×


“ՌեԱնիմանիա 2014”. Երեւանում անիմացիոն ֆիլմերի շաբաթ է :)

Մինչեւ հոկտեմբերի 31-ը հասցրու օգտվել անիմացիոն ֆիլմերի հայկական հյուրասիրությունից: “Բարի գալուստ ՌեԱնիմանիա”. ահա այս խոսքերով Վրեժ Քասունին հոկտեմբերի 25-ին “Մոսկվա” կինոթատրոնում ազդարարեց Երեւանի անիմացիոն միջազգային կինոփառատոնի մեկնարկը:

Վրեժ Քասունին եւ Հերմինե Ստեփանյանը


6-րդ անգամ իրականացվող կինոփառատոնի բացմանը տեղի է ունեցել Ստեֆան Բերլայի “Ջեքը եւ կկվով ժամացույց-սիրտը” ֆիլմի երեւանյան պրեմիերան: Սակայն մինչ այդ հյուրերն անցել են կարմիր գորգով, լսել ողջույնի խոսքեր եւ ծանոթացել “ՌեԱնիմանիա 2014”-ի շրջանակում ներկայացված մրցութային ֆիլմերին եւ ժյուրիին:

“Ներկայում զբաղված ենք “ՄարԱնի”-ի` անիմացիայի շուկայի զարգացմամբ, որի հիմքը դրել ենք 2010 թվականին: Շնորհակալ եմ աջակիցներին, բայց կցանկանայի, որ մեր փառատոնը փոքր-ինչ ավելի ֆինանսավորում ստանար` մեծ մասշտաբներ ունենալու եւ տարածաշրջանում լավագույնը ճանաչվելու համար”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է “ReAnimania”-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:

6-րդ "ՌեԱնիմանիա"-ն մեկնարկել է


Այս տարի երեւանյան կինոփառատոնը ստացել է մոտ 850 հայտ` 90 երկրից, մեր մայրաքաղաքում են անիմացիոն ոլորտում ճանաչված մասնագետներ, բացի ֆիլմերի ցուցադրություններից, նախատեսված են վարպետության դասեր եւ այլ միջոցառումներ, որոնցից Վրեժ Քասունին առանձնացրեց “Ֆոլիմաժ” ծրագիրը. այն իրականացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ` ներկայացնելով ֆրանսիական անիմացիոն լավագույն ստուդիաներից մեկի՝ “Ֆոլիմաժ”-ի ֆիլմերի ընտրանին:

6-րդ "ՌեԱնիմանիա"-ի բացմանը


Նշենք, որ հոկտեմբերի 26-ին Սերժ Ավետիքյանը Նարեկացի արվեստի միությունում ներկայացրել է իր նոր անիմացիոն ֆիլմի՝ “Վերջին ռաունդը` Ստամբուլում”-ի արտադրական ընթացքը: Այսօր Իլյա Յուդովիչը եւ Վալենտին Լապինը, ովքեր ներկայացնում են ռուսական “Նուռ” անիմացիոն ստուդիան, կրկին ՆԱՄ-ում ներկայացրել են Վիլյամ Սարոյանի “Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը” վիպակի հիման վրա նկարահանվող “Իմ սիրտը” տիկնիկային լիամետրաժ ֆիլմի ընթացքը, որը նվիրվելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 7-րդ “ՌեԱնիմանիա”-ի շրջանակում:

6-րդ “ՌեԱնիմանիա”-ի ծրագրին ծանոթացեք այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին