×


Սիմոն Հովհաննիսյան. Խոչընդոտների հաղթահարումը երաժշտության ճանապարհով

Կոմպոզիտոր, պատմաբան Սիմոն Հովհաննիսյանի մեծ լավատեսությունը կյանքի նկատմամբ օգնել են պայքարել եւ հաջողությունների հասնել: Նա աշխույժ երեխա է եղել, միշտ բոլորի ուշադրության կենտրոնում, գերդաստանի թոռների մեջ կրտսերն ու թերեւս ամենասիրվածը: 5 տարեկանում Սիմոնը կարմրուկ հիվանդության հետեւանքով կորցրեց տեսողությունը: Ընդունվելով չտեսնող երեխաների հանրակրթական դպրոց եւ տիրապետելով բրայլյան համակարգին` նա սկսեց բանաստեղծություններ գրել, որոնցից մի քանիսը տպագրվեցին մանկական թերթերում:

Սիմոն Հովհաննիսյանը


Բացահայտվեցին նաեւ ապագա մաեստրոյի երաժշտական տվյալները: Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ դաշնամուր նվագելը զուտ մանկական խաղ կամ զբաղմունք չէր: Հորեղբոր տղաներից Ռուբենը, որը ջութակ նվագել էր սովորում, նկատեց, որ Սիմոնն ունի բացարձակ լսողություն. նա կարողանում էր անսխալ ու հստակ տարբերակել նոտաները, նվագել հանրածանոթ երգերի մեղեդիները:

Տասներկու տարեկան Սիմոնի կոմպոզիտորական առաջին փորձերը դրսեւորվեցին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, որտեղ նրան ընդունեցին միանգամից 2-րդ դասարան: Հանրակրթական դպրոցը ոսկե մեդալով, իսկ երաժշտական դպրոցը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո ուսումնառության երկրորդ փուլը եղավ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետում:

Հիմնվելով կոմիտասյան գրառումների վրա` նա ստեղծեց մեղեդիներ, գրի առավ երգեր հայտնի հեղինակների բանաստեղծությունների հիման վրա: Ուսանող-կոմպոզիտորը ոգեշնչվել է արտաքին աշխարհի տարբեր իրողություններով: Այդ զգայական խոր ապրումներն արտացոլվել են նրա ստեղծագործություններում:

‹‹Մարդը տարիքի հետ ավելի խոհեմ, կշռադատված է դառնում, իսկ երիտասարդ ժամանակվա ստեղծագործություններն ավելի ուրախ, ավելի ջերմ տրամադրություններ են հաղորդում››,- անկեղծանում է կոմպոզիտորը:

Սիմոն Հովհաննիսյանը


Բացի ուսումնառությունը, նրան հետաքրքրել են համալսարանում հաճախ կազմակերպվող գրական-երաժշտական երեկոները, ուսանողական-ընկերական հավաքները: Այդպիսի միջոցառումներից մեկի ժամանակ էլ ծանոթացան մաեստրոն ու նրա ապագա կինը` Մարիաննան: ‹‹Մարիաննան մեծ հոգատարությամբ է վերաբերվում ամուսնուն: Չնայած, որ ամուսինը չի տեսնում, ամեն անգամ ստիպում է նրան, որ ասի, թե ինչքան գեղեցիկ է ինքը››,- ժպիտով պատմում է Սիմոն Հովհաննիսյանի ընկերներից Լուսինե Հայրապետյանը:  

1990 թվականին Սիմոն Հովհաննիսյանն արժանանում է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Հասարակական գործչի` իր գործունեության ամենակարեւոր նախաձեռնություններից մեկն էլ Հայաստանի կույրերի միության երգչախմբի եւ ժողովրդական գործիքների անսամբլի հիմնադրումն ու ղեկավարումն է, որին այժմ պետական ֆինանսական օժանդակություն չի հատկացվում, միայն համերգային շրջագայություններից ստացվող շահույթ ունեն, բայց Սիմոն Հովհաննիսյանը լավատեսորեն է վերաբերվում այս հարցին, չի դժգոհում, միության անդամները շարունակում են աշխատել նույնիսկ ցածր աշխատավարձերով:

75-ամյա մաեստրոն մեծ ոգեւորությամբ է խոսում իր ընկերական շրջապատի, շփումների մասին: Ընկերներից կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը մի առիթով ասել է. ‹‹Սիմոն Հովհաննիսյանին բնորոշ է սուր ռեակցիան, նա անմիջականորեն ու սրամտորեն արձագանքում է արտաքին աշխարհի երեւույթներին՝ իր դիպուկ կատակներով ու չափի ընկալմամբ: Այդ ամենը մենք տեսնում ենք նրա ստեղծագործություններում: Իսկական ստեղծագործողին հեշտ չէ ասել իր խոսքը արվեստում, բայց այն առկա է Ս. Հովհաննիսյանի երաժշտության մեջ: Ես Սիմոն Հովհաննիսյանին համարում եմ ազգային դեմք››:

Տեքստը` Նելլի Թադեւոսյանի
Լուսանկարները` Սիմոն Հովհաննիսյանի անձնական արխիվից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին