×


Սամվել Թոփալյանն ու Քնարիկ Զաքարյանը՝ «Հրեշը լուսնի վրա» դրամայում

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի խաղացանկում ընդգրկվել է նոր ներկայացում՝ Սամվել Թոփալյանի, Քնարիկ Զաքարյանի եւ պատանի Վահագն Մեսրոբյանի դերակատարմամբ։ Ամերիկաբնակ լեհ դրամատուրգ Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսն անուղղակի առնչվում է Հայոց ցեղասպանությանը։ Գործողությունը զարգանում է Միացյալ Նահանգներում` կոտորածից փրկված, որբացած Արամի ու Սեդայի կյանքի պատմությունն է: 1920-ականներին հայերի հավաքական կերպարը ներկայացնող պատանի հերոսները փորձում են նոր կյանք սկսել օվկիանոսից այն կողմ. Արամը հաջողակ լուսանկարիչ է, Սեդան տորթեր է թխում ու վաճառում։

Սամվել Թոփալյանը, Վահագն Մեսրոբյանը եւ Քնարիկ Զաքարյանը


Այս դրաման բազմիցս բեմադրվել է հայաստանյան թատրոններում եւ արտերկրում։ Բեմական նոր լուծումներով ներկայացման համար համախմբվել են երեք թատրոնի ներկայացուցիչներ՝ Դրամատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը եւ «Մհեր Մկրտչյան» թատրոնի դերասանուհի Քնարիկ Զաքարյանը։

Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ բեմադրությունն արվել է իր առաջարկով.«Անպայման ուզում էի Սեդայի կերպարը խաղալ։ Եթե ավելի անկեղծ լինեմ, երբ աղջիկս 3 տարի առաջ ծնվեց, թատրոնում հայտնվել էի զրո կետում, քանի որ գլխավոր խաղընկերս՝ Հայկ Սարգսյանը, դուրս եկավ թատրոնից, իմ կերտած դերերը մնացին օդում։ Դերասանուհու համար հիվանդագին իրավիճակ է… Եվ դեպրեսիայի ժամանակ Գրիգորին խնդրեցի, որ բեմադրի»։

«Հրեշը լուսնի վրա» ներկայացման պրեմիերային


Քնարիկը նշել է, որ բարդ կերպարներ են մարմնավորում, եւ փորձերը երկար են տեւել.«Ինձ համար Սեդան շշմելի կանացի, հակասական բնավորությամբ կերպար է, իսկ դերասանի համար միշտ շահեկան է կոնտրաստային դերը։ Սեդան որբանոցում մեծացած, անմիջական աղջիկ է, Արամը բնավորությամբ հակապատկերն է։ Երկու հայ ընտանիքի զավակ են, բայց իրարից խիստ տարբեր են։ Որքան էլ նա ամուսնու համար փոխվում է, բայց իր տեսակը պահպանում է եւ ամեն կերպ օգնում անտուն ամերիկացի տղային։ Նա այնքան է սիրում Արամին, որ երկար տարիներ նրա հետ պայքարում է երեխա ունենալու համար»։

Մեկ գործողությամբ ներկայացման բեմանկարիչը Վիկտորիա Ռիեդոն է։ Հոգեբանական դրամայում հնչում են Էդվարդ Զորիկյանի երգերը։ Փորձերը սկսել են դեռ մեկ տարի առաջ.«Մեր տարբեր գրաֆիկների ու զբաղվածության պատճառով չէր ստացվում առանց դադարի աշխատել։ Մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանի առաջարկով ներկայացումը մտել է խաղացանկ: Նա, հանձնմանը դիտելով մեր խաղը, ինձ մի քանի խորհուրդ էր տվել, որոնք արդեն փորձել եմ շտկել», -ասել է դերասանուհին:

Քնարիկ Զաքարյանը եւ Սամվել Թոփալյանը


Ամերիկացի տղային՝ Վինսենթին, մարմնավորում է Վահագն Մեսրոբյանը։ Քնարիկը տղայի հետ նկարահանվել է Հայկոյի եւ Դիանա Առուստամյանի «Հիշիր» տեսահոլովակում. «Վահագնը տեսակով համապատասխանում էր: Թեեւ քասթինգ արեցինք, բայց նրան ընտրեցինք, քանի որ բեմում օրգանական է, լավ խաղընկեր է եւ իր աշխատասիրությամբ ու պատասխանատվությամբ ուղղակի հիացնում է»։

Ստեղծագործական կազմը «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը նպատակ ունի ներկայացնել թատերական փառատոններում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին