարիներ աշխատում եմ: Եվ նա պատրաստ է աշխատել դերասանի հետ, կոտրել կարծրատիպեր: «Սկոտչ եւ Վիսկի» գեղարվեստական ֆիլմում նա որոշեց ինձ նկարահանել որպես համակրելի տղամարդ ու ստացավ իր ուզածը: Իսկ ուրիշները վախենում են, մտածում են` Ռաֆոն գալու է ու բոլորին ծիծաղեցնի, բայց իրականում ես պատրաստ եմ այդ փորձությանը, կարող եմ նման կերպարներ մարմնավորել, եթե առաջարկ լինի, սցենարը հետաքրքրի, թիմը լավը լինի:

«Այսպես էլ վատ չեմ ապրում»

Ռեժիսորների խնդիրն է, որ ինձ չեն նկատում որպես սիրուն տղա, «լյուբիմչիկ»: Գուցե պիտի տխուր նկարներ գցեմ համացանց, որ սկսեն այդպես ինձ ընկալել ու առաջարկներ անեն, կամ էլ սկսեմ չշփվել մարդկանց հետ: Բայց դրա համար պետք է տեսակս փոխեմ, որովհետեւ մարդիկ գիտեն, որ կրակ եմ, էներգիա: Չեմ կարող մի տեղ գնալ, նստել ու մտածել, որպեսզի դրանից հետո մարդիկ ասեն` այս տղան ինչու չկա սեքս-խորհրդանիշների թոփ-տասնյակում: Ես այսպիսին եմ, ինչ-որ մեկը կնկատի, ուրեմն իր բախտը կբերի, իսկ այսպես էլ վատ չեմ ապրում ու ունեմ իմ հանդիսատեսը:

Ռաֆայել Երանոսյանը


«Միշտ պետք է զբաղված լինեմ ու չհասցնեմ»

Երբ մի օր ազատ եմ լինում, ինձ թվում է՝ հիվանդ եմ ու ոչ մեկին պետք չեմ: Միշտ պետք է լինեմ փորձերի մեջ, նաեւ անտեպրիզային ներկայացումներում, միշտ պետք է զբաղված լինեմ ու չհասցնեմ: Չեմ սիրում, որ ասում են` լավ է, անուն ունեմ, ինձ հարգում են, սիրում, էլի ինչ է ինձ պետք: Քանի դեռ հանդիսատեսը իմ կարիքն ունի, ես նրանց կարիքն ունեմ եռակի: Կարծում եմ, եթե հանդիսատեսը գումար է տալիս, գալիս է ներկայացման, պարտավոր ենք անել առավելագույնը, նորը:

«Իր սիրածը գալու է քե՞զ հետ սիլի-բիլի անի»

Եթե ամեն մեկն իր գործով զբաղվի, ընտիր երկիր կունենանք: Երբեք չեմ նստի տանը, կարդամ` «բժիշկը փրկեց այս երեխայի կյանքը» ու գրեմ` հա, լավ, դրանից ինչ բժիշկ, ինչ է անում որ, մեր փողերն են ուտում: Ինչի՞ համար, չէ՞ որ այդ մարդն ինչ-որ մեկին փրկել է: Չեմ ուզում միայն իմ անունից խոսել, ինձ քիչ են քննադատում, գուցե շատ սիրված չեմ: Բայց կան քննադատողներ, որոնց անգամ չեմ ուզում մարդ ասել: Ամբողջ օրը համացանցում են ու փորձում են ուրիշի կյանք մտնել: Եթե ուզում են ինքնահաստատվել, թող իմ միջոցով չանեն, որովհետեւ ես էլ որեւէ մեկին վարկաբեկելով չեմ ինքնահաստատվում: Երբ ասում են` սիրած ունի, առաջ է գնում, լավ է անում, քո ի՞նչ գործն է, դու էլ սիրած գտի ու առաջ գնա: Եթե գրես, ի՞նչ է փոխվելու, իր սիրածը գալու է քե՞զ հետ սիլի-բիլի անի: Հաճախ ջղայնանում եմ նաեւ իմ ընկերների համար: Ես ճանաչում եմ այդ մարդուն, բնավորությունը, հոգին, ուղնուծուծով գիտեմ ու հանկարծ նրա հասցեին ինչ-որ բան եմ կարդում: Շատ եմ փորձել շտկել իրավիճակը, բայց երբ մեկը մեկնաբանություն է գրում, մյուսները միանում են ու շարունակում հալածել:

«Եթե հանրային մարդ եմ, ուրեմն սիրտ, խելք չունե՞մ»

Եթե խոսքի ազատություն է տրված, կարող են ասել` խաղը չեն սիրում: Մեկին որպես դերասանուհի գուցե չես սիրում, բայց հո մարդ տեսակը չգիտես: Ինձ հաճախ ասում են` հանրային մարդ եմ, պիտի լռեմ, ինչո՞ւ, եթե հանրային մարդ եմ, ուրեմն սիրտ, խելք չունե՞մ:

Ռաֆայել Երանոսյանը


Մյուս կողմից էլ հանդիսատեսը երբ գալիս է ներկայացման, իրեն չի հետաքրքրում` ով ինչ խնդիր ունի, չի եկել քո հոգսի մասին լսելու: Մայրիկիս մահից ընդամենը յոթ օր անց եկա ներկայացման, որովհետեւ ինչքա՞ն կարող են իմ ընկերներն ինձ ընդառաջել, կամ հանդիստեսը ինչո՞ւ պիտի գա ու տեսնի` մի բան այն չի: Ես իմ հոգսով գալիս խաղում եմ, իսկ ոմանք նստում են տանն ու գրում` սրանից ինչ դերասան: Չեմ ուզում մեր ազգն այդպիսին լինի:

«Մայրիկիս մահացած չեմ տեսել»

Մամայիս շատ եմ կարոտում: Ժամանակ առ ժամանակ, թեկուզ ներկայացման ընթացքում հիշում եմ նրա ուժեղ լինելը: Երբ զանգում էի, ինչքան էլ վատ լիներ, ասում էր` «լավ եմ, Ռաֆո ջան», որովհետեւ գիտեր` այնպիսի բնագավառում եմ, որ պետք չի նեղվեմ: Միշտ լավ էր, բայց գիտեի, որ այնքան էլ լավ չէ: Երբ նրան հիվանդանոց էի տանում, նույնիսկ ինձ ասում էր` «բժիշկներին մի լսիր, լավ եմ, լավ»: Մամաս ինձ ուրիշ ձեւի «դուխ» էր տալիս, չէի վախենում զանգել:

Նախորդ տարի ԱՄՆ-ից եկա, գյուղ չգնացի, իսկ առավոտյան, երբ պետք է գնայի, իմացա մայրիկիս մահվան մասին: Նրան մահացած չեմ տեսել, գնացել եմ գյուղ, բայց տուն չեմ մտել. ինձ տարել են ուրիշ տեղ: Երեք օր ոչ կերել եմ, ոչ էլ խոսել: Մահվան արարողությանը չեմ մասնակցել. չէի կարող նրան մահացած տեսնել: Հիմա էլ միշտ նրան հիշում եմ որպես իմ ուժեղ մամա:

«Տաթեւի հաղորդագրությունից արտասվել եմ»

Տաթեւ Սարգսյանն իմ շատ լավ ընկերներից է: Պարզապես մի պահ եղավ, որ հիմարի պես նեղացանք իրարից: Բայց երբ իմացա, որ նշանվել է, շատ ուրախացա: Շնորհավորեցի, ու սկսեցինք կրկին շփվել: Տաթեւն էլ այն մարդկանցից էր, որ մամայի մահից հետո կողքիս էր. նրա խոսքերը եւս ինձ ոգեւորեցին. արտասվել եմ նրա հաղորդագրությունը կարդալիս: Բացի նրանից, իմ կողքին էին նաեւ թատրոնի անձնակազմը, շոուբիզնեսի ներկայացուցիչները: Իմ ընկերներն ինձ ուժ տվեցին, հասկացա, որ պետք եմ նրանց:

Ռաֆայել Երանոսյանը


«Անդոյի կյանքին մեռնեմ»


Անդո-Ռաֆո զույգը չի փլուզվել: Նա իմ շատ լավ ընկերն է, միասին խաղում ենք թատրոնում, տարբեր ներկայացումներում, այլ նախագծերում, Ամանորին միասին շոու-ծրագիր ենք վարել: Ընտանիքներով էլ շփվում ենք: Ես Անդոյի հետ չեմ վիճել, նրա կյանքին մեռնեմ:

«Պատրաստ չեմ թամադայության»

Մասնավոր միջոցառումներ վարելը նորմալ աշխատանք եմ համարում, որովհետեւ մարդիկ գումար են վաստակում, այնպես չէ, որ գողություն են անում: Ինձ էլ են շատ դիմում, լինում է, որ ինձ ու Անդոյին միասին են կանչում: Ես էլ այդ գումարի կարիքն ունեմ, բայց զգում եմ, որ դեռ պատրաստ չեմ թամադայության: Գուցե ապագայում զբաղվեմ այդ գործով, չեմ բացառում. երբեմն մեր ընկերների հարսանիքներն եմ վարել: Շատ են ասում` լավ կստացվի:

«Նպատակ ունեմ ապրել»

Երազում եմ այնքան լավը լինել, առողջ ու հարուստ, որ իմ ընկերները հպարտանան: Միայն առողջ լինելու մասին եմ երազում, որովհետեւ գումարով առողջություն, ընկերներ ձեռք չեմ բերի: Այժմ նպատակ ունեմ ապրել, ձգտել, մնալ իմ բնագավառում: Հասկացել եմ, որ մարդ պետք է լինի անկեղծ, նվիրված ու զիջող: Պիտի իր սխալը հասկանա, ասի` կներես, պնդաճակատ չլինի: Հիմա ավելի ներողամիտ եմ, նախկինում, երբ ինչ-որ բան էր լինում, մտածում էի` ինչու դիմացինս իմ նման անկեղծ չէ, բայց հիմա հասկացել եմ, որ մարդու տեսակից է: Ինչպես ինձ են սիրում, ես էլ պիտի դիմացինին սիրեմ այնպիսին, ինչպիսի կա:

Ռաֆայել Երանոսյանը


«Պատրաստ չեմ ընտանիք կազմել»

Այն տղաներից չեմ, որ օրական մեկի հետ են շփվում, բայց այն տղաներից էլ չեմ, որ չեն շփվում աղջիկների հետ: Ջահել եմ, երեւի մի քիչ էլ «սիմպատիչնի», աշխատանք ունեմ, մարդկանց հետ էլ շփվում եմ: Չեմ կարող ասել` կինը պետք է լինի այսպիսին, այնպիսին: Հասկացել եմ` դեռ պատրաստ չեմ ընտանիք կազմել: Ինձ համար շատ կարեւոր հարց է` ամուսին, հայր, օջախի ծուխ, պապի, սերունդներ… Դեռ պատրաստ չեմ հայր լինել, իմ մեջ ուրիշ բան է եռում, այնպես էլ չի, որ հարբեցողությամբ եմ զբաղված, կամ «կայֆերով» փաբերում ու ակումբներում եմ լինում: Կգա օրը, կամուսնանամ, չպիտի պլանավորես: Մի քանի անգամ պլանավորել եմ, որ պետք է շփվեմ, սիրեմ, ընտանիք կազմեմ… Պարզապես մի օր կտեսնեմ նրան, կսիրահարվեմ առաջին հայացքից ու չեմ կարողանա ապրել առանց նրա:

«Երեխաների հետ մանկանում եմ»

Երբ եղբորս երեխաները գալիս են Ռուսաստանից, նրանց հետ գնում եմ քաղաքի բոլոր մանկական սրճարանները, գեղեցիկ վայրերը: Սիրում եմ թեկուզ ընկերներիս երեխաների հետ գնալ կրկես, որովհետեւ, օրինակ` կրկեսում չեմ եղել ու ինձ հետաքրքիր է: Երեխաների հետ մանկանում եմ, իմ դեմքին էլ են նկարում, ես էլ եմ ուրախանում:

Վերջաբանի փոխարեն

Ամեն մեկը թող զբաղվի իր գործով եւ սիրի այն, ինչ անում է: Հաջողության հասնելու ամենամեծ գրավականը գործի մեջ ջիգյար դնելն է: Խենթանում եմ, որ հարցազրույցի են գալիս պատրաստված, չեմ սիրում համացանցի միջոցով մի երկու հարցի պատասխանել: Վաղը, որ պրեմիերա ունենամ, առաջինը քեզ կհրավիրեմ, կասեմ` Արեւիկ ջան, արի: Այնպես որ, Ձեզ ու ձեր գործընկերներին մաղթում եմ անկեղծ զրույցներ, հյուրեր:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին