×


Սամվելը, Լուիզան, Լալան, Իրինան եւ այլք` “Ընտանյոք հանդերձ” նոր սիթքոմում

“Ընտանյոք հանդերձ”` այսպես է կոչվում նոր սիթքոմը, որը կցուցադրվի Առաջին ալիքի եթերում հոկտեմբերի 3-ից՝ շաբաթ եւ կիրակի օրերին: Կատակերգական սերիալում նկարահանվել են Սամվել Թոփալյանը, Թամարա Պետրոսյանը, Լուիզա Ներսիսյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Իրինա Դանիելյանը, Սիրանուշ Լազյանը, Լալա Մնացականյանը, Լեւոն Հարությունյանը, Արա Դեղտրիկյանը, Գաբի Գալոյանը, Վահագն Սիմոնյանը եւ ուրիշներ, իսկ ռեժիսորը Հրաչյա Զաքարյանն է:

«Ընտանյոք հանդերձ» սիթքոմի նկարահանումներին


“Ընտանյոք հանդերձ”-ը  երեւանյան մեծ ընտանիքի մասին է: Գլխավոր հերոսը` Դավիթ Սանայանը, մասնագիտությամբ ատամնաբույժ, ապրում է մոր` Աիդայի ու երկու քույրերի` Արփինեի եւ փոքրիկ Նարեի հետ: Նույն բնակարանում են ապրում նաեւ Դավիթի մորաքույրը` Նազիկն ու նրա դուստրը` Իզաբելլան: 5 տարի առաջ Նազիկը վաճառել է իր բնակարանը եւ այդ գումարով իր ամուսնուն՝ Ֆաբիանին, ուղարկել Գերմանիա: Այդ ընթացքում Նազիկն ու Իզաբելլան անհամբեր սպասել են, թե երբ է Ֆաբիանը քաղաքացիություն ստանալու, որ իրենց էլ կանչի այնտեղ: Սակայն Ֆաբիանը, լինելով դասական անհաջողակ, ոչ մի կերպ չի կարողանում արժանանալ Գերմանիայի քաղաքացու կարգավիճակին: Փոխարենը նա անհայտ ճանապարհներով տարօրինակ ապրանքներ է հայթայթում եւ ուղարկում Հայաստան, որպեսզի Նազիկը փորձի դրանք վաճառել:
   
Ֆաբիանի ուղարկած ապրանքների իրացման հիմնական կետը Զորիկի փոքրիկ բակային խանութն է: Զորիկը գաղտնի սիրահարված է Նազիկին եւ դեմ չէ, որ իր խանութում վաճառվեն Գերմանիայից ուղարկված տարօրինակ ապրանքները: Բացի Զորիկից, ընտանիքի կյանքին աշխույժ մասնակցություն են ունենում սերիալի մյուս հերոսները` Դավիթի օգնական երիտասարդ Տոշը, բարի փոստատար Իգիթխանը, Իզաբելլայի “գլամուր” ընկերուհի Դինան, Դավիթի ընկեր Ստեփանը, որ աշխատում է բարմեն խստապահանջ Սուսաննա Սարիբեկովնայի սրճարանում:

Տաթեւ Պողոսյանը` «Ընտանյոք հանդերձ» սիթքոմի նկարահանումներին


Լինելով ընտանիքի միակ տղամարդը` Դավիթը մշտապես գտնվում է ընտանիքի անդամների ուշադրության կենտրոնում, ինչն այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ ընտանիքի իգական սեռի բոլոր ներկայացուցիչները յուրահատուկ բնավորությամբ մարդիկ են: Պատմության սկզբից Նազիկի ու Աիդայի հիմնական նպատակը Դավիթին ամուսնացնելն է: Դավիթն ամեն կերպ դիմադրում է մոր եւ մորաքրոջ այդ ցանկությանը, քանզի ներքուստ շատ է վախենում, որ իր կյանքում կհայտնվի եւս մեկ կին: Դավիթի հակառակվելը շարունակվում է այնքան ժամանակ, մինչեւ Զորիկի խանութում հայտնվում է նոր վաճառողուհի` Մարին:

Սամվել Թոփալյանը` «Ընտանյոք հանդերձ» սիթքոմի նկարահանումներին


Դավիթի կերպարում Սամվել Թոփալյանն է, ով BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, թե իր դերը հավանել է եւ հաճույքով նկարահանվել.“Դավիթը հորինված կերպար չէ. մեր քաղաքում շատերը կան, որ կայացած են իրենց մասնագիտության մեջ եւ ընտանիքում միակ տղամարդն են. Դավիթն իրական մարդկային տեսակ է: Նկարահանման վայրում դրական մթնոլորտ է, սպասվածից ավելի դրական մարդիկ ու ջերմ հարաբերություններ: Չեմ կարող ասել` արդյունքը ստացված է, թե ոչ, ինքս էլ դեռ չեմ դիտել, էկրանը ցույց կտա:)”:

Արփին Դավիթի միջնեկ քույրն է, որին մարմնավորել է Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Սիրանուշ Լազյանը: Նրա հերոսուհին տարված է վեհ գաղափարներով, բնապահպան է եւ ամեն ինչին նայում է հենց այդ տեսանկյունից: Նրան ոչ ոք չի հասկանում եւ նա հաճախ դառնում է Իզաբելլայի կատակների առարկան.“Թերեւս, ես ամենադժվարն եմ իմ կերպարը կերտել, քանի որ ընտանիքում նա հետին պլանում է, բայց ընթացքում ցույց է տալիս իր արտաքին գեղեցկությունը, որից հետո փոխվում է շրջապատի վերաբերմունքը”:

Իրինա Դանիելյանը եւ Լեւոն Հարությունյանը` «Ընտանյոք հանդերձ» սիթքոմի նկարահանումներին


Նրա խոսքով` նկարահանումներն անցնում են շատ հետաքրքիր ու ստեղծագործական մթնոլորտում.“Բոլորը պրոֆեսիոնալ մարդիկ են, հենց այնպես չեմ ասում, որ սիրուն խոսքեր գրվի, իսկապես իրենց գործում շատ հմուտ են: Նկարահանվել է ոչ թե սերիալի, այլ ֆիլմի ձեւաչափով. մեկ սերիայի համար տրամադրվել է երկու-երեք օր”,- պատմել է Սիրանուշը եւ հավելել, որ դեռ ոչ մի սերիա չի դիտել, քանի որ վախենում է իր խաղից հիասթափվել:

Հավելենք, որ առաջին եթերաշրջանը կշարունակվի մինչեւ Նոր տարի եւ կցուցադրվի շուրջ 26 սերիա:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW