×


Սերգեյ Սմբատյան.«Միշտ շարունակում ենք երազել»

Այս տարի լրանում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադրման տասը տարին: Երեկ “Արամ Խաչատրյան” համերգասրահում հանդիսատեսը վայելեց մինչ կեսգիշեր ընթացած հոբելյանական համերգը, որն իսկական տոնի վերածվեց: Նվագախմբին շնորհավորելու էին եկել թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը, Աստղիկ Սիրանոսյանը, ջութակահարներ Հայկ Կազազյանը եւ Յուկա Ցուբոյը, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, բանդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Երեկոյի ամենամեծ անակնկալներից էր մեծանուն դիրիժոր եւ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ներկայությունը, ով Երեւան էր ժամանել նվագախմբի համար այսքան կարեւոր օրը նրանց կողքին լինելու համար:

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին եւ Սերգեյ Սմբատյանը


«Շատ հուզված ենք. սա կարեւոր տարեդարձ է նվագախմբի համար: Այն, որ այսօր նման մեծանուն արտիստների մասնակցությամբ համերգ ունենք, մեզ համար մեծագույն ձեռքբերում է: Նվագախմբի ամենամեծ ու կարեւոր նվաճումների մասին խոսելով` կարող եմ նշել, որ այսօր մեր կողքին է մաեստրո Պենդերեցկին: Մեծագույն պատիվ է երիտասարդ երաժիշտների համար, որ այսչափ կարեւոր օրը նա մեր կողքին է»,- ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Համերգից հետո «Ֆեյսբուքը» լցվեց հիացական ու շնորհավորական բազմաթիվ գրառումներով, եւ տպավորություն էր, կարծես, բոլոր ծանոթներս, նրանց ծանոթներն ու ծանոթների ծանոթները ներկա են եղել համերգին:

Դիրիժոր եւ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին


BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է Երիտասարդական նվագախմբի ելույթներին` պատմելով հաջողությունների եւ ձեռքբերումների մասին: Դեռեւս տարիներ առաջ մեզ հետ զրույցում Սերգեյ Սմբատյանը նշել էր.«Ամեն անգամ նոր բան ենք անելու, էլ մի զարմացեք»: Տասը տարվա ընթացքում նվագախումբը չդադարեց աշխատել, անակնկալներ մատուցել ու զարմացնել դասական երաժշտության սիրահարներին:

Կոկո Շանելը մի առիթով ասել էր.«Նորաձեւությունը չի կարելի նորաձեւություն անվանել, եթե այն դուրս չի գալիս փողոց»: Երիտասարդական նվագախումբը մոտավորապես նույն բանն արեց` դասական ստեղծագործությունները քայլ առ քայլ հասանելի դարձնելով նույնիսկ երաժշտությունից հեռու մարդկանց: “Cartoon Non-Stop”, “Hollywood Non-Stop”, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ, Հյուսիսային պողոտայում կայացած բացօթյա համերգ, աշխարհահռչակ արտիստների հետ համատեղ երեւանյան ելույթներ, արտերկրում կայացած համերգներ. նվագախմբի գործունեության մասին պատմող այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել:

Նարեկ Հախնազարյանը` Երիտասարդական նվագախմբի 10-ամյա հոբելյանին


“Երաժշտի համար ամենակարեւորն իմանալն է, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել: Մենք կարողացանք փոխել դասական երաժշտության վերաբերյալ մարդկանց ընկալումը, դեռ շատ բան կփորձենք փոխել: Դրա համար միշտ շարունակում ենք երազել: Մենք այն Հայաստանի ծնունդն ենք, որ անկախ է ու հաղթող: Երիտասարդական նվագախումբը ընտանիք է, որ փորձում է նոր գաղափարներ հնչեցնել` ներկայացնելով  նոր շունչ, նոր հույզեր ու հաղթանակներ»,-ասաց Սերգեյ Սմբատյանը:

Համերգասրահում տեղադրված մեծ էկրանից նվագախմբին շնորհավորեցին Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Զուբին Մեթան, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, Միխայիլ Շվիդկոն, Մաքսիմ Վենգերովը,  Դենիս Մացուեւն ու մյուսները:

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը


«Նվագախմբի կյանքում տասը տարվա հոբելյանն ամենակարեւորն է ու պիտի ամենասպիտակը մնա հիշողության մեջ: Շատ ռոմանտիկ եմ պատկերացնում այս տասը տարիները, հիշում եմ յուրաքանչյուր համերգն ու բեմելը: Տասը տարի առաջ մենք մեր առաջին ծափահարություններին էինք սպասում, այսօր վստահ ենք` էլ ավելի շատ աշխատանք ունենք անելու»,-նշեց Սերգեյ Սմբատյանը, ում երեկ շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում: 

BRAVO.am-ը շնորհավորում է Երիտասարդական նվագախմբին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հաջողություններ:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին