×


Սեռական անհամատեղելիություն. երբ չկա ցանկություն

Մարդկանց մշտապես հետաքրքրում է այլ մարդկանց սեռական կյանքը, եւ շատերը պատրաստ են ամենայն մանրամասնությամբ ու տարատեսակ մեկնաբանություններով քննարկել այն, բայց այդ ոլորտում առկա անձնական խնդիրները ոչ բոլորն են պատրաստ քննարկել անգամ իրենց զուգընկերոջ, ուր մնաց թե համապատասխան մասնագետի հետ: Չնայած` վերջին տարիներին գրանցվող ամուսնալուծությունների բարձր ցուցանիշը մասնագետները բացատրում են զույգերի հոգեբանական եւ սեռական անհամատեղելիությամբ, քչերը գիտեն, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ խնդիրները: Սեռական աններդաշնակության, զույգերի անհամատեղելիության պատճառների եւ, համապատասխանաբար, դրանց հնարավոր լուծումների մասին BRAVO.am-ը զրուցել է բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանի հետ:


Ինչ է սեռական աններդաշնակությունը

Զուգընկերների միջեւ ցանկացած տեսակի հոգեբանական, հուզական եւ ֆիզիկական անբավարարություն, որը սեռական ներդաշնակության խաթարման պատճառ է հանդիսանում, համարվում է սեռական աններդաշնակություն: Այլ կերպ ասած` սեռական աններդաշնակությունն ամուսինների ինտիմ հարաբերություններում անհամաձայնություններն են:

«Սեռական աններդաշնակությունը դրսեւորվում է սեռական պահանջի նվազմամբ, պակասում  է տվյալ զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկությունը, ինչպես նաեւ տղամարդկանց մոտ առաջանում է էրեկցիայի (պոտենցիա) խանգարում, կանանց մոտ` սեռական ցանկության բացակայություն, նվազում է օրգազմ ապրելու հաճախականությունը կամ ընդհանրապես բացակայում է այն»,-նշում է բժիշկ-սեքսոպաթոլոգը:

 Նրա խոսքով` հաճախ սեռական աններդաշնակության պատճառը կնոջ եւ տղամարդու անձնային-հոգեբանական հատկանիշների անհամապատասխանությունն է, որը դրսեւորվում է այն դեպքում, երբ տարբեր են ամուսնական զույգի անձնային առանձնահատկությունները, այսինքն` տարբեր են նրանց զարգացվածության եւ կրթական աստիճաններն ու հայացքները` ուղղված կենսական եւ նյութական արժեքներին, ինտելեկտուալ-մշակույթային պահանջները, սովորությունները, ճաշակը, հետաքրքրությունները եւ հակումները: Նման անհամատեղելիությունը ուղեկցվում է միմյանց հետ իրենց   զգացողությունները եւ ապրումները կիսելու անկարողությամբ, դիմացինի թերագնահատմամբ կամ գերագնահատմամբ, որն էլ միմյանցից հեռացման եւ օտարացման պատճառ է հանդիսանում:


«Զուգընկերոջ հանդեպ բացասական հույզերը` վախը, ատելությունը, անտարբերությունը, խանգարում են մարդուն ամբողջությամբ տրվել սեռական  զգացողություններին եւ պարզապես վստահել զուգընկերոջը սեռական մերձեցման ժամանակ: Իսկ երբ ամուսիններն ամբողջ կյանքի ընթացքում օտար են մնում միմյանց, երբեւէ ձեռք չեն բերի միջանձնային խոր կապ եւ հետեւապես` սեռական ներդաշնակություն»,-շեշտում է Վրեժ Շահրամանյանը:

Ըստ նրա` անձնային անհամապատասխանությունն առաջացնում է կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք ժամանակի ընթացքում ազդում են ինտիմ հարաբերությունների վրա: Հաճախ կոնֆլիկտի եւ միմյանցից դժգոհության պատճառները չեն գիտակցվում ամուսինների կողմից եւ որպես կոնֆլիկտի հիմանական պատճառ դիտարկվում է նշված անհամատեղելիության հետեւանքները, օրինակ` անկայուն հոգեվիճակը կամ սեռական խանգարումները: Նման դեպքերում հաճախ միջանձնային եւ սեռական դժվարությունները փոխազդելով` զույգերի փոխհարաբերություններում առաջացնում են արատավոր շրջան:

Իրական եւ կեղծ անհամատեղելիություն

Բժիշկ-սեքսոպաթոլոգը նշում է, որ ամուսինների սեռական հարաբերություններում անհամատեղելիությունը կարող է լինել ինչպես իրական՝ փաստացի տարբերությունների առկայությամբ, այնպես էլ կեղծ, երբ խոսքը հարաբերությունների ուղղությամբ աշխատելու ցանկության բացակայության եւ սեռական անգրագիտության մասին է:
 
Զույգի սեռական կյանքում խնդիրներ կարող են առաջանալ տղամարդու եւ կնոջ լիբիդոյի՝ սեռական ցանկության ակտիվության տարբեր մակարդակների պատճառով. «Սեքսի պահանջը, սեռական կապի ցանկության հաճախականությունը յուրաքանչյուր մարդու պարագայում անհատական է եւ պետք է զուգընկերոջ կողմից ընդունվի հարգանքով: Բայց հետաքրքիր է, որ զուգընկերների պահանջմունքների փաստացի հսկայական անտարբերություն հանդիպում է ոչ այնքան հաճախ, որքան ընդունված է կարծել: Այդ պատճառով մինչ ասելը, որ կինը սեքս չի ցանկանում միայն այն պատճառով, որ դա նրան զգալիորեն քիչ է անհրաժեշտ, քան տղամարդուն, հարկավոր է համոզվել, որ սեռական աններդաշնակության հարցում այլ` ավելի հավանական պատճառներ չկան, օրինակ՝ անվստահություն, միապաղաղություն սեռական հարաբերություններում, զսպվածություն»:

 Ֆիզիոլոգիական երկրորդ գործոնը, որ ազդում է զույգի սեռական կյանքի որակի վրա, զուգընկերների սեռական օրգանների չափն ու դրանց հարաբերակցությունն են: Երիտասարդ, անփորձ զույգերի համար դա իսկապես կարող է լուրջ խնդիր եւ նույնիսկ բաժանման պատճառ թվալ:


«Այստեղ հարկավոր է փոխզիջում փնտրել, օրինակ՝ սեռական հարաբերության ժամանակ դիրքեր ընտրելիս, երբ թափանցման խորությունը կոնկրետ կնոջ համար լավագույնը կլինի տղամարդու սեռական օրգանի շատ մեծ կամ, հակառակը, անբավարար չափի դեպքում: Այնպիսի նուրբ խնդիրը, ինչպիսին է ծննդաբերությունից հետո կնոջ սեռական օրգանների մկանների թուլացումը, որը նվազեցնում է սեքսի ժամանակ տղամարդու հաճույքի ինտենսիվությունը, նույնպես կարելի է լուծել: Կանանց համար գոյություն ունեն հատուկ վարժություններ, որոնք ինտիմ մկանների առաձգականությունը վերականգնելու հնարավորություն են տալիս»,-պարզաբանում է մասնագետը:

Ինչպես հասնել սեռական ներդաշնակության
   
Սեռական կյանքը կարգավորելու համար կարեւոր է հասկանալ` իսկապես զույգի մոտ սեռական խառնվածքի տարբերություն կա, թե դրա հետեւում հոգեբանական պատճառներ են: Եթե ճիշտ է վերջին տարբերակը, ապա կնոջ կամ տղամարդու անվստահության, բարդույթների, հոգետրավմաների ուղղությամբ աշխատանքը կարող է զգալի արդյունքներ տալ: Այդ պատճառով մինչ զույգի մոտ սեռական անհամատեղելիություն ախտորոշելը սեքսոպաթոլոգը թեստերի եւ անհատական զրույցների մի ամբողջ շարք է անցկացնում:
 
Խառնվածքի անհամատեղելիության առկայության պարագայում, ըստ մասնագետի, ելքը դարձյալ փոխզիջումային լուծումներ փնտրելն է, որը հարմար կլինի զուգընկերներից յուրաքանչյուրին: Դրանք կարող են լինել ինտիմ փոխազդեցության տարատեսակ ձեւերը, առավել ակտիվ զուգընկերոջ կողմից շոյանքները՝ սեռական լարվածությունը հանելու համար: Իր հերթին նա պետք է հոգա որակյալ նախաբանի, «սառը» զուգընկերոջ ճիշտ տրամադրվածության մասին.«Երբեմն հենց դա կարող է վերափոխել քիչ համատեղելի ամուսինների սեռական   հարաբերությունները: Ամեն դեպքում փոխզիջումային լուծումների փնտրտուքը, միմյանց պահանջմունքները հասկանալն ու հարգելը երջանիկ ամուսնության այն ընդհանուր բաղադրատոմսն է, որը կարելի է կիրառել նաեւ դրա ամենից ինտիմ ոլորտում»:

Տեքստը` Ա.Ս.-ի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին