×


Սեւակ Խանաղյան.«Ինձ ոչինչ չի կանգնեցնի»

«Լոֆթ» կենտրոնում երեկ հաճելի իրարանցում էր. հյուրընկալել էին Սեւակ Խանաղյանին: Կարճ ժամանակում հայտնի դարձած ու սիրված երգչին երկրպագուներն անհամբերությամբ էին սպասում. եկել էին կես ժամ շուտ ու ամուր զբաղեցրել իրենց տեղերը: Իհարկե, մինչեւ Սեւակի գալը շատերի համար նույնիսկ նստելու տեղ չմնաց: Երգիչը խոսեց առաջիկա մենահամերգի, Հայաստան այցերի, իր հասցեին հնչող քննադատությունների եւ հաջողության հասնելու բանաձեւի մասին: Վերջում էլ, իհարկե, ներկաների հետ երգեց մեկ քառատող, եւ հերթը հասավ սելֆիներին, որոնց, թվում էր, վերջ չկա: Սեւակ Խանաղյանի հետ հանդիպման հետաքրքիր մանրամասները՝ BRAVO.am-ի անդրադարձում.

Սեւակ Խանաղյանը


Նոր մենահամերգ ու ավելի շատ հեղինակային երգեր


Սեպտեմբերի 23-ին Համալիրում կայանալիք համերգը լիովին տարբերվելու է երեւանյան իմ նախորդ ելույթներից: Կլինի մեծ մենահամերգ՝ նվագախմբի մասնակցությամբ: Այս անգամ ավելի շատ հեղինակային երգեր են լինելու, որոնք վերջերս են գրվել, ու որոնք դուք դեռ չեք լսել: Զուգերգերի վերաբերյալ առայժմ ոչինչ չեմ կարող ասել. հնարավոր է՝ լինեն, հնարավոր է՝ ոչ, չգիտեմ (ժպտում է,- հեղ.): Այն, որ մեր թիմը ձեզ զարմացնելու է, կարող եմ երաշխավորել: Պետք է ասեմ, որ դեռեւս չեմ կարողանում հրաժարվել քավերներից, քանի որ ինձ սկսեցին ճանաչել ոչ միայն հեղինակային, այլեւ հայտնի երգերի մեկնաբանությունների շնորհիվ: Կներկայացնեմ մի քանիսը, որոնք հանդիսատեսին ավելի շատ դուր են գալիս հենց իմ կատարմամբ:

Վերադառնալով Հայաստան

Գիտեք, շատ երկար ժամանակ է՝ ապրում եմ Հայաստանից դուրս: Շատ եմ սիրում մեր հայրենիքը, հպարտ եմ, որ հայ եմ, բայց ցավոք կամ բարեբախտաբար, մեծացել եմ այլ երկրում, սովորել եմ այնտեղ, աշխատել եւ ստեղծագործական առաջին քայլերն այնտեղ եմ արել: Այնպես որ, ինձ Ռուսաստանի հետ շատ բան է կապում, եւ չեմ կարող հենց այնպես ամեն ինչ թողնել ու վերադառնալ: Բայց ինձ ոչինչ չի խանգարում այստեղ գալ ավելի հաճախ: Այսօր մեկը հարցրեց՝ ինչն է ստիպում գալ Հայաստան: Ինձ ոչինչ չի ստիպում բարեբախտաբար: Ես հասկացել եմ, որ այստեղ մարդկանց դուր է գալիս իմ արվեստը, այն, ինչ անում եմ, եւ ես սիրով վերադառնում եմ համերգներով: Կխաբեմ, եթե ասեմ, որ մոտ ժամանակներս կվերադառնամ Հայաստան՝ ապրելու: Ես խաբել չեմ սիրում: Բայց այն, որ հաճախ եմ գալու, հաստատ է:

Սեւակ Խանաղյանը հանդիպել է երկրպագուներին


«Պաշտում եմ մոշի կոմպոտն ու փախլավան»

Շատ եմ կարոտում Հայաստանի ջուրը, որը կարելի է հանգիստ խմել` պարզապես բացելով ծորակը: Սնունդը լրիվ այլ համ ունի: Ես չեմ սիրում եվրոպական խոհանոցը, չեմ սիրում սուշի եւ այլն: Սիրում եմ մեր հայկական խոհանոցը, հատկապես, երբ մայրս է որեւէ բան պատրաստում մեզ համար: Սիրում եմ ու կարոտում իմ գյուղը, որտեղ ծնվել եմ ու մեծացել: Ամեն ինչն եմ կարոտում այստեղ: Պաշտում եմ մոշի կոմպոտն ու փախլավան: Դրսում մի երկու անգամ գնեցի մոշի կոմպոտ, բայց լրիվ այլ համ ուներ, եւ ամեն անգամ, երբ գալիս եմ Հայաստան, պարզապես դույլերով եմ խմում. շատ եմ սիրում:

«Ինձ ոչ ոք նման սարսափելի նամակներ չի գրում»

Շատ նորմալ եմ ընդունում առողջ քննադատությունը եւ նույնիսկ շնորհակալություն եմ հայտնում, երբ հասկանում եմ՝ իմ առջեւ բանիմաց մեկն է: Բայց երբ մարդն ամբողջ օրն անգործ նստած է բազմոցին եւ քննադատություն է հնչեցնում ամեն ինչի ու բոլորի հասցեին, չեմ կարող լուրջ ընդունել: Արտիստ ընկերներ շատ ունեմ, որոնք ինձ հաճախ ցույց են տալիս իրենց հասցեին արված մեկնաբանություններն ու քննադատությունները: Կարդում եմ ու ապշում՝ սարսափելի է, ձեզ նման բանե՞ր են գրում: Անկեղծ եմ ասում, ինձ ոչ ոք նման սարսափելի նամակներ կամ մեկնաբանություններ չի գրում, օրինակ՝ «Ուզում եմ` մեռնես, ոչ մի հաջողության չհասնես եւ այլն»: Մտածում ես՝ Աստված իմ, ի՞նչ են խոսում այս մարդիկ: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ պետք է լինի այդ մարդու գլխում, որպեսզի մտածի նման բան գրել: Կարելի՞ է արդյոք ուշադրություն դարձնել նման մեկնաբանություններին կամ վիրավորվել դրանից: Իմ կարծիքով՝ ոչ:
Կյանքում շատ բաներ կան, որոնք ինձ դուր չեն գալիս, բայց ես փորձում եմ անել այնպես, որ դրանք ինձ դուր գան: Ես սկսում եմ մտածել՝ ի՞նչ է նա արել, որ ինձ դուր չի գալիս, մեծամի՞տ է: Իսկ գուցե դա միայն ինձ է այդպես թվում… Շփվե՞լ ես նրա հետ, ճանաչո՞ւմ ես նրան, իսկ գուցե նա այդպիսին չէ… Թե՞ դու նրան տեսել ես հեռուստացույցով եւ որոշել, որ մեծամիտ է: Ինչ վերաբերում է մասնագետների կողմից արված քննադատություններին, դրանց շատ լավ եմ վերաբերվում:

Սեւակ Խանաղյանը


«Հնարավոր է պայքարել սեփական վախերի դեմ, եթե ունենք նպատակ»

Գիտեք, ես մարդ եմ, ով չի սիրում բողոքել ո՛չ կյանքից, ո՛չ տարբեր իրավիճակներից: Իհարկե, դժվարություններ եղել են, որոնք կան յուրաքանչյուրիս կյանքում, ես վստահ եմ: Բայց ոչ մի սարսափելի բան չկա դրանում, կարեւորը՝ քո մեջ ուժ գտնես հաղթահարելու համար: Իսկ իմ մեջ ուժը շատ է, ես այդպես եմ զգում: Ես երբեք ձեռքերս թափ չեմ տալիս, այլ առաջ եմ գնում` անկախ ամեն ինչից: Ուղղակի «ոչ» բառով ինձ հնարավոր չէ կանգնեցնել: Եթե, օրինակ, ինձ ասում են՝ այդտեղ չի կարելի, հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ չի կարելի: Եվ եթե չեմ գտնում բավարար պատասխան, ապա ինձ ոչինչ չի կանգնեցնի այնտեղ հասնելու համար: Եթե ես իմ առջեւ նպատակ եմ դնում, ուրեմն պիտի հասնեմ դրան: Ի՞նչ կարիք կա հիմա բողոքել, որ ժամանակին ինչ-որ խնդիրներ եմ ունեցել, գումար չեմ ունեցել, մետրոյով եմ երթեւեկել եւ այլն: Դրանք բաներ են, որ տեղի են ունենում բոլոր մարդկանց կյանքում: Դրանք մանրուքներ են: Գումար չի եղել, պարզապես խցկվել եմ մետրո, թաքնվել ոստիկաններից եւ արագ դուրս եկել՝ դասի գնալու համար: Դրանք լրիվ նորմալ իրավիճակներ են եւ բոլորովին դժվարություններ չեն: Դրանք նույնիսկ խնդիրներ չեն, մանրուքներ են:

Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը պարտավոր է քեզ մոտիվացնել: Պետք է քո մեջ ուժ գտնես՝ ինքդ քեզ մոտիվացնելու համար: Երբ դուք ընկնում եք, պետք չէ սպասել, որ որեւէ մեկը կգա ու կօգնի ձեզ ոտքի կանգնել: Դուք գոնե փորձեք ինքնուրույն ոտքի կանգնել: Մարդկանց երկու տեսակ կա. մեկն ընկնելու դեպքում ամեն կերպ ոտքի է կանգնում, եթե նույնիսկ կոտրել է ոտքը, իսկ մյուսը պարզապես վնասել է ոտքը եւ բոլորից օգնություն է կանչում կանգնելու համար: Ես մարդկանց առաջին տեսակին եմ պատկանում: Իհարկե, խորհուրդ եմ տալիս օգնել ուրիշներին, բայց օգնություն սպասել խորհուրդ չեմ տալիս... Պետք է նախեւառաջ ինքդ քեզ վրա հույս դնես: Դա է հաջողության հասնելու ճանապարհը: Իմ կարծիքով՝ հնարավոր է պայքարել սեփական վախերի դեմ, եթե ունենք նպատակ:

«Ես երջանիկ եմ, եւ վերջ»


Այո, ես երջանիկ մարդ եմ: Տեսնո՞ւմ եք, նույնիսկ չմտածեցի պատասխանելուց առաջ: Ինձ համար երջանկություն է, երբ ինձ շրջապատում են հարազատ մարդիկ, երբ նրանք առողջ են ու նրանց կյանքում ամեն ինչ կարգին է: Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ դաստիարակվել եմ լավ ընտանիքում, այնուհետեւ ինքս ինձ եմ դաստիարակել: Գուցե մեծամիտ հնչի, բայց ես ինձ բարի մարդ եմ համարում եւ ես դրանով հպարտ եմ: Ես զբաղվում եմ իմ սիրելի գործով, ես ապրում եմ դրանով: Ես երջանիկ եմ, եւ վերջ: Եվ բոլորիդ եմ մաղթում լինել երջանիկ:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին