×


Սեւակ Ամրոյանի CD-ի շնորհանդեսն ու Նունե Եսայանի հետ նոր զուգերգը

Սեւակ Ամրոյանի համար մայիսի 29-ը սպասված ու կարեւոր օր էր. Երեւանի ժամանցի վայրերից մեկում երեկ կայացել է ժողովրդական երգչի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը, որին ներկա են եղել նրա մտերիմները, գործընկերները եւ երգի ուսուցիչները:

Սեւակ Ամրոյանը եւ Գայանե Ասլամազյանը


«Շանթ»-ի «Ժողովրդական երգիչ 1» նախագծի հաղթողի առաջին ալբոմը կոչվում է «Էլ ետդարձ չկա»։ Ինչպես պատմել է Սեւակը, CD-ում ընդգրկված է աշուղական, ժողովրդական, ժամանակակից հեղինակների 11 երգ.«Իմ ստեղծագործական ճանապարհին բազմաթիվ երգեր եմ կատարել, բայց որոշեցինք ընդգրկել վերջին շրջանի դեռեւս չլսված նոր գործերը»։

Շնորհանդես-համերգին 25-ամյա երգիչը ներկաների համար կատարել է CD-ում ներառված երգերից, նաեւ Նունե Եսայանի հետ երգել է նոր դուետ` «Իմ աննման յար»-ը.«Հեղինակ Անուշ Ալեքսանյանի շնորհիվ ունենք նոր զուգերգ, արդեն մտածում ենք տեսահոլովակով ներկայացնել, բայց վերջնական դեռ չենք որոշել»,-հայտնել է նա: Ելույթ է ունեցել նաեւ Սեւակի առաջին ուսուցիչ Արսեն Գրիգորյանը:

Հայկ Պետրոսյանը, Վարդան Բադալյանը, Նարինե Դովլաթյանը եւ Ալեքսանդր Մհերյանը


Ի դեպ, սկավառակում եւս մեկ նոր զուգերգ կա ամերիկահայ ժողովրդական երգիչ Գառնիկ Սարգսյանի հետ։ CD-ի գրաֆիկական դիզայնի ու լուսանկարների հեղինակն Արվին Քոչարյանն է, միքսն ու մասթերինգն իրականացրել է ԴերՀովան, գործիքավորումների մի մասը՝ Գարեգին Առաքելյանը.«Ես ու ԴերՀովան որքան էլ երաժշտական ոճերով ու ճաշակով տարբեր ենք, բայց գաղափարներով մոտ ենք, իրար հետ հեշտությամբ ենք աշխատում։ Իրականում այս սկավառակի ստեղծման համար մեծ թիմ է աշխատել, համագործակցել եմ շնորհալի բազմաթիվ երաժիշտների հետ։ Ոգեւորությունս մեծ է, շնորհակալ եմ ինձ օգնող ընկերներիս, հատկապես Սաշ Մհերյանին»,-ասել է Սեւակը:

Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել երգչի նոր տեսահոլովակի առաջին ցուցադրումը, որը նկարահանվել է «Հայոց մարտիկներ» հայտնի երգի հիման վրա։ Ի դեպ, Վիգեն Հովսեփյանի հեղինակած այս երգը կատարել է նաեւ Գառնիկ Սարգսյանը, իսկ Սեւակն այն կատարում է նոր գործիքավորմամբ։ Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գեւորգյանն է, ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը.«Այս երգը չեմ ուզում կապել ապրիլի պատերազմի հետ. միշտ եմ երգում Հայաստանի մասին։ «Ախպերս ու ես» երգի լավ արձագանքներից հետո որոշեցի եւս մեկ գեղեցիկ երգ ներկայացնել, որը կոգեշնչի ու կոգեկոչի մարդկանց», - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգիչը:

Նունե Եսայանը եւ Սեւակ Ամրոյանը


Նա նշել է, որ ձայնասկավառակ թողարկելով, նպատակ չունի գումար աշխատել. «Գիտեմ, որ համացանցի դարում չես կարող վաճառել ու հարստանալ. առաջին սկավառակն ինձ համար առաջին հերթին այցեքարտ է։ Յուրաքանչյուր երգչի համար պրոֆեսիոնալ CD-ն նոր սանդղակ է, լրջորեն աշխատել ենք ամեն մանրուքի վրա։ Կարծում եմ՝ ժողովրդական երգը սիրողը կգնահատի»։

Հավելենք, որ երգիչն այսօր Գյումրիում իր գործընկերների հետ կմասնակցի ժողովրդական երգի երեկոյի, իսկ մոտ օրերս ելույթ կունենա Լիբանանում։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին