×


“Ռեինկարնացիա’’-ի նոր CD-ի շնորհանդեսը, սպիտակ հոգեվիճակն ու գաղտնագրված հաղորդագրությունը :)

Հայկական ամենառեգիոտ բենդը` “Ռեինկարնացիան”, երեկ` ամռան երկրորդ ամսվա առաջին օրը, երաժշտասերներին ներկայացրեց իր նոր ձայնասկավառակը: Ավանդույթի համաձայն, “Սպիտակ”-ը ներկաներին բաժանվեց անվճար, իսկ շնորհանդեսին հաջորդեց համերգը, որին հնարավոր էր հետեւել նաեւ reincarnation.am-ում:

Ռոլանդ Գասպարյանը


“Սպիտակ իմաստնություն, սպիտակ գիտակցություն, սպիտակ է իմ սրտում’’. երգեց խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը. հետո էլ պատմեց.“Սպիտակը հոգեվիճակ է, մեր անցած ուղին է եւ նվաճումները: Մենք դեռ սպիտակ հոգեվիճակում ենք, բայց, ով գիտի, գուցե վաղն ամեն ինչ դեղնի’’:

Հետեւելով “դրես կոդ”-ին` միջոցառման հյուրերն “EL Garden” էին ժամանել սպիտակ հագուստով` վայելելու “Ռեինկարնացիա”-ի կենդանի կատարումները: Ռեգգի-բենդը հնչեցրեց ինչպես նոր ձայնասկավառակից ստեղծագործություններ, այնպես էլ հին ու սիրված երգեր:

Ռոլանդ Գասպարյանն` ընկերուհու` Գայանե Հովհաննիսյանի հետ


Խմբի 4-րդ ալբոմը` “Սպիտակ’’-ը, ներառում է 7 երգ, որոնք Ռոլանդն այլ կերպ է անվանում.“Ամեն ինչ սկսվեց Երեւանին ուղղված մեր նամակից, հետո շարունակեցինք նամակագրությունն արդիական տարբեր թեմաներով: Յուրաքանչյուր նամակ կարեւոր հաղորդագրություն ունի` ամփոփված սպիտակ գույնի ներքո”:

Երեկոյի ընթացքում, իհարկե, հնչեց նաեւ “Երեւան” երգը:“Ինձ համար Երեւանը մենք ենք, մեր քաղաքի դեմքը մեր զգացողություններն ու վարքագիծն են: Երբեք չենք կարող մոռանալ մեր քաղաքը, որովհետեւ հենց նա է դաստիարակել մեզ: Ուրախ եմ, որ այս երգը սիրվել է. հասկացողը, միշտ էլ հասկանում է’’,-մեզ հետ զրույցում նշեց երգիչը:

"Ռեինկարնացիա"-ի "Սպիտակ" ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսին


“Նամակները’’ գրվել են տարբեր վայրերում` տանը, ստուդիայում, այլուր, իսկ ոգեշնչման աղբյուր են հանդիսացել քաղաքը, սերը, հավատը, միայնությունը…Կա մեկ սկզբունք, որը համախմբում է խմբի երաժիշտներին.“Ցանկացած իրավիճակում լինել հայ, ինչն այսօր շատ բարդ է դարձել: Դա հավասարազոր է մարդ մնալուն: Այս գաղափարն է միավորում մեզ եւ օգնում առաջ գնալ: Թեմաները գալիս են վերեւից, սրտիցս, ես պարզապես միջոց եմ, մեկն, ով փոխանցում է այդ զգացողությունները մարդկանց’’:

Ռոլանդ Գասպարյանի խոսքով` “Սպիտակ’’-ն այն եզակի սկավառակներից է, որում զետեղված յուրաքանչյուր ստեղծագործություն խմբի համար թանկ է ու սիրելի.“Այս ալբոմը “Ռեինկարնացիա’’-ի իրական դեմքն է, ուզում ենք, որ բոլորը տեսնեն ու լսեն այն’’:

CD-ն ինքնատիպ դիզայն ունի, որի հեղինակը Սերգեյ Նավասարդյանն է.“Շապիկին հաղորդագրություն կա: Միայն ձեր ընթերցողների համար փոքր-ինչ կբացեմ փակագծերը` նշելով, որ այն գրված է Մորզեի այբուբենով: Պետք է լսել մեր երգերը, զգալ, ամեն մեկը չի էլ ընկալի այն”,-BRAVO.am-ին ասաց խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանը:

Ռոլանդ Գասպարյանը


“Ռեինկարնացիա”-ի հավատարիմ երկրպագուներն անպայման կգնահատեն երգերի ոճային նոր շունչը.“Երբեք չենք վախեցել փորձեր անել, կարեւորն անկեղծ եւ հոգով ներկայանալն է”,-նշեց Ռոլանդն` անդրադառնալով նաեւ ձայնասկավառակը նվիրելու իրենց սկզբունքին.“Իրական արժեքները չեն վաճառվում: Մարդկանց երկու խումբ եմ առանձնացրել. նրանք, ում ճակատին գրություն կա, եւ մյուսները, որոնք ապրում են հիմարացած: Այնպես է ստացվել, որ մեր ճակատին գրություն կա, իսկ դրանից փախչելն անհնար է: Սա էլ մեր առաքելությունն է’’: 

Այս ամիս խումբը կհանգստանա, իսկ օգոստոսին անակնկալ կմատուցի բացօթյա անվճար համերգների տեսքով:): Մինչ այդ կարող եք լսել “Սպիտակ”-ը` այն կրկին անվճար ներբեռնելով այստեղից կամ վերցնելով Երեւանի ձայնասկավառակների խանութ-սրահներից:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին