×


Սեքսի կազմակերպում, երբ տանը երեխա կա

Պլանավորված, սպասված ու սիրված երեխան աննկարագրելի հրավառություն է տանը: Անխոս: Բայց հրավառությունը երեւույթի ամենագեղեցիկ հատվածն է: Մնացածը վակուումային, անվերջանալի թվացող շղթայի մեջ ձեր երկուսի՝ ձեր ու ամուսնու համար շփման, հաճույքի, իրարից բան հասկանալու փորձեր են: Երեխայի ծնվելուց հետո գլխիվայր փոխվում է տունը, կենցաղը, ապրելու ռիթմերը, դուք ամուսիններով, սեռական կյանքը: Փոխվելը դեռ լավ է ասված: Սկզբում այն անհետանում է: Սկզբում՝ ի նկատի ունեմ շաբաթներ, որոշ դեպքերում նույնիսկ ամիսներ շարունակ:

Նայած, թե ինչպիսին է հայրիկը

Եթե հայրիկն արտակարգ երեխասեր է ու ձեզ հավասար զբաղվում է երեխայով, ապա դուք երկուսով կմոռանաք, որ կար մի չքնաղ զբաղմունք «ս» տառով սկսվող, որը ձեզ անհուն հաճույք էր պարգեւում:

Եթե սովորական պատասխանատու հայրիկ է, ապա սեքսի գոյության մասին կմոռանաք միայն դուք, իսկ նա ուղղակի կմտնի ձեր դրության մեջ ու միգուցե չզզվեցնի: Լավագույն դեպքում իրավիճակից դուրս կգա պոռնոֆիլմերի միջոցով, վատագույն դեպքում սեքս կփնտրի դրսում: Ու մի րոպե անգամ չկասկածեք, որ կգտնի:

Եթե հայրիկը համաձայնել է հայրիկ դառնալ գլխավորապես ձեզ մայրիկ դարձնելու խնդրանքով, ուրեմն նրա «մուննաթն» ու արտամուսնական փնտրտուքները երաշխավորված են:

Ի՞նչ անել: Երեխայի հետ կապված ցնցումներից ուշքի գալ մի երկու ամսում, այնուհետեւ կայուն, արդյունավետ, էներգախնայող, բայց հագեցնող, ինքնաբուխ կամ մանրակրկիտ պլանավորված սեռական կյանք ապահովել ձեր ամուսնական զույգի համար: Ընդ որում, այս դեպքում գործի 80%-ը կնոջ նախաձեռնությունից է կախված: Այլընտրանք չկա: Երեխան կմեծանա, առօրյան կթեթեւանա, ձեր ննջասենյակը ձեզ կվերադառնա, իսկ դրսում հայթայթած սեքսը, տանը սեքսի բազմամսյա բացակայությունը, դրա հետեւանքով ձեր հարաբերությունների մեջ տհաճ նոտաներն իրենց ցեխոտ գործն արած ու ամեն ինչ փչացրած կլինեն: Չպետք է հասցնել դրան, բայց սկսենք սկզբից:

Ով որտեղ է քնում

Մանկաբույժների մեծ մասը խորհուրդ է տալիս երեխային կերակրել ու առանձին քնեցնել` առողջապահական ու հիգիենայի նկատառումներով, ավագ սերունդը կողմնակից է աբսուրդի ու ֆանտաստիկայի ժանրից եկած «ծոցին չսովորեցնելու» տարբերակին: Հոգեբանների մի մասը պնդում է, որ կնոջ հոգեկանի խաղաղության համար արժե ծնված օրից առանձին քնեցնել երեխային, ապահովել ամուսնու հետ մերձեցումը: Մյուս մասը պնդում է, որ մայրական բնազդը գերակտիվ է հատկապես մինչեւ 1,5 տարեկանը, ու հանգիստ, ապահով հոգեկանի համար երեխան պետք է մոր կրծքին մոտ լինի: Այս բազմավեկտոր ուղղորդումները քաոսի են նման: Որի՞ն հետեւել:

Առաջարկում եմ այս ամենի միջից առանց խուճապի վերցնել կարեւոր խորհուրդներն ու համադրել «բնական ծնողության» հետ (natural parenting): Ի՞նչն է խանգարում մինչեւ երեխայի 6 ամսականը հայրիկից առանձին սավանով հատված պատրաստել ընդհանուր մահճակալին, հանգիստ քնել ողջ գիշեր՝ պահպանելով ե՛ւ երեխայի հանգստությունը, ե՛ւ ամուսնու հետ միասնության զգացողությունը, ե՛ւ հիգիենայի կանոնները: Եթե դուք ուշադիր եք, ամեն օր սավան եք փոխում, երեխային չեք դնում հայրիկի, օրինակ, ոտնաթաթերի հատվածում, ու մերկ սեռօրգաններով սեքսով չեք զբաղվում ընդհանուր մահճակալին, ի՞նչ կարիք կա առաջին վեց ամիսը երեխային առանձին մահճակալում դնել ու ողջ գիշեր ինքնաբռնաբարամբ զբաղվել՝ վեր կենալով, կերակրելով, նրան իր տեղը դնելով ու սեփական անկողին պառկելով: Եվ այդպես երկու ժամը մեկ:

Վեց ամսականից հետո կարելի է փորձել առանձին մահճակալում քնեցնել փոքրիկին, բայց վստահեցնում եմ՝ մինչեւ 1 տարեկանը դա այդքան էլ իրատեսական չէ, հատկապես, եթե «կկ» եք (կրծքով կերակրող), ու երեխան ծծակ չի օգտագործում:

1,5-ից պետք է որ ստացվի առանձնացումը` լուսադեմին, միեւնույնն է, ձեզ մոտ տեղափոխվելու պայմանով: 4 տարեկանն, ըստ հոգեբանների, ամենաճիշտ ժամանակն է երեխային առանձին սենյակ տեղափոխելու համար, քանզի նա ունի ձեւավորված «ես», որոշակի ինքնուրույնություն ու կամք արտահայտելու ցանկություն՝ ըստ սեռահոգեբանական զարգացման:

Որտե՞ղ սեքսով զբաղվել

*Եթե երեխան դեռ շարժուն չէ եւ ձեր մահճակալին է:
Բնականաբար ու անքննարկելիորեն չի կարելի սեքսն այդ մահճակալին իրականացնել: Որոշ մասնագետներ կարծում են, որ մինչեւ 6 ամսականը սա թույլատրելի է, քանզի երեխան չի կարողանում տեղաշարժվել, ու եթե զարթնի էլ, ոչինչ չի հասկանա: Կարծում եմ, նրանք պարզապես շատ լավատես են: Ճոճվող մահճակալի տատանումներից փոքրիկն, ամենայն հավանականությամբ, կզարթնի: Էլ չասած, որ սեքսի ընթացքում հնարավոր չէ բացարձակ առանց ծպտունի ու գոնե հոգոցների ֆրիկցիաներ իրականացնել: Իսկ եթե որեւէ՝ թեկուզ ամենաանմեղ դիրքի ընթացքում ձեզնից մեկը կորցնի հավասարակշռությունն ու բառացիորեն շո՞ւռ գա քնած երեխայի վրա կամ հրի գցի՞ մահճակալից: Արժե նաեւ մտածել ձեր երկուսի սեռօրգանների միկրոֆլորաների ու նորածին երեխայի անհամատեղելիության կամ, օրինակ, հնարավոր սեռավարակների ու սնկային երեւույթների մասին, որոնք կարող են «քսմսվել» անկողնուն ու երեխային հասանելի հատվածին:

Եզրահանգում. մի՛ ալարեք, սեքսից առաջ մինչեւ 6 ամսական երեխային տեղափոխեք իր մահճակալ, սեքսը տեղափոխեք հատակին, անցեք ուղղահայաց դիրքի կամ, ավելի լավ է, այլ սենյակ: Գիտեմ, հիմա ասելու եք՝ ծնողների հետ եք ապրում. տեղափոխվեք սանհանգույց, դուռը փակեք ու զբաղվեք 3 րոպեանոց, բայց խիտ սեքսով:

*Եթե երեխան շարժուն է: Եկեք լավատես լինենք ու ենթադրենք, որ շարժուն, շուռումուռ եկող երեխայի դեպքում ոչ մի զույգի մտքով չի անցնի սեքսի ընթացքում երեխային թողնել նույն անկողնում: Հոգեբանները պնդում են, որ առանձին մահճակալին պառկած ու նույնիսկ ամենախոր քուն մտած երեխայի ներկայությամբ չի կարելի սեքսով զբաղվել: Դուք երբեք չեք կարող կանխագուշակել, թե որ պահին նա կզարթնի ու ինչ կադր կֆիքսի: Հատկապես, որ սեքսից գաղափար չունեցող երեխայի համար սեքսով զբաղվող մարդկանց դեմքերը տարօրինակ են, ձայները տանջահար կարող են թվալ, իսկ շարժումները՝ ագրեսիվ ու անհանգիստ: Հոգեբանները զգուշացնում են` փոքրիկի տեսադաշտում երբեք, ոչ մի դեպքում ու ոչ մի անգամ չպետք է հայտնվի մեծահասակների սեռական կյանքը, դա կարող է ամենաանկանխատեսելի խնդիրների բերել ամենաանսպասելի տարիքում ու իրավիճակներում:

Եզրահանգում. Անցեք այլ սենյակ, այլընտրանք գրեթե չկա: Այդ դժվար կազմակերպելի շրջանը կանցնի կգնա, բայց երեխայի նուրբ լսողությունն ու տեսողությունը ապահովագրված կինեն սեքսի տեսարաններից:

*Եթե երեխան քայլող է: Իրավիճակը գրեթե նույնն է, ինչ շարժունի դեպքում՝ բարդացված այն փաստով, որ երեխան կարող է աննկատ զարթնել, քայլելով հասնել ձեր մահճակալին եւ վկա դառնալ անհասկանալի ու շատ տպավորիչ տեսարանի: Եվս մեկ անգամ կրկնենք` հոգեբանները հորդորում են ոչ մի դեպքում սեքսով չզբաղվել երեխայի հետ նույն սենյակում, նույնիսկ եթե նա, ըստ ձեզ, խոր քնած է:

Եզրահանգում. Ձեր սեռական կյանքը, անխոս, շատ կարեւոր է, բայց այն պետք է այլ վայրում կազմակերպվի, ընդ որում, քայլող երեխայի դեպքում՝ ներսից փականով փակվող սենյակում: Շատ կարեւոր է, որ երեխան չկարողանա սողոսկել այնտեղ, որտեղ սեքսն է ընթանում, ինչպես նաեւ ձայներ չլսի դռան հետեւից: Վերջինս հեշտ է ապահովել` ցածր երաժշտություն միացնելով, որպեսզի հոգոցներն ու ծանր շնչառությունը երաժշտության ֆոնին նվազագույնի հասցվեն: 

*Եթե երեխան առանձին ննջասենյակում է: Շնորհավորում եմ, դուք բարեհաջող հաղթահարել եք «երեխա եւ սեռական կյանք» անհամատեղելի զուգակցման «վիշապի փուլը»: Այժմ ամեն ինչ շատ ավելի հեշտ է, անհրաժեշտ է սեքսից առաջ չանջատել գիտակցությունը, պարզապես ներսից փականով փակել դուռն ու ցածր ֆոնային երաժշտություն միացնել: Այդպես եթե նույնիսկ փոքրիկը վատ երազ տեսնի, փորձի դուռը բացել ու ձեր սենյակ մտնել, նա չի լսի տարօրինակ ձայներ, դուք կհասցնեք հագնվել ու կարգի բերել ձեզ:

Եզրահանգում. Եթե նույնիսկ մոռացել եք փակել ու երեխան ներս է եկել՝ փաստի առաջ կանգնեցնելով ձեզ ու հարցերի տարափ տեղալով, շատ կարեւոր է անկեղծորեն հանգստություն պահպանել, չփոխել դեմքի անվրդով արտահայտությունը, մեղմորեն բացատրել, որ մայրիկն ու հայրիկը երեխաներին չհետաքրրքող, իրենց անձնական գործերով էին զբաղված, որ անհանգստանալու ոչինչ չկա, ոչ ոք ոչ ոքի չի նեղացնում ու ցավեցնում: Պետք է ուղեկցել երեխային իր սենյակ, մի քանի րոպե մնալ հետը, գլուխը շոյել, ցածրաձայն զրուցել, համոզել, որ քնի: Նոր միայն դուրս գալ:

Վերջում ներկայացնեմ ծնողների շրջանում անցկացված հարցան արդյունքները: Մասնակցել է 1476 անձ: Պարզվում է հետեւյալը.

*Մինչեւ 1,5 տարեկան երեխաների 30%-ը քնում է ծնողների հետ նույն անկողնում, իսկ 70%-ը՝ առանձին մահճակալին:

*1,5-3 տարեկան երեխաների 23%-ը  քնում է ծնողների հետ նույն անկողնում, 57%-ը՝ նույն սենյակում՝ առանձին մահճակալին, 20%-ը՝ առանձին սենյակում:

*3-6 տարեկան երեխաների 11%-ը քնում է ծնողների հետ նույն անկողնում, 35%-ը՝ նույն սենյակում՝ առանձին մահճակալին, 54%-ը՝ առանձին սենյակում:

*Հարցվածների 48%-ը նշում է, որ սեքսը կազմակերպում է քնած երեխայի ներկայությամբ «գրեթե միշտ», 34%-ն անում է դա «երբեմն», իսկ 18%-ը «երբեք» սեքսով չի զբաղվում քնած երեխայի մոտ:

Դե ինչ, մնում է հոտնկայս ծափահարել այս 18%-ին, իսկ մնացածին եւս մեկ անգամ հորդորել սեքսով չզբաղվել քնած երեխայի մոտ կամ ննջասենյակի բաց դռան պայմաններում:

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին