×


Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը, Ջոն Դոլմայանը՝ «Օրրան»-ի ամերիկյան ընթրիքին

Երեւանում ու Վանաձորում գործող «Օրրան» բարեգործական կազմակերպությունն իր հոգածության ներքո գտնվող երեխաներին ու տարեցներին աջակցելու նպատակով ամեն տարի իրականացնում է նվիրատվությունների երեկո։ Սեպտեմբերին տեղի ունեցած երեւանյան ամենամյա ընթրիքից հետո հոկտեմբերի սկզբին բարեգործական միջոցառում է տեղի ունեցել նաեւ Գլենդել քաղաքում։

Արմինե Հովհաննիսյանը եւ Անժելա Սարաֆյանը


Նվիրատվությունների երեկոյին ներկա են եղել ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը, «System of a Down» ռոք-խմբի անդամներ Սերժ Թանկյանը՝ կնոջ հետ, թմբկահար Ջոն Դոլմայանը, ելույթ են ունեցել Միսթր X-ը եւ ամերիկաբնակ այլ արտիստներ։

«Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը դեռ Միացյալ Նահանգներում է, կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Սուսաննա Մանուկյանը BRAVO.am-ին հայտնել է, որ ընթրիքը համախմբել է բազմաթիվ ամերիկահայերի. «Սերժ Թանկյանը միշտ Հայաստանի կողքին է, իր տիկնոջ հետ արդեն մի քանի տարի հովանավորում է Վանաձորի «Օրրան»-ի տարեցների ճաշի ծրագիրը։ Նախորդ տարի կիթառ էր նվիրել աճուրդի համար, որը վաճառվեց 27.000 դոլարով։ Արմինե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝  Անժելա Սարաֆյանն այնքան դրամատիկ է պատմել «Օրրանի»-ի մասին, կարծես, ելույթը մոնոներկայացում լիներ։ Դերասանուհին Երեւանում այցելել է «Օրրան» եւ ականատեսի աչքերով է պատմել երեխաների մասին։ Հյուրերը միաձայն նշել են, որ պատրաստ են օգնել Հայաստանի կարիքավոր մանուկներին»:

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին


Ընթրիքի մաս կազմող աճուրդին թմբկահար Ջոն Դոլմայանը նկարել է հարվածային գործիքի վրա, եւ այն աճուրդի ժամանակ վաճառվել է 8500 դոլարով, բացի այդ, նա գնել է «Օրրան»-ի սաներից մեկի ձեռքի աշխատանքը։ Աճուրդի են հանվել նաեւ նկարչուհիներ Արեւ Պետրոսյանի, Վերա Հարությունյանի կտավները եւ այլ նմուշներ։

Բարեգործական ընթրիքի արդյունքում հաջողվել է հանգանակել շուրջ 150.000 դոլար։

BRAVO.am
Լուսանկարները` «Օրրան»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին