×


Սեւակ Ամրոյանը՝ փեսա :)

Սեւակ Ամրոյանը ժողովրդական հայտնի «Յար, բոյիդ մեռնեմ» երգը կներկայացնի նոր մատուցմամբ: Երգիչը BRAVO.am-ին հայտնել է, որ երգի հիման վրա օրեր առաջ նկարահանված տեսահոլովակի հերոսի՝ փեսայի կերպարում ինքն է, հարսնացուին էլ մարմնավորել է պարուհի Էլեն Սանդալջյանը.«Սյուժեի հիմքում ոչ թե հարսանիքն է, այլ զույգի սերն ու  փոխհարաբերությունը, պարզապես կան նաեւ հարսանեկան կադրեր»։


Սեւակ Ամրոյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին

Ժողովրդական երգը գործիքավորել է Գարեգին Առաքելյանը, միքսն ու մասթերինգն արել է ԴերՀովան.«Այս երգը ժամանակին շատ են կատարել. հին ֆոլկլորը ներկայացնում ենք նորովի։ Ընկերներիս հետ ուզում ենք վեր հանել ազգագրական ու ժողովրդական երգերը, ինչի պակասը զգացվում է։ Նպատակ ունենք մոռացված երգերը տարածել, ինչո՞ւ չէ, նաեւ կոմերցիոն դարձնել»,-ասել է նա:

Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գեւորգյանն է, ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը. «Մարիամի հետ մի քանի անգամ աշխատել ենք եւ հավանելով ձեռագիրը՝ պրոդյուսերիս հետ նախընտրեցինք նորից իրեն վստահել։ Թեեւ փեսայի կերպարում էի, բայց չեմ կենտրոնացել այդ դերի վրա։ Հուսով եմ՝ արդյունքը կհավանեն»։


Սեւակ Ամրոյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին

«Շանթ»-ի «Ժողովրդական երգիչ 1» նախագծի հաղթողն ամռան ընթացքում ելույթ է ունեցել Լիբանանում, Կրասնոդարում, այսօր էլ մեկնում է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 2-ին կայանալիք Արցախի անկախության տարեդարձին նվիրված համերգին, իսկ սեպտեմբերի 21-ին «Շանթ»-ի երգիչների հետ կերգի Մոսկվայում. «Արձակուրդ չեմ ունեցել, սկավառակի թողարկումից հետո ստուդիայում կրկին նոր երգերի ձայնագրությամբ էի զբաղվում։ Փորձում ենք հյուրախաղերի ընթացքում խիտ օրակարգից մեկ օր «գողանալ», մի քիչ լիցքաթափվել։ Այս ամառ ավելի շատ կարեւորեցի աշխատանքը, քան հանգիստը»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Սեւակ Ամրոյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին