×


Սահակ Պողոսյանի մեծ մոր ականջօղերն ու չպատմված պատմությունը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում օրեր առաջ բացվել է նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանի անհատական ցուցահանդեսը: “Մեծ մորս աչքերի լռությունը” խորագիրը կրող ցուցահանդեսի նմուշները կարող եք տեսնել “Արծիվ” սրահում:

Նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանը


Նախագիծը պատկերում է նկարչի` Հայոց ցեղասպանությունը վերապրած մեծ մոր երբեւէ չպատմված պատմությունը, որը որքան անձնական, այնքան էլ համընդհանուր անդրադարձ է ոճիրին: Նա նյութականացրել է Հայոց ցեղասպանության շարունակվող ներկայության իր վերապրումը. “Իմ երկու տատիկներն ու պապիկները Ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդիկ են: Մեծանալով մեծ մորս գրկում` ես իմ մեջ արդեն 50 տարի կրում եմ նրա պատմած ու չպատմած պատմությունները, իսկ նա այդ ցավը կրում էր իր մեջ` ականջօղերի նման: Ես ուզում էի այդ ցավը դուրս բերել այս կտավների միջոցով: Հատուկ ակնկալիքներ չունեմ. անում եմ, որովհետեւ ի վերուստ դատապարտված եմ անել”,- BRAVO.am-ի հետ զրուցում է ասել է Սահակ Պողոսյանը:

Ցուցահանդեսի կարեւոր բաղադրատարրը փիրուզե ականջօղերն են, որոնք արվեստագետի համար առանցքային նշանակություն ունեն` իր տատիկի աչքերի խորհրդանիշն են դարձել: Իսկ կոլաժները պատրաստված են գործվածքներից եւ պատված են պարաֆինի շերտով:

“Մեծ մորս աչքերի լռությունը” խորագրով ցուցահանդեսին


Գաֆեսճյան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը ցուցահանդեսի բացմանը նշել է, որ միանում են Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում իրականացվող միջոցառումներին.“Ներկայացնելով Սահակ Պողոսյանի “Մեծ մորս աչքերի լռությունը” նախագիծը,  որը խորապես ցնցող է եւ հուզիչ, մենք հնարավորություն ենք ընձեռում կիսել հիշատակը եւ այն, ինչ պահպանվել ու հարատեւում է”:

Նկարչուհի Նանա Արամյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ դիտելով գործընկերոջ նոր գործերը, նրան նորովի է բացահայտել.“Սահակի աշխատանքները շատ եմ հավանում, իսկ այս ցուցահանդեսը նոր մոտեցում է իր արվեստում: Տխուր, բայց հետաքրքիր նախագիծ է: Նա, պահելով իր հիպերռեալիստական ոճը, նոր մեթոդներ ու տեխնիկա է օգտագործել եւ նորարարություն արել: Սահակն իր հիշողությունները զմռսել է մոմի միջոցով եւ իր ներսում կուտակվածն արտահայտել մոնումենտալ աշխատանքներով”:

“Մեծ մորս աչքերի լռությունը” խորագրով ցուցահանդեսին


Արվեստասեր Ղարիբեկ Մուկուչյանն էլ հավանել է նկարների մասշտաբները. “Գործվածքի եւ մոմի համադրության տեխնիկան յուրահատուկ է, երեւի թե այդ պատճառով զգացի նկարների էներգետիկան: Պարաֆինը պարփակվածություն ունի, բաց հետաքրքիրն այն է, որ հարթ մակերեսի փոխարեն տեղ-տեղ նկատելի են անհարթություններ: Այնպիսի տպավորություն ստացա, որ շարքը եզրափակվում է ականջօղերով”:

Սահակ Պողոսյանի եւ արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի նախաձեռնած ցուցադրությունը կշարունակվի մինչեւ մայիսի 31-ը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին