×


Սիլվայի հուզմունքը, Անահիտի ափսոսանքն ու Գուրգենի կռիվները :)

Այսօր Հայաստանի դպրոցներում հնչել է «Վերջին զանգը»: Տոնի առթիվ BRAVO.am-ը զրուցել է նախկին շրջանավարտներ Անահիտ Սիմոնյանի, Մանո Գրիգորյանի, Սիլվա Հակոբյանի, Անդրանիկ Հարությունյանի եւ Գուրգեն Դաբաղյանի հետ, որոնք կիսվել են իրենց հուշերով:

Սիլվա Հակոբյանը` դասղեկի հետ


Սիլվա Հակոբյան.«Շատ խելոք աշակերտ եմ եղել»

Սիլվա Հակոբյանի «Վերջին զանգը» հնչել է 2005 թվականին: Երգչուհին չի մոռանում դպրոցական կյանքը, դասընկերներին եւ ուսուցիչներին.«Ամեն տարի այս օրը հուզմունքով եմ հիշում իմ դպրոցական օրերը, վերջին դասն ու զանգը: Հավաքվել էինք դասարանում, դասղեկս խորհուրդներ էր տալիս, մենք էլ հուզմունքից արտասվում էինք»: Նրա խոսքով` ավարտական միջոցառմանը մասնակցել է քրոջ` Մանեի հեղինակած զգեստով:

 «Դպրոցում շատ խելոք եմ եղել. մշտապես պատրաստված էի ներկայանում դասերին, ակտիվ մասնակցություն ունեի միջոցառումներին: Չեմ թաքցնի՝ մի քանի անգամ դասից փախչել եմ:)»,-հիշել է նա:

Սիլվայի վստահեցմամբ`  այսօր էլ երբեմն հանդիպում է դասընկերուհիների եւ ուսուցիչների հետ.«Շատ կուզեմ բոլորով հավաքվենք եւ հիշենք հին ու բարի ժամանակները»:

Անդրանիկ Հարությունյանը` կնոջ եւ դստեր հետ


Անդրանիկ Հարությունյան. «Չգիտես` ինչու, բոլորն ինձ սիրում էին»


Անդրանիկ Հարությունյանից տեղեկացանք, որ հաճախ է լինում Երեւանի թիվ 185 դպրոցում.«Շատ-շատ եմ սիրում իմ դպրոցն ու դասղեկիս, եւ եթե ամեն շաբաթ չէ, ապա երկու շաբաթը մեկ այցելում եմ նրան եւ մյուս ուսուցիչներիս: Ամեն անգամ կարոտով եմ հիշում դպրոցական տարիներս»:

Դերասան-հումորիստի փոխանցմամբ` ուսուցիչներն էլ իրեն են շատ սիրել.«Շատ վատ էի սովորում, վարքով էլ չեմ փայլել, բայց, չգիտես` ինչու, բոլորն ինձ սիրում էին: Ամեն քառորդի վերջում հարցնում էին` ինչ գնահատական եմ ուզում, եւ ինչ ասում էի, այն էլ դնում էին:)»

Անդոյից տեղեկացանք, որ իր դասարանի «Վերջին զանգի» սցենարն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է գրել` Արման Սահակյանը, որը նույնպես այդ դպրոցի շրջանավարտ է եղել.«Այդ օրը ես գլխավոր դերում էի. իմ առաջին դերն էր: Մինչ օրս Արմանն ասում է, թե ինքն ինձ դերասան դարձրեց:)»:

Մանո Գրիգորյանը


Մանո Գրիգորյան.«Դասերից շատ եմ բացակայել»


Մանո Գրիգորյանն ավարտել է Երեւանի թիվ 195 միջնակարգ դպրոցը: Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ հանգիստ, զուսպ եւ օրինակելի աշակերտուհի է եղել, հանդեսների ժամանակ էլ երգել է, պարել ու արտասանել. «Չեմ կարող ասել, որ բացարձակ գերազանցիկ եմ եղել, բայց վատ էլ չեմ սովորել. հիմնականում 4-5 եմ ստացել: Դասերից շատ եմ բացակայել. դպրոցին զուգահեռ պարի էի հաճախում»: Խոսելով «Վերջին զանգից»` նա ասել է, որ այդ օրվա հետ կապված անմոռանալի հուշեր չունի:

Անահիտ Սիմոնյան. «Ամեն տարի այս օրը տխրում եմ»

Սուրգուտի թիվ 1 դպրոցն ավարտած Անահիտ Սիմոնյանն ափսոսանքով տեղեկացրեց, որ իր «Վերջին զանգին» ներկա չի եղել. «Ամեն տարի այս օրը տխրում եմ: 10 տարի սովորեցի դպրոցում, եւ երբ դասերն ավարտվեցին, ստիպված եղանք  տեղափոխվել Երեւան` չսպասելով «Վերջին զանգին»»:

Անահիտ Սիմոնյանը


Երգչուհին նշել է, որ աշխատասեր եւ նպատակասլաց աշակերտուհի է եղել.«Մասնակցել եմ գրեթե բոլոր օլիմպիադաներին: Ամբողջ գիշեր չքնելով` պարապում էի, նաեւ ձեռքի աշխատանքներ էի պատրաստում ու ներկայացնում: Մինչեւ 7-րդ դասարան գերազանցիկ եմ եղել: Հումանիտար առարկաներն էի շատ սիրում: Ֆիզկուլտուրայի դասերն էլ շատ հետաքրքիր էին անցնում. այնքան ձյուն էր գալիս, որ դասի ժամանակ դահուկով սահում էինք:)»:

Գուրգեն Դաբաղյան. «Չեմ զղջում, որ այդպիսին եմ եղել»

Ժողովրդական երգերի կատարող Գուրգեն Դաբաղյանն ավարտել է Երեւանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցը: Հիշելով դպրոցական տարիները` երգիչն ասել է, որ շատ չար ու կռվարար է եղել.«Դասընկերներով դասից փախչում էինք, ֆուտբոլ խաղում, վազվզում, կռիվ անում: Օրագրումս վարքից մի շարք 2-ներ ունեի: Չեմ զղջում, որ այդպիսին եմ եղել. եթե նորից դպրոց գնայի, դարձյալ աշխույժ կլինեի»:

Ավարտական երեկոյին նա ակտիվ մասնակցություն է ունեցել, բայց չի երգել.«Այդ ժամանակ ձայնափոխության շրջանում էի, չեմ երգել, բայց արտասանել եմ:)»:

Գուրգենից տեղեկացանք, որ մինչ օրս կապը պահում է դասընկերների եւ ուսուցիչների հետ.«Ոմանց հետ հաճախ եմ հանդիպում, շփվում, բայց կան դասընկերներ, որոնց ավարտական երեկոյից հետո չեմ տեսել: Շատ մտերիմ եմ առաջին ուսուցչուհուս հետ»:

BRAVO.am
Լուսանկարները` Տատա Իսկանդարյանի, Վիգեն Մնոյանի, 
Kid’s Fashion-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին