×


Սեռավարակների թոփ եռյակը

Մի ծանոթ աղջիկ վերջերս հարցրեց. «Իսկ սեռավարակները շա՞տ վախենալու են: Բուժվո՞ւմ են առհասարակ»: Հասկացա, որ չի կարող լինել սյունակ սեքսի մասին առանց սեռավարակների: Ի վերջո, ամեն լավ բան, այդ թվում եւ սեքսը, ունի տհաճ պահեր, որոնց հետ պետք է հաշվի նստել: Հակառակ դեպքում մեկ հատիկ սեռական ակտը կարող է վերածվել թթված սառը տոլմայի՝ թանկարժեք հակաբիոտիկներով, հակասնկայիններով ու նվազագույնը մեկամսյա սեռաքաղցով:

Եվ այսպես, առաջարկում եմ անգիր անել այս 3 սեռավարակի անուններն ու նկարագրերը: Մաղթում եմ երբեք չառնչվել սրանց հետ:

ՔԼԱՄԻԴԻՈԶ

Փաստեր. Ըստ EuroLab բժշկական պորտալի` կանանց 30-60%-ն ու տղամարդկանց 51%-ը քլամիդիոզ ունեն: Մասնագետները պնդում են, որ 3 վարակվածից 2-ը տեղյակ չեն իրենց վիճակից, իսկ դա արագացնում է քլամիդիոզի տարածման տեմպերը սեռաակտիվ մարդկանց շրջանում: 2 սեռի մոտ էլ, որպես կանոն, արտահայտվում է  20-40 տարեկանում: Վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով: Բարձր ռիսկի խմբի մեջ են սեռական զուգընկեր հաճախակի փոխողներն ու պատշաճ կերպով չպաշտպանվողները:

Նշաններ եւ հետեւանքներ: Հաճախ ընթանում է առանց սիմպտոմների կամ թույլ արտահայտված նշաններով: Ժամանակին չմիջամտելու դեպքում կարող է քրոնիկական դառնալ, որը շատ դժվար է բուժվում ու անդառնալի հետեւանքներ թողնում: Տղամարդկանց մոտ ախտահարվում են ամորձիները, շագանակագեղձը: Կանանց մոտ վարակն աչքաթող անելու դեպքում հնարավոր են ներքին սեռական օրգանների բորբոքում, արտարգանդային հղիություն, երբեմն՝ անպտղություն:

ԳՈՆՈՐԵԱ

Փաստեր. Ըստ տարածման՝ առաջին տեղն է զբաղեցնում սեռավարակների մեջ: 2 սեռերի մոտ էլ ախտորոշվում է  20-40 տարեկանում` անկանոն սեռական կյանք վարելու հետեւանքով: Բնական ճանապարհով ծննդաբերելու դեպքում հավանական է, որ երեխան վարակվի հոնորեայով հիվանդ մորից:

Նշաններ ու հետեւանքներ. 
Գոնորեան ունի մոտ մեկ շաբաթ գաղտնի շրջան, այնուհետեւ տղամարդկանց մոտ թարախային արտադրություն է սկսվում, դրան զուգահեռ՝ հաճախամիզություն, որի ընթացքում էլ՝ այրոցի զգացում: Նույնիսկ նշանների իսպառ բացակայության դեպքում վարակի կրողները վարակիչ են զուգընկերոջ համար: Չբուժելու դեպքում հոնորեան ձեռք է բերում քրոնիկական բնույթ: Կանանց մոտ առաջանում են արգանդի բորբոքային հիվանդություններ, իսկ տղամարդկանց մոտ՝ հոնորեային պրոստատիտ, որը կարող է իմպոտենցիայի հանգեցնել:

ՍԻՖԻԼԻՍ

Փաստեր.
Վերջին տարիներին սիֆիլիսի տարածման մակարդակն իջել է: Բայց այն դեռ պահպանում է իր վտանգավոր դիրքերը: Ռիսկային խմբում են, ինչպես նախորդներում, անկանոն սեռական կյանք վարողները: Վարակն ամենից հաճախ հանդիպում է 30-ն անց տղամարդկանց եւ մինչեւ  25 տարեկան կանանց մոտ: Սիֆիլիսի առկայությունը 5 անգամ մեծացնում է այլ սեռավարակով հիվանդանալու հավանականությունը:

Նշաններ ու հետեւանքներ. Սիֆիլիսը դանդաղ տեմպերով է զարգանում: Ժամանակին չբուժելու դեպքում դրա զարգացման փուլերն անընդհատ փոխարինում են մեկը մյուսին: Որքան ուշ է միջամտությունը, այնքան վատն են հետեւանքները: Ամենավատ դեպքում սիֆիլիսը կարող է բերել հաշմանդամության կամ մահվան: Ախտահարվում են նյարդային, սրտանոթային համակարգերը, լյարդը, հենաշարժային ապարատը, այլ օրգաններ ու համակարգեր: Հղիությունն ու սիֆիլիսն անհամատեղելի հասկացություններ են: Սիֆիլիսով հիվանդ լինելու դեպքում հղիությունն ընդհատվում է վաղ ժամկետներում, հնարավոր է վաղաժամ ծննդաբերություն, պտղի մահացություն: Եթե, այնուամենայնիվ, երեխան ծնվում է, նրա մոտ նույնպես սիֆիլիս է ախտորոշվում:

ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ


Դե, ակնհայտորեն, ամենաարդյունավետ տարբերակը սեքսից հրաժարվելն է: Սա, իհարկե, դաժան մեթոդ է: Կան ավելի մեղմ տարբերակներ՝ սեքսուալ կյանք միայն մեկ զուգընկերոջ հետ եւ պահպանակի կիրառություն: Մշտապես միայն մեկ զուգընկերոջ հետ սեքսն, իհարկե, հիացմունքի է արժանի, բայց ընդունենք, որ հազվագյուտ երեւույթ է: Այդ պատճառով էլ սեռավարակներից խուսափելու ամենածանր հրետանին մնում է պահպանակը:

Որքանո՞վ է պահպանակն արդարացնում իրեն: Այս հարցին մասնագետները դժվարանում են պատասխանել: Մարդիկ փորձարարական ճագարներ չեն, ու նրանց սեքսուալ վարքին բարդ է հետեւելը: Իսկ հարցաքննությունն անօգուտ է այս դեպքում. մարդիկ հակված են թաքցնելու իրենց ննջարանային վարքի մանրամասները:

Բացի այդ, նրանք, ովքեր պահպանակ են օգտագործում, սովորաբար մեծ քանակի զուգընկերների հետ են մտնում սեռական կապերի մեջ՝ մեծացնելով սեռավարակի հավանականությունը: Իսկ նրանք, ովքեր պահպանակի կարիք չունեն, որպես կանոն մեկ զուգընկերոջ հետ են սեքսուալ կյանք կառուցում: Այսպիսով ստացվում է, որ վարակվողներն ավելի շատ պահպանակ օգտագործողների մեջ են հայտնաբերվում:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ պահպանակը, այնուամենայնիվ, զգալիորեն նվազեցնում է սեռավարակի ռիսկը: 2006թ. Վաշինգտոնի համալսարանը հրապարակեց երկար տարիներ անցկացվող հետազոտությունների արդյունքները: Ըստ դրանց՝  կանայք, ում զուգընկերները պահպանակ էին օգտագործում, կրկնակի քիչ էին վարակվել պապիլոմայով:

Իսկ արդյոք պահպանակի գովազդն անկանոն սեքսուալ կյանքի քարոզ չէ: Տարիներ շարունակ այս հարցն անհանգստացնում էր  «չափավոր եւ հավատարիմ» սեքսի ջատագովներին: Բայց պահպանակ օգտագործելու հորդորներով հանդես եկող 174  հաղորդման հարցումների արդյունքում պարզվեց, որ մասնակիցների սեքսուալ կյանքում բացարձակապես ոչ մի փոփոխություն չի նկատվել:

Այնպես որ նոր զուգընկերոջ դեպքում արժե 2 բան անել` կամ պահանջել սեռավարակների հետազոտման պատասխանները, կամ սուսուփուս պահպանակից օգտվել: Առողջություն եմ մաղթում բոլոր սեքսով զբաղվողներին:

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին