×


Սամվելի ու Սիրանուշի չիրականացած հարսանիքն ու համատեղ կյանքի 9-ամյակը

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանն արդեն ինը տարվա ամուսիններ են: Երջանիկ զույգը դստրերի հետ ամուսնության հոբելյանը նշել է Էջմիածնում.“Միայն մեր ընտանիքով մեկնեցինք մեր սիրելի քաղաքներից մեկը, եկեղեցիներն այցելեցինք, մոմ վառեցինք եւ ողջ օրն այնտեղ անցկացրինք”,-BRAVO.am-ին պատմել է Սամվելը:

Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանը


Նա տեղեկացրել է, որ հարսանիք եւ պսակադրություն չեն ունեցել.“Երբ մեր ամուսնանալու որոշումն էինք կայացնում, երկուսս էլ աշխատում էինք թատրոնում եւ շատ խառն էինք: Հնարավորություն չունեինք նախապատրաստվել հարսանիքին, ընդամենը երկու օրով գնացել ենք Ծաղկաձոր, որն էլ համարում ենք մեր մեղրամիսը:): Այնտեղ երկուսով գնացինք Կեչառիս եկեղեցի, որ ստանանք տեր հոր օրհնությունը, սակայն այդ օրը նա չեկավ, մենք այդպես էլ օրհնություն չստացանք: Այնքան խառը ժամանակահատված էր, որ մտածեցինք՝ որքան շուտ միասին ապրենք, այնքան լավ: Սակայն ունեցել ենք մեծ նշանադրություն եւ ԶԱԳՍ-ի արարողություն”:

Դերասանը բացել է փակագծերն ու հայտնել, որ նախատեսում են 10-ամյակի առթիվ հաջորդ տարի հարսանեկան խնջույք կազմակերպել.“Չեմ ուզում Աստծուց առաջ ընկնել, բայց շատ կցանկանանք անել այն, ինչ պիտի լիներ տարիներ առաջ: Մեր երեխաներն էլ ներկա կլինեն ծնողների հարսանիքին”:

Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանը` երեխաների հետ


Սամվելը նշել է, որ ընտանիք ստեղծելու հարցում հարսանիքը կարեւոր նախապայման չէ.“Հայկական հարսանիքը դեռ փոքր տարիքից ինձ համար յուրահատուկ չի եղել, միայն եկեղեցու պսակադրությունն եմ կարեւորել: Հարսանիք չունենալու համար չեմ տխրել, այս ինը տարիների ընթացքում այնքան ուրախ օրեր ու քեֆեր ենք ունեցել, որ շքեղ հարսանիք ունեցած զույգերը հնարավոր է ունեցած չլինեն”:

Զույգի աղջիկները՝ 8-ամյա Էլենը եւ 2,5 տարեկան Մարիան, ծնողների աշխատավայրում հաճախ են լինում, թե ինչ մասնագիտություն կունենան, դերասանը թողել է նրանց ընտրությանը.“Մեծ աղջիկս ուզում է պարուհի դառնալ, պարում է Արինա Արարատյանի խմբում, դեռ իր ապագան միայն պարի մեջ է տեսնում, բնականաբար, շատ բաներ կփոխվեն կյանքում: Իսկ փոքր աղջիկս շատ արտիստիկ է, հնարավոր է որպես հայր եմ ոգեւորված խոսում, բայց առաջին հայացքից էլ նկատելի է”:

Էլենը հայրիկի հետ նաեւ խաղում է "Մեղրի համը" ներկայացման մեջ, որում իր դերակատարման համար Սամվելը "Արտավազդ" թատերական մրցանակաբաշխությանը ստացել է "Լավագույն երիտասարդ դերասան" մրցանակը. "Աղջիկս ամեն անգամ հպարտորեն բոլորին ասում է, որ դա երկուսիս մրցանակն է:)":

Սամվել Դանիելյանի ու Սիրանուշ Լազյանի դուստրը


Դերասան-ամուսինները թատրոնում այժմ զբաղված են երկու նոր մանկական ներկայացումների՝ "Օզ. Երկրի հրաշագործը" եւ "Մերի Փոփինս"-ի փորձերով, Սիրանուշը նաեւ նկարահանվում է "Ընտանյոք հանդերձ" սիթքոմում."Թատրոնում այս շրջանում բեմադրվում են մեծ մասամբ մանկական ներկայացումներ, որոնք կարող են դիտել մինչեւ 6-րդ դասարանի երեխաները, եթե իրենց մեջ հեքիաթը դեռ չի ավարտվել: Այս ամենին զուգահեռ Հանրային հեռուստաընկերությունում երկուսս կրկնօրինակում ենք արտասահմանյան ֆիլմերի ու մուլտֆիլմերի հերոսներին":

 BRAVO.am
Լուսանկարները` Սամվել Դանիելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին