×


Ռոմանտիկ “Ժիզելը” կրկին Օպերային թատրոնի բեմում է

5 տարվա ընդմիջումից հետո հանդիսատեսը կրկին հնարավորություն ունի վայելել “Ժիզել”-ը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Բալետը հուլիսի 28-ից թատրոնի խաղացանկում է, պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

"Ժիզել" բալետային ներկայացման պրեմիերային


Ներկայացումը վերականգնող բալետմայստերն է ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ով մեզ հետ զրույցում հայտնել է, որ մեծ ցանկություն ունի վերականգնել նաեւ “Կարապի լիճ”-ը, իսկ դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է:

Երկու գործողությամբ ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի առաջատար արտիստներ Ժակլին Սարխոշյանը, Սյուզի Փիրումյանը, Մարիա Դիվանյանը, Ռուբեն Մուրադյանը, Սեւակ Ավետիսյանը եւ այլք, որոնք հանդես են եկել հատուկ այս բալետի համար կարված հանդերձներով, նոր են նաեւ դեկորացիաները: 

"Ժիզել" բալետային ներկայացման պրեմիերային


“Ինքնագործ բալետմայստերներն ասում են, որ իրենց ձեւով պիտի բեմադրեն “Ժիզել”-ը: Ես ինձ նման բան թույլ չեմ տալիս. դասական բալետի բեմադրությունը որեւէ կերպ չի կարելի փոխել: Ոչ ոք թող դասականին չդիպչի , այլ սեփական ձեռագրով նորը բեմադրի”,- նշել է Վիլեն Գալստյանը` հավելելով, որ սեպտեմբերից կսկսի բեմադրել Արամ Խաչատրյանի “Դիմակահանդես”-ը:

"Ժիզել" բալետային ներկայացման պրեմիերային


Ադանի` դրամատիզմով հարուստ այս ստեղծագործության շնորհիվ բեմում ներկայացվում են շքեղ տեսարաններ: “Ժիզել”-ը համարվում է ռոմանտիկական բալետի բարձրակետը, այն համաշխարհային հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկի ամենից պահանջված ստեղծագործությունների ցանկում է: Նշենք, որ այս բալետով եզրափակվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 82-րդ թատերաշրջանը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին