×


Սեբու Սիմոնյանը` որդիների եւ հայրենիքում արմատներ գցելու մասին

«Capital Cities» ինդի-փոփ խմբի մեներգիչ Սեբուն Երեւանում է համերգային ծրագրով եւ այլ մի քանի նպատակով։ Ամերիկահայ հայտնի երաժիշտ-պրոդյուսերը պատմել է, որ նոյեմբերի 20-ին կայանալիք համերգին կներկայանա ակուստիկ ծրագրով, նաեւ զուգերգեր կկատարի Սիրուշոյի եւ պատանի կատարողների հետ։

Այս անգամ նա Հայաստանում է կնոջ ու երկու զավակների հետ։ Ավագ որդին ծնվել է 2014-ին, կրտսերը՝ 2017-ի գարնանը։ Նախորդ այցի ժամանակ մկրտել են ավագ որդուն` Րաֆիին՝ Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում.«Այս անգամ ուզում ենք Հովհանին կնքել այս սուրբ հողում։ Մոտ երկու ամիս կմնամ այստեղ: Միշտ ամռանն եմ եկել կարճ ժամանակով` իբրեւ զբոսաշրջիկ, այս անգամ կուզեմ արմատներս գցել մայր հայրենիքում»։

Սեբու Սիմոնյանը


Ամերիկահայ երգչուհի Թամար Կապրիելյանի հիմնած «Նվակ» երաժշտական նախագծի անդամների համար Սեբուն վարպետության դասեր կանցկացնի. «Թումոյի երիտասարդների հետ կշփվեմ, ու նոր գործեր կանենք իմ Հայաստանում գտնվելու ընթացքում։ Երկու տարի է՝ Թամարն ամառները դասեր է կազմակերպում, այս անգամ ես կաշխատեմ հետաքրքիր տաղանդների հետ։ Դրանից զատ պիտի փորձեմ աշխատել իմ երաժշտության վրա, ներշնչվել, իսկ ինձ ներշնչում են բնությունը, հայ ժողովուրդը, սերը, անշուշտ, ճարտարապետությունը։ Քանի դեռ Հայաստանում եմ, ուսումնասիրություններ կանեմ հայկական երաժշտության մաին, Կոմիտասի մասին, որովհետեւ նա ինձ վրա ամենամեծ ազդեցությունն է թողել։ Հայ երաժիշտներից  սիրում եմ Տիգրան Համասյանին, կապի մեջ ենք, բայց մասնավոր ծրագիր չունենք, եթե ստացվի, շատ ուրախ կլինեմ»։
 
Սեպուհ Սիմոնյանը ծնվել է 1978-ին՝ Հալեպում։ 1985 թվականին քաղաքացիական պատերազմի պատճառով ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ Սա իր առաջին համերգը չէ հայրենիքում. 2014-ի օգոստոսին մի քանի ելույթ է ունեցել այստեղ։ Կոմիտասով ոգեշնչված երաժիշտն առաջին երաժշտական խումբն ունեցել է դեռ 15 տարեկանում։ Նվագելով մի շարք երաժիշտների հետ` Ռայան Մերչենթի հետ հանդիպումը 2008 թվականին վճռորոշ է դառնում նրա համար. Լոս Անջելում ձեւավորում են «Capital Cities» խումբը։ Դուետը միջազգային ճանաչում ունեցավ 2011 թվականին թողարկած «Safe & Sound» հիթի շնորհիվ, որը հեղիանակավոր հիթ-շքերթների առաջին հորիզոնականում էր։

Սեբու Սիմոնյանը` կնոջ եւ որդու հետ


Սեպուհ Սիմոնյանն այժմ անհատական ալբոմ է ձայնագրում, ինչպես նշել է, կնվագակցի Ջիվան Գասպարյան կրտսերը, նաեւ Սերժ Թանկյանի հետ երգեր կթողարկի։

Ի դեպ, քչերը գիտեն, որ Սեբուն Ցեղասպանության թեմայով երգ ունի, որը կատարում է Soseh-ի, A.Chilla-ի եւ Ջիվան Գասպարյան կրտսերի հետ։

BRAVO.am
Լուսանկարները՝ Սեբուի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին