×


«Կամակոր կնոջ սանձահարումը»` Քնարիկի, Արսենի, Լիլիի մասնակցությամբ

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի խաղացանկում ընդգրկվել է նոր ներկայացում։ «Կամակոր կնոջ սանձահարումը» երկու գործողությամբ կատակերգության պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

«Կամակոր կնոջ սանձահարումը» ներկայացման պրեմիերային


Ուիլյամ Շեքսպիրի այս գործը հարուստ ազնվական Բապտիստա Մինոլայի երկու դուստրերի՝ կամակոր Կատարինայի եւ առաջին հայացքից համեստ Բիանկայի մասին է։ Նրանց հայրը ցանկանում էր, որ սկզբում ամուսնանա ավագ դուստրը՝ Կատարինան: Բայց ո՞վ կհամաձայներ ամուսնանալ մի աղջկա հետ, որը թեպետ հարուստ օժիտ ուներ, բայց հայտնի էր որպես կռվարար ու լեզվանի: Բիանկային սիրահարված փեսացուները մինչ փորձում են նրա սիրտը նվաճել, ժամանում է Պետրուչիոն, որն ուզում է ամուսնանալ հարուստ օժիտ ունեցող աղջկա հետ եւ իր վաղեմի ընկերոջ խորհրդով որոշում է ծանոթանալ Կատարինայի հետ, ում կոպիտ վերաբերմունքը ոչ միայն չի հիասթափեցնում, այլեւ բորբոքում է նրա սերը: Թե ինչպես է Պետրուչիոն սանձահարում անսանձ կնոջը, կարող եք դիտել թատրոնում։

Բեմադրող ռեժիսորը եւ երաժշտական ձեւավորողն Արա Գեւորգյանն է, բեմադրող նկարիչը՝ Աշոտ Համբարձումյանը, զգեստների նկարիչը՝ Մարինե Թադեւոսյանը, իսկ պարերը բեմադրել է Մարիաննա Հովհաննիսյանը։

«Կամակոր կնոջ սանձահարումը» ներկայացման պրեմիերային


Ներկայացման մեջ զբաղված է թատրոնի գրեթե ողջ դերասանական կազմը՝ Մակիչ Մարգարյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ամիրան Գալստյանը, Արսեն Գրիգորյանը, Քնարիկ Զաքարյանը, Գեորգի Հովակիմյանը, Լիլի Դավթյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը, Գոռ Ալեքսանյանը, Սարգիս Վարդեւանյանը, Վահագն Գասպարյանը, Մարիետա Սարգսյանը, Անջուլինա Թոքմաջյանը, նաեւ բեմադրող Արա Գեւորգյանը։

Արա Գեւորգյանի առաջարկով այս թատրոնում առաջին անգամ է բեմադրվում Շեքսպիրի ստեղծագործություններից։ Նախքան բեմադրությունը սկսելը նա կատարել է դերաբաշխում եւ, էպիզոդիկ մի դերի համար չգտնելով հարմար դերակատար, նաեւ ինքն է բեմ բարձրացել.«Այդպես ստացվեց, որ ես էլ բեմ բարձրացա, թեեւ կցանկանայի ուշադրությունս ավելի շատ սեւեռել մյուսների խաղին»։

«Կամակոր կնոջ սանձահարումը» ներկայացման պրեմիերային


Քնարիկ Զաքարյանին շատ է դուր եկել Կատարինայի դերը.«Այսպիսի կերպար չէի մարմնավորել եւ հագուրդ տվեցի մանկությանս չիրականացած երազանքներին՝ խելառություններին ու կամակորություններին։ Ինձ թվում է՝ յուրաքանչյուր դերասանուհու համար սա երանելի դեր է, որը հաճույքով փորձում եմ կերտել բեմում։ Կին-տղամարդ թեման միշտ արդիական է, այդ պատճառով էլ կհետաքրքրի դիտողին», -նշել է նա` պատմելով, թե ինչպես են անցել փորձերը.«Բուռն վեճերի ու հաշտությունների արդյունքում ստեղծվել է հաջողված ներկայացում. մինչեւ ինքդ քո կերպարի ու ռեժիսորի հետ կռիվ չտաս, արդյունքը լավ չի լինի։ Հաճելի է, որ պրեմիերան անցնում է բուռն ծափերով, դահլիճը լեփ-լեցուն է, անգամ աթոռներ են ավելացվում։ Դահլիճից փոխանցվող էնրեգիան լիցքեր է տալիս եւ աննկարագրելի հաճույք պարգեւում»։

Քնարիկ Զաքարյանի մայրը՝ դերասանուհի Կարինե Ոսկանյանը, ով իր առաջին քննադատն է, արդեն դիտել ու նշել է թերությունները.«Մայրս միշտ օբյեկտիվ է, եւ այս դերակատարումս նրան դուր է եկել։ Մինչ պրեմիերան գլխավոր փորձերին ներկա է եղել, ես էլ իր նկատած թերությունները շտկել եմ։ Հուսանք՝ հանդիսատեսն էլ կհավանի»։

«Կամակոր կնոջ սանձահարումը» ներկայացման պրեմիերային


Բապտիստա Մինոլայի կրտսեր դուստրը՝ Բիանկան իր փեսացուներից ընտրում է Վինչենցիոյի որդի Լուչենցոյին, ով ամեն կերպ գրավում է նրա ուշադրությունը։ Բիանկայի դերակատար Լիլի Դավթյանն իր մարմնավորած կերպարը բնութագրում է որպես համեստ, հոր սիրելի դուստր, որը նաեւ խորամանկ է.«Նա անգամ ձեւացնում է, թե սիրում է գիրք կարդալ, մինչդեռ ընթերցասեր աղջիկ չէ։ Շեքսպիրը գրել է այնպիսի թեմայի մասին, որն առ այսօր արդիական է: Այնպես ենք մատուցում, որ շեքսպիրյան դարաշրջանի շունչը հասկանալի ու հետաքրքիր լինի։ Այս կերպարը պարբերաբար կխաղա նաեւ Անջուլինա Թոքմաջյանն, ու ամեն մեկս մեր ոճով կներկայանանք»։

«Կամակոր կնոջ սանձահարումը» ներկայացումն արդեն թատրոնի խաղացանկում է, հաջորդ բեմելը նախատեսված է մարտի 19-ին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին