×


Սեքսն ու էրոտիկան ինտելեկտուալ ֆիլմերում

BRAVO.am-ի «Սեքս &» բաժնի սյունակագիր Լուսի Քոչարյանն առանձնացրել է էրոտիկ տեսարաններով ինտելեկտուալ ֆիլմերի, իր կարծիքով, լավագույն եռյակը եւ ներկայացրել սեփական տպավորությունները:

Կադր` «Պերսոնա» ֆիլմից


«Պերսոնա» (Persona)

Ռեժիսորի մասին. Ինգմար Բերգման (1918-2007)` թատրոնի եւ կինոյի շվեդ հանճարեղ ռեժիսոր, սցենարիստ, գրող: Նրա ստեղծագործությունների հիմնական թեմաներն են կրոնի, ավանդական ընտանիքի, անհատի ճգնաժամերը, մարդկանց միջեւ իրական կապերի փնտրտուքը: Շեշտադրումները դեմքերի խոշոր պլաններն են, որոնք փոխանցում են բարդ հույզերի երանգները: Բերգմանը հայտնի է նրանով, որ ունեցել է «սեփական» դերասաններին, բազմիցս նկարել նրանց: Մահացել է հռչակավոր մեկ այլ ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի հետ նույն օրը՝ 2007-ի հուլիսի 30-ին: 

Ֆիլմի մասին. Տարին՝ 1966թ., տեւողությունը՝ 85 րոպե: Էքզիստենցիալ դրամա է, որում ծավալվում է հոգեբանական ամենակարեւոր խնդիրներից մեկը՝ «Ես միայնակ եմ, կյանքն ու գոյատեւումն անիմաստ են» խորագրով: Հայտնի դերասանուհի Ֆոլգերը մի օր հենց ներկայացման ժամանակ լռում է, դադարում խոսել որեւէ մեկի հետ: Բուժզննումը ցույց է տալիս, որ նա հոգեպես առողջ է: Որոշվում է, որ բուժքույր Ալման պետք է խնամի դերասանուհուն, ու նրանք երկուսով ծով են գնում: Այստեղ սկսվում են լուռ ու էմոցիոնալ մենախոսությունները, որոնք շերտ առ շերտ բացահայտում են երկու կանանց ներաշխարհները:

«Պերսոնա»-ն դիտողի հետ ակտիվ համագործակցություն է ենթադրում` խորքային իմաստներ դուրս բերելու համար: Անտիկ թատրոնում պերսոնան տերմին է. այն նշանակում է դիմակ, որի բերանի բացվածքից դերասանն արտաբերում է իր խոսքը: Իրականում «Պերսոնա»-ն Բերգմանի դիմակն է, տեսախցիկն էլ` բերանի բացվածքը, որի միջոցով պատմում է իր մասին: Դիմակը չի կարող խոսել, խոսում է հոգին:

Սեփական տպավորություններ. Այս գլուխգործոցը հնարավոր չէ դիտել առանց նախատրամադրվածության կամ հենց այնպես: Այն համբերություն ու ուշադրություն է պահանջում: Այստեղ բոլոր պատահական թվացող կադրերը` սկսած վախվորած սարդից եւ արնաքամ լինող գառնուկից մինչեւ ակնոցով երեխան, ով հետաքրքրությամբ շոշափում է կանանց դեմքերը, շերտավոր իմաստներ ու խորհրդանիշեր են պարունակում: Ֆիլմը սեւ ու սպիտակ է, բայց օպերատորական աշխատանքն այնքան փառահեղ է, պլաններն` այնքան ճիշտ ու թատերական, որ երկխոսությունները լցվում են ամենախոր գույներով: Եվ այս ամենի ֆոնին նրբագույն միմիկաներով ու շարժումներով մատուցվում է անկրկնելի, գեղեցիկ սեքսուալությունը՝ պարանոցներ, հիպնոսացնող շուրթեր, ծովափ եւ լողազգեստներ, զրույցներ խմբակային սեքսի մասին, որոնց հնչողությունից նույնիսկ ֆրիկցիաներն են պատկերվում: Կերպարների բարձրաճաշակ, էլեգանտ ոճ: Ֆիլմի ընթացքում անընդհատ ցանկություն է առաջանում կադրերը նորից ու նորից դիտել:

Ֆրազ ֆիլմից. «Ինքնասպա՞ն լինել: Ո՛չ, դա չափազանց գռեհիկ է: Բարեկիրթ մարդիկ այդպես չեն անում»:

Կադր` «Զաբրիսկի Փոյնթ» ֆիլմից


«Զաբրիսկի Փոյնթ» (Zabriskie Point)

Ռեժիսորի մասին. Միքելանջելո Անտոնիոնի (1912-2007)` իտալացի հռչակավոր կինոռեժիսոր եւ սցենարիստ, եվրոպական հեղինակային կինոյի դասականներից: Նրան անվանում են «օտարման ու ինքնապարփակման պոետ»: Անտոնիոնիի ուշադրության կենտրոնում են մարդկանց էքզիստենցիալ խնդիրները փիլիսոփայական տեսանկյունից՝  հոգեկան մահ, հուզական սպառում, մարդկանց միայնակություն:

Ֆիլմի մասին. Տարին՝ 1970 թ., տեւողությունը՝ 112 րոպե: Բովանդակությունը բավական պարզ է թվում առաջին հայացքից: Այն ընդամենը մեկ օրվա պատմություն է: 20-ամյա Մարկն ու Դարյան տարբեր իրավիճակներից ու խնդիրներից պատահաբար գալիս հասնում են Մահվան հովիտ ու ծանոթանում: Աղջնակը քարտուղարուհի է, ով աշխատում է իր տնօրենի նախագծի վրա  Ֆենիքսում, իսկ տղան՝ նախկին ուսանող, ով թանկարժեք ինքնաթիռ է գողացել: Նրանք զբոսնում ու զրուցում են անկենդան անապատում, փիլիսոփայում կյանքի իմաստի մասին ու սիրով զբաղվում: Ալեգորիկ ձեւով նրանց հետ օրգիա է կազմակերպում ժամանակակից ողջ երիտասարդությունը: Այս սեքս-դրվագի համար Անտոնիոնիի վրա հարձակումներ շատ եղան: Բայց սա անմեղ համբույր է հիշեցնում՝ համեմատած ներկայի փառատոնային ֆիլմերի սեքս-տեսարանների հետ:

Ֆիլմը նկարահանված է ԱՄՆ-ում: Անտոնիոնիի ամենաքաղաքականացված գործերից է, որտեղ ցուցադրվում է ուսանողական բողոքական ալիքները բուրժուական կյանքի եւ օրինակարգերի նկատմամբ: Ռեժիսորն առաջիններից էր, որ ֆիլմում «Փինք Ֆլոյդ»-ի երաժշտությունն օգտագործեց:

Սեփական տպավորություններ.
Ռետրո էսթետիկան ամենուր է՝ առաջադեմ ապստամբ ուսանողություն, ամենադասական գլամուրային մեծահարուստ խավ, վերջին տեխնոլոգիաներով զինված գրասենյակներ, ու այս ամենը 60-70-ականների ոճաբանությամբ: Փայլուն դիմակներ հագած տնօրենների ու միլիոնավոր դոլարների ֆոնին պտտվում են պարզ շապիկով, ապոլոնյան գեղեցկությամբ Մարկն ու հիփփիական երկար վարսերով, հետույքը հազիվ ծածկող վերնաշապիկով, շքեղ կազմվածքով ու նյուդ դիմահարդարմամբ Դարյան: Մահվան Հովտում սյուրռեալիաստական օրգիայի տեսարանն իսկական քանդակային կոմպոզիցիա է հիշեցնում՝ քանդակված ռեժիսորի կողմից: Հնարավոր չէ գտնել մի գրամ վուլգարություն: Նայում ես ու աչքերիդ չես հավատում, որ տասնյակ բացարձակ մերկ գալարվող մարմիններից կարելի է ստանալ ոչ թե անռիթմ պոռնոգրաֆիա, այլ շարժվող գեղանկարչություն: Ֆիլմը հասկացնում է, թե ինչպես կարող է ազատատենչ երիտասարդներին կուլ տալ մարդկային քաղաքը, եւ ինչպես կարող է բնական սեր հորդել բացարձակ մեռյալ անապատում: Ֆլոյդի հոգեմետ երաժշտությունը դեռ երբեք այդքան ներդաշնակ չի զարդարել որեւէ բան, քան այս ֆիլմի կսկիծ առաջացնող ավարտը:

Ֆրազ ֆիլմից. «-Կյանքում գալիս է մի պահ, երբ պետք է որոշել, թե դու ում կողմից ես:
-Բայց կողմերը հազարավոր են, այլ ոչ միայն լավն ու վատը»:

Կադր` «Սալո կամ Սոդոմի 120 օրերը» ֆիլմից


«Սալո կամ Սոդոմի 120 օրերը» (Salo o le 120 giornate di Sodoma)

Ռեժիսորի մասին. Պիեռ Պաոլո Պազոլինի (1922-1975)` իտալացի կինոռեժիսոր, պոետ եւ արձակագիր: Ըստ քաղաքական հայացքների՝ մարքսիստ եւ կոմունիստ: Դա իր կնիքն է թողել նրա բոլոր կինեմատոգրաֆիական աշխատանքներում: Նա ամենահակաբուրժուական դիրքորոշումներով անդրադարձել է քաղաքական, կրոնական եւ միջանձնային խնդիրներին: Պազոլինիի ֆիլմերը շոկի են ենթարկում դասական միֆերի ինքնատիպ մեկնաբանությամբ ու «մարքսիզմ-քրիստոնեություն-մարդկային սեքսուալություն» համադությամբ:

Ֆիլմի մասին.
Տարին՝ 1975 թ., տեւողությունը՝ 116 րոպե: Ֆիլմը մարքիզ դը Սադի վեպի էկրանավորումն է՝ տեղափոխված 1944-45թթ., ֆաշիստական Սալոյի Հանրապետություն` Իտալիայի հյուսիսում: Բարձր հասարակության մի խումբ անձանց ու արքայազնի կողմից գերեվարվում են մի խումբ պատանի աղջիկներ ու տղաներ եւ ստորացվում, տանջահարվում, անարգվում 4 ամիս շարունակ: Մեծահասակների համար սա մի վերջին հնարավորություն է հագուրդ տալ ամենաայլասերված ու դաժան սեքսուալ ցանկություններին, իսկ երիտասարդների համար՝  կենդանի մնալու տարբերակ: 

Ֆիլմը սարսափելի քննադատության արժանացավ, արգելվեց եվրոպական մի քանի երկրում: Ռեժիսորին մեղադրեցին անառակություն  ու այլասերություն տարածելու մեջ, իսկ ֆիլմի թողարկումից քիչ անց նրան սպանված գտան: «Սալո»-ն 100%-ով արդարացնում է իր համբավը՝ որպես ցնցող, դաժան ու հակասական հույզեր առաջացնող ֆիլմ: Շատերը պնդում են, որ նման բաներ չի կարելի ոչ տեսնել, ոչ ցուցադրել, ոմանք էլ՝ որ սա իրական գլուխգործոց է: Բայց փաստն այն է, որ անտարբեր հնարավոր չէ մնալ:
Սեփական տպավորություններ. Այս ֆիլմն արժե նայել հենց միայն հետաքրքրությունից, քանզի այն անգերազանցելի է իր տեսակի մեջ: Նայելուց առաջ պետք է մարզել նյարդերը: Երեւալու են թե՛ գեղեցիկ մարմիններ, թե՛ մեխեր ու կալ ուտելու տեսարաններ եւ բռնի հոմոսեքսուալություն, հնարավոր է նաեւ անելանելիության զգացողություն դիտողի մոտ: Տեսածը հնարավոր չէ լուրջ ընդունել, պետք է միշտ հիշել, որ սա թատրոն է, ֆանտասմագորիա, իսկ կալն ընդամենը շոկոլադ է: Շշմեցնում է նաեւ կոլորիտային կոնտրաստը. սկզբում տեսնում ենք արիստոկրատիա, կրոն, ֆինանսներ ու օրենքներ, որոնք պայմանագիր են կնքում միմյանց հետ: Իսկ հետո տեսնում ենք այլ մարդկանց խոշտանգումն ու նրանց պատասխան գործողությունները կամ անգործությունը: Այս ֆիլմը փոխաբերությունների կոկտեյլ է, որը շատ ավելին է, քան գեղարվեստական պոռնոգրաֆիան, ինչում մեղադրում էին հանճարեղ Պազոլինիին:

Ֆրազ ֆիլմից. «Միայն այլ մարդկանց ստորացնելու միջոցով եմ հասկանում, որ ավելի լավ է լինել իմ տեղում, քան նրանց: Եթե մարդիկ հավասար են ու չկա տարբերություն շերտերի միջեւ, երջանկություն չի կարող լինել… Ոչ մի այլ հաճույք չի կարող համեմատվել սոցիալական առավելությունների հետ»:

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին