×


Սիրահարների տոնը Փարիզում

Վալենտինյան տրամադրությունը սավառնում է փարիզյան օդում` առաջարկելով բոլոր սիրահար զույգերին միջոցառումներով լի մի մեծ ծրագիր: Եթե փետրվարի 14-ին, գեղեցիկ ճակատագրի բերումով, դուք երբեւէ հայտնվեք սիրո մայրաքաղաքում, ուրեմն առաջ դեպի զբոսանք հինավուրց Մառե թաղամասում, Սենայի ափերին, գինի ըմպելու հազարավոր հմայիչ սրճարաններում եւ համտեսելու փարիզյան համեղ խոհանոցի ճաշատեսակներից մեկը:

Ռոդենի թանգարանը վերաբացվել է


Չմոռանաք այցելել Շոկոլադի թանգարանը, որտեղ կարելի է ինքնուրույն պատրաստել ձեր սիրելիի համար որեւէ քաղցր անակնկալ: Իսկ եթե, այս ամենին գումարած, դուք նաեւ արվեստի սիրահար եք, ուրեմն ձեր նպատակակետը միանգամայն պետք է լինի վերաբացված Ռոդենի թանգարանը: 1919 թվականից Բիրոնի պալատում տեղակայված այս յուրահատուկ թանգարանում են պահվում Օգյուստ Ռոդենի եւ Կամիլ Կլոդելի քանդակները, նաեւ Ռոդենի անձնական հավաքածուի նմուշները, այդ թվում՝ Վան Գոգի կտավները:

Ռոդենի թանգարանը վերաբացվել է


Փարիզի սրտում գտնվող այս մոգական վայրը փետրվարի 14-ին առաջարկում է զբոսանք թանգարանի այգում, զրույց ռոդենական թերեւս ամենահայտնի աշխատանքների շուրջ («Մտածողը», «Կալե քաղաքի բնակիչները», «Դժոխքի դարպասները»), պոեզիայի ընթերցանություն «Համբույր» քանդակի շուրջ, ու այս ամենը համեմված դասական երաժշտությամբ եւ Ռոդեն-Կամիլ Կլոդել սիրո պատմության հետաքրքիր դետալներով:

Փարիզը


Այցելություն, որը միգուցե ձեզ կհիշեցնի նաեւ, որ յուրաքանչյուր երազանք հնարավոր է իրականացնել, չէ՞ որ նույնիսկ աշխարհահռչակ քանդակագործ Ռոդենի արվեստի դպրոց ընդունվելու դիմումները երեք անգամ մերժվել են, եւ ճանապարհը դեպի հաջողություն եղել է խրթին ու երկար:

Այնպես որ, մի վախեցեք երազել եւ սիրել, չէ՞ որ շուտով գարուն է:

Պատրաստեց Լիլիթ Սոխակյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին